Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ԷԹԻԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ»

Փետրվար 19,2007 00:00

ՀՀ դատավորների միությունը երեկ այսպես է որակել ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 2-ի ընդլայնված նիստում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի զեկույցի այս հատվածը. «Դատախազությունն առաջիկայում եւս չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական այս դրսեւորումների հետ, եւ հուսով ենք, որ շուտով նման դատավորները ստիպված կլինեն վերադառնալ օրենքի եւ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»:

Երեկ տարածված հայտարարության մեջ նշված է, թե ՀՀ դատավորների միությունը հակված է կարծելու, որ Ջհանգիրյանը չի արտահայտել ՀՀ դատախազության պաշտոնական տեսակետը, բայց՝ «Գտնելով, որ նման հրապարակային հայտարարությունները հեղինակազրկում են թե՛ դատարաններին եւ թե՛ դատախազությանը, խարխլում են արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը, վտանգում են դատավորների անկախությունը՝ անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումը հայտնել խնդրի վերաբերյալ: Ակնհայտ է, որ մրցակցային դատավարության արմատավորման եւ արդար դատաքննության եվրոպական չափանիշների ներմուծման արդյունքում ավելի խիստ պահանջներ են ներկայացվելու թե՛ նախաքննության մարմիններին եւ թե՛ դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող դատախազներին: Բարդանալու է նաեւ այս մարմինների աշխատանքը: Սակայն անթույլատրելի է դրանում մեղադրել դատարանին, քանզի դա ոչ թե դատարանի քմահաճույքն է, այլ ժամանակակից Հայաստանի զարգացման ուղղությունը: Այս ճանապարհն անդառնալի է, եւ դա պետք է հասկանան բոլորը: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս խորհրդավոր հռետորականությունից կամ էթիկայի շրջանակներից դուրս եկող անհիմն մեղադրանքներից ու անհեռանկար սպառնալիքներից անցնել պետական մեղադրանքի պաշտպանության մակարդակը պատշաճ մասնագիտական որակի բարձրացնելուն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմանը: ՀՀ դատավորների միությունն անհրաժեշտ է համարում հայտարարել, որ չի հանդուրժի դատավորների անկախությանը սպառնացող որեւէ դրսեւորում, անկախ անձերից եւ իրավիճակներից, ու կոչ է անում բոլոր շահագրգիռ եւ իրավասու անձանց՝ համարժեք գնահատականի արժանացնել նման վարքագիծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել