Ընդդիմադիր դաշտում դեռեւս քննարկումներ են, եւ դեռ հստակ չէ, թե «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցություններն այս անգամ
ինչպե՞ս են գնալու ընտրությունների:
Այս օրերին շատերն են մտահոգ իրենց ապագայով եւ այդ պատճառով էլ փորձում են հասկանալ՝ ի վերջո, ընտրությունների պետք է գնալ միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության հովանու ներքո: Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են գտնել համակիր, ցուցակում իրենց տեղ տվող կուսակցություն, այսինքն՝ ցուցակային մակարդակով գնահատող ուժ: Սակայն, իրոք, դժվարին իրավիճակ է, քանի որ այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հավակնում են մտնել խորհրդարան եւ որոնք իրենցից քիչ թե շատ ուժ են ներկայացնում, ունեն շարքեր, ունեն շարքային անդամներ, ովքեր եւս տարիներ շարունակ տվյալ կուսակցության համար պայքարել են, ամենօրյա աշխատանք են իրականացրել, կուսակցության գրասենյակներից դուրս չեն եկել, ոմանք ապրիլյան դեպքերի ժամանակ ծեծ են կերել իշխանությունների կողմից, նեղություններ են կրել, եւ հիմա, երբ եկել է նրանց համար քարերը հավաքելու ժամանակը, հանկարծ կուսակցության առաջնորդը կարող է որոշում կայացնել միանալ այս կամ այն կուսակցությանը: Իսկ դա նշանակում է՝ սեփական կուսակիցներին հերթական անգամ նեղացնել, թողնել ցուցակից դուրս եւ հերթական դաշինքային ցուցակը կազմել այլ կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով: Մինչդեռ ՀԺԿ-ում վստահ են, որ իրենք եւ 2003-ին, եւ հիմա կարող են հաղթահարել 5 եւ ավելի բարձր տոկոս ու մտնել խորհրդարան՝ առանց արբանյակների:
Ընդդիմադիրներից երկուսն արդեն սթափ գնահատելով իրավիճակը՝ որոշում են կայացրել առանձին-առանձին գնալ ընտրությունների, չմիանալ ոչ մեկի հետ եւ իրենց համամասնական ցուցակը կազմել բացառապես իրենց կուսակիցներով եւ համախոհներով: Խոսքն այս դեպքում «Ազգային միաբանության» եւ «Օրինաց երկրի» մասին է: Այս երկու ուժերը արդեն գիտեն ինչ անել, ումով անել եւ ինչպես անել: Հետաքրքիր է, որ գրեթե նմանատիպ որոշում է կայացրել նաեւ ՀՅԴ-ն, որը հայտարարեց, թե իր համամասնական ցուցակում լինելու են հիմնականում դաշնակցականներ: Թեպետ Դաշնակցությունը դեռեւս իշխանական ուժ է, բայց դարձյալ ճիշտ մոտեցում է ցուցաբերել եւ չի ուզում իր հարազատ շարքերին նեղացնել:
Այս իրավիճակում կարեւորը կարծես դառնում է ՀԺԿ-ն, որի թեւերին 2003-ին խորհրդարան եկան ինը կուսակցությունների առաջին դեմքերը, եւ որոնք այսօր էլ կարծես դեմ չեն նույնի կրկնությամբ գալ խորհրդարան: Վերջին խոսքը կարծես ասելու է ՀԺԿ-ն, որը թեպետ պաշտոնապես հայտարարում է, թե դեռ որոշում չի կայացրել՝ առանձի՞ն է գնալու ընտրությունների, թե՞ դաշինքով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այս կուսակցությունը վերջապես ճիշտ քայլ է անելու եւ ընտրությունների է գնալու միայնակ: Այդ մասին ակնարկներ են արել եւ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, եւ օրերս մեր թերթին հարցազրույց տված ԱԺ պատգամավոր, կուսակցության քարտուղար Ստեփան Զաքարյանը: Սպասվում է, որ այսօր կայանալիք կուսակցության համագումարում կհնչի բոլորին հուզող հարցի պատասխանը՝ ՀԺԿ-ն միայնա՞կ է գնալու խորհրդարանական ընտրությունների, թե՞ դարձյալ պատրաստվում է իր ուսերի վրա խորհրդարան մտցնել մի խումբ ընդդիմադիրների: Չմոռանանք, որ այս կուսակցությունների ճնշող մեծամասնությունը միայնակ գնալու դեպքում չի կարող հաղթահարել ընտրական մարաթոնը: Եթե այս անգամ եւս ՀԺԿ-ն որոշի ընտրությունների գնալ ընդդիմադիր դաշտի մի ստվար հատվածին իր ցուցակում ընդգրկելու ճանապարհով, ապա այս անգամ իր իսկ կուսակիցները չեն ներելու եւ հաստատ ներկուսակցական բունտ կանեն: Եվ այդ մարդկանց կարելի է հասկանալ: Թեպետ պարզ է, որ ՀԺԿ-ն այս անգամ միայնակ է գնալու ընտրությունների, սակայն այսօր կայանալիք իր համագումարում ՀԺԿ-ն նման հայտարարություն չի անի: Այդ հայտարարությունը կարվի մի փոքր ուշ: Իսկ մինչ այդ, մի շարք ընդդիմադիր ուժեր ակտիվ բանակցությունների մեջ են, մեկ ցուցակով գնալու հարցեր են քննարկում, եւ թեպետ ժամկետները խիստ նեղում են, այնուամենայնիվ, որոշում դեռ չկա եւ պարզ էլ չէ, թե ինչ է լինելու: Նախորդ օրը մամուլում հրապարակում կար այն մասին, որ ակտիվ բանակցում են «Ժառանգությունը», «Հանրապետությունը» եւ ԱԺՄ-ն: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը չհերքեց, որ բանակցություններ ընթանում են, սակայն ասաց, որ այդ բանակցություններին, քննարկումներին մասնակցում է գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը, եւ առայժմ կոնկրետ պայմանավորվածությունների մասին խոսելը դեռ վաղ է:
Եթե ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը արդեն խոսում է այն մասին, որ մտադիր է դաշինք կազմել ԺՈՒԿ-ի, այսինքն՝ Մանուկ Գասպարյանի հետ, ապա նրա երբեմնի կուսակից՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցությունը ընտրությունների կգնա միայնակ: ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտը միասնական լինելն է. «Այսինքն, միասնական գնալ ժողովրդի հետ հանդիպումների, եւ ճիշտը գաղափարական հենքի վրա դաշինք ձեւավորելն էր: Սակայն ընդդիմադիր դաշտի որոշ կուսակցություններ, համարելով, որ իրենց ավելի վայել է միայնակ մասնակցել ընտրություններին՝ զուտ, երեւի, կոնկրետ խնդիր լուծելու համար, որոշել են գնալ առանձին: Մենք դա համարում ենք ոչ այնքան ճիշտ քայլ եւ այս պարագայում ստիպված ենք լինելու կողմնորոշվել: Այսինքն՝ ոչ թե ստիպված ենք, որովհետեւ ուրիշ ելք չունենք, ուղղակի մենք ասում ենք, որ հաղթողական սխեման այլեւս չի գործի: Հիմա մենք որոշ բանակցություններ վարում ենք դաշինքի հետ կապված, բայց եթե գտնենք, որ այդ հավանական դաշինքը ինքնաբավ չէ, ապա մենք կգնանք միայնակ»: Արամ Սարգսյանը համաձայն չէ, որ իրենք ՀԺԿ-ի շնորհիվ են 2003-ին մտել խորհրդարան. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք ոչ մեկի շնորհիվ ոչ մի բան չի ունեցել, որովհետեւ, եթե որեւէ մեկի կարիքը չլիներ, այդ կառույցի հետ ոչ ոք դաշինք չէր կազմի, եւ եթե այդ դաշինքը ժամանակին ձեւավորվեց հենց ինը կուսակցությունից, դա նշանակում է այդ բոլորի կարիքը կար»: