Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁԱՆԻՑ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ»

Փետրվար 19,2007 00:00

\"\"Այսպես է գնահատում ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Կոնստանտին Ղարագյոզյանը՝ նույն ինստիտուտի տնօրենի վերաբերմուքն իր հանդեպ:

Խմբագրություն էր եկել ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, ներկայիս տնօրեն Աննա Բոյաջյանի խորհրդական, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ նրա՝ տնօրենի լիազորությունները դադարեցվել էին ՊՈԱԿ օրենքի պահանջով՝ 65 տարին լրացած անձինք չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Պրն Ղարագյոզյանը մեզ ներկայացրեց ակադեմիայի նախագահության համապատասխան որոշումը, որտեղ նշված է. «Երկարատեւ անբասիր աշխատանքի համար Կ. Ղարագյոզյանին հայտնել շնորհակալություն եւ նշանակել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական՝ պահպանելով նախկին աշխատավարձը»: Ակադեմիկոսը պնդում է, որ ամիսներ առաջ իրենց ինստիտուտի տնօրեն դարձած Աննա Բոյաջյանը չի կատարում նախագահության որոշման ոչ մի պահանջ, այդ թվում նաեւ այն կետը, որի համաձայն՝ տնօրինությունը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ խորհրդականի համար: «Ես 20 տարի եղել եմ այս ինստիտուտի տնօրեն: Ինձ ԳԱԱ այն ժամանակվա նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանն էր խնդրել ղեկավարել: Ինքնագովություն չընկալվի, բայց ես եմ ժամանակին նորմալ վիճակ ստեղծել: Ոչ մեկի վրա ստվեր չեմ ուզում գցել, բայց այն, ինչ այսօր է տիրում մեր ինստիտուտում, կարելի է խայտառակ որակել»:

Նկատենք, որ վերջերս մամուլում (այդ թվում՝ «Առավոտում») եղել են հոդվածներ այն մասին, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում կրքերը շարունակում են լարված մնալ: Ա. Բոյաջյանից բացի, տնօրենի պաշտոնի հավակնորդ էր նաեւ Կ. Ղարագյոզյանի սան, ինստիտուտի լաբորատորիաներից մեկի վարիչ Աստղիկ Փեփոյանը, որը ինստիտուտում կայացած գիտխորհրդի ընտրություններում ստացել էր ձայների մեծամասնությունը, սակայն ԳԱԱ նախագահությունը չէր հաստատել գիտխորհրդի ընտրությունը եւ ընտրել էր Աննա Բոյաջյանին: Տիկ. Բոյաջյանը վերջերս մամուլում Կ. Ղարագյոզյանին մեղադրել էր ինստիտուտի ջեռուցման համակարգի ներդրման համար ԳԱԱ նախագահության նվիրած 30 մլն դրամը փոշիացնելու մեջ:

Մինչդեռ Կ. Ղարագյոզյանը համոզված է, որ Ա. Բոյաջյանը այսկերպ իրենից վրեժ է լուծում տնօրենի ընտրությունների ժամանակ իրեն չպաշտպանելու համար. «Զարմանալի չէ, որ իմ դեմ հոդվածները տպագրվել են, երբ ես հանրապետությունից բացակայել եմ՝ մի անգամ մասնակցելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված գիտաժողովին: Մի հոդված էլ եղել է այն օրերին, երբ մասնակցում էի Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքում «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմակերպած՝ ակադեմիկոս Նորայր Սիսակյանի 100-ամյակի միջոցառումներին»: Կ. Ղարագյոզյանը Ա. Բոյաջյանին երախտամոռ է համարում, որովհետեւ, երբ ժամանակին դոկտոր-պրոֆեսոր Ռոբերտ Նալբանդյանը վերջինիս հեռացրել է իր ղեկավարած լաբորատորիայից, ինքը Բոյաջյանին աշխատանքի էր վերցրել, աջակցել նրա դոկտորական թեզի պաշտպանությանը, դարձրել ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն: «Հիմա զղջում եմ, որ ահագին բան եմ արել: Գիտական խորհրդի կողմից ժխտված անձնավորությունն ի՞նչ իրավունք ունի ինստիտուտ ղեկավարի, դեռ մի բան էլ ինձ մեղադրի 30 մլն փոշիացնելու մեջ: Նրա բոլոր ասածները հերյուրանք են: Թող հարցում կատարվի՝ ե՞րբ եւ ո՞ւմ է փոխանցվել 30 մլն դրամ, որը, Բոյաջյանի ձեւակերպմամբ, «Ղարագյոզյանը փոշիացրել է»: Ինստիտուտի տնօրենը մոլորության մեջ է գցում հանրությանը: Ինստիտուտը չի ստացել այդ գումարները, դրանք կառավարության կողմից գնացել են ակադեմիա, որն էլ իր ուժերով է կազմակերպել շինարարական աշխատանքները: Այնպես որ, ես ոչ մի դրամ էլ չեմ ստացել, թեեւ ՀՀ վարչապետը, որի կուսակիցն եմ, ինձ ասել էր, որ ուզում է գումար տալ մեր ինստիտուտին»:

Ինչ վերաբերում է «մեռած հոգիներին», այս առիթով Կ. Ղարագյոզյանը հիշեց, որ վերջերս իրենց ինստիտուտ է եկել Կուրորտաբանության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը եւ Բոյաջյանին դիմում գրել այն մասին, որ հրաժարվում է լինել մի գիտխորհրդի կազմում, որին վերջինս «մեռած հոգիներ» է որակում:

ՀՀ ԳԱԱ ֆինանսապլանային բաժնի պետ Սուսաննա Լաչինյանից հետաքրքրվեցինք՝ որ թվականին եւ ում ստորագրությամբ է 30 մլն դրամ հատկացվել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Տիկ. Լաչինյանը ասաց, որ տեղյակ չէ՝ նման գումար փոխանցվե՞լ է, թե՞ ոչ, եւ չգիտի՝ կա՞, արդյոք, այդպիսի փաստաթուղթ:

Աննա Բոյաջյանն էլ «Առավոտին» պարզաբանեց. «Ակադեմիան բոլոր, այդ թվում մեր ինստիտուտին՝ 30 մլն դրամ գումար էր հատկացրել ջեռուցման համակարգի համար: Սակայն այդ 30 մլն-ն ինստիտուտ չի եկել, այլ գնացել է ինչ-որ շինարարական կազմակերպություն: Առանց տենդեր հայտարարելու, շինարարական բրիգադը, որի պատասխանատուն Ֆադեյի (նկատի ունի Ֆ. Սարգսյանին- Գ. Հ.) մոտիկ մարդն էր ու հիմա մահացել է, եկավ, անհասկանալի բաներ սարքեց- գնաց»: Տիկին Բոյաջյանից հետաքրքրվեցինք համապատասխան փաստաթղթերի մասին, որոնց վրա «երեւում» է ծախսված 30 մլն դրամը: Նա ասաց, որ ինստիտուտի բոլոր փաստաթղթերին դեռ չի հասցրել ծանոթանալ, ուստի խոստացավ այն գտնել 1-1,5 ամսվա ընթացքում. «Ինձ էլ է հետաքրքիր՝ զայավկան ո՞ւմ կողմից է եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել