Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրանի մասին կարող է չերազել

Փետրվար 19,2007 00:00

«Գլոբալ գոլդը» պետք է գոհ լինի, որ իրեն լիցենզիայից չեն զրկում

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունն» ուզում է, որ հասարակական կարծիք ստեղծվի, թե ինքը անմեղ մի սուրբ ա: Մեկ տոննա ոսկին 22 մլն դոլար արժե, իրենք մոտ 2 տոննա թաքցրել են: Հասկացեք՝ 40 մլն դոլարի մասին է խոսքը: Հերիք է հա փորձեն պաշտպանվել»,- երեկ հրավիրած ասուլիսում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նորից մեղադրեց հնդկական ձեռնարկությանը՝ ոսկի թաքցնելու մեջ:

Լրագրողների հարցերին՝ կապված այն լուրերի հետ, որ ուրանի հանքերի մշակման գծով ստեղծվելու է հայ-ռուսական հանձնաժողով եւ ռուսներն այստեղ ուրան են փնտրելու, նախարարը պատասխանեց. «Ես հայտարարում եմ, որ ներկայումս Հայաստանում չկա մի կազմակերպություն, որը ուրանի ուսումնասիրությամբ է զբաղվում: Այո, կան ուրանով հետաքրքրվողներ, այո՛, կա ուրանի պաշար, բայց դեռ ոչ ոք այստեղ ուրան չի փնտրում եւ լիցենզիա չի ստացել»: Ընդհանրապես, ռուսները վերջին շրջանում խիստ հետաքրքրված են մեր հանքերով: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի «ջերմ բարեկամական» հարաբերությունները, լուրեր են շրջանառվում, որ Վարդան Այվազյանը «վերեւներից» հրահանգ ունի՝ դժոխքի վերածել ամերիկյան «Գլոբալ գոլդի» կյանքը եւ այնպես ճնշել, որ թողնեն-հեռանան, նրա տեղը գա մեր եղբայր ազգի՝ ռուսական ընկերություններից մեկը: «Գլոբալ գոլդը» 2005-ին լիցենզիա է ստացել՝ ուսումնասիրելու Գետիկի հանքավայրը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ երկրաբանները հենց այդ հանքավայրում էլ հնարավոր են համարում ուրանի պաշարների առկայությունը: Հայաստանի հանքերի, հատկապես ուրանի նկատմամբ ռուսների հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գործին խառնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ դա նշանակում է, որ վատով թե լավով՝ եթե ռուսները աչք են դրել Գետիկի հանքի վրա՝ «Գլոբալ գոլդը» պետք է հանձնվի: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ եթե ռուսական ընկերություններից մեկը եւ «Գլոբալ գոլդը» հայտ ներկայացնեն՝ ուրան հետազոտելու, ո՞ւմ թույլտվություն կտաք՝ Վարդան Այվազյանը պատասխանեց՝ «Ես ի՞նչ իմանամ, ում պետությունը հարմար կգտնի՝ նրան էլ կտանք: Գոյություն ունի պետության նպատակահարմարություն հասկացությունը, կախված է նպատակահարմարությունից»: Նկատենք, որ հանքերի շահագործման մասին օրենքի համաձայն, այն ընկերությունը, որն ուսումնասիրություններ է կատարում, արտոնություններ ունի այլ հետաքրքրվող ընկերությունների նկատմամբ: Մինչդեռ նախարարը բառացիորեն հայտարարեց՝ «Գլոբալ գոլդին» ոչ մի արտոնություն էլ չի հասնում. «Երբ ես կնոջս հետ Ամերիկա էի գնացել, ոտս դրեցի անցագրային կետի սահմանային գծի վրա: Հաշվի չառնելով, որ նախարար եմ՝ ինձ աշխատակիցը զգուշացրեց, որ եթե մի անգամ էլ գիծն անցնեմ՝ հետ կուղարկեն Հայաստան: Հիմա էդ մարդիկ (նկատի ունի ամերիկյան «Գլոբալ գոլդին»- Հ. Ջ.) եկել են ստեղ՝ ծախելը ծախում են, խաբելը խաբում են, սաղ հանքի հերն անիծել են, բա մի հատ չասե՞մ՝ տղա ջան, էս ի՞նչ եք անում: Ով լիցենզիայի պայմանները նորմալ չի կատարում, մենք լիցենզիան ձեռքներից վերցնում ենք՝ ու ուղարկում ենք տուն: Արդեն 72 ընկերությունների լիցենզիայից զրկել ենք, ուղարկել իրենց տները, ուղղակի դրանք տեղական ընկերություններ են՝ Ալավերդիից, մարզերից, տները մոտ է՝ շատ աղմուկ չեն հանում: Ի՞նչ է եղել, լիցենզիան կվերցնենք՝ թող ուրիշը գա ուսումնասիրի ու շահագործի»: «Գլոբալ գոլդը», փաստորեն, պետք է ատամներով իր լիցենզիան պահի, իսկ ուրան հետազոտելու մասին մտքով էլ կարող է չանցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել