Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԶՐԿԵՑ ԵԹԵՐԻՑ

Փետրվար 19,2007 00:00

Սահմանադրական դատարանը երեկ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչեց «ԱԺ կանոնակարգի» այն բոլոր դրույթները, որոնց դեմ բողոքում էր Ալեքսան Հարությունյանը: Դեռ մի բան էլ ավելին:

Բավական անակնկալ որոշում էր սա, քանզի առնվազն լրատվամիջոցները տեղյակ չէին, որ ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ առաջարկելով պարզել ԱԺ կանոնակարգի այն դրույթների սահմանադրականությունը, որոնք տեւական շրջան բանավեճի առարկա էին դարձել Հանրային հեռուստառադիոընկերության եւ Ազգային ժողովի միջեւ:

Եվ ահա երեկ ՍԴ-ն որոշում է կայացրել, ըստ որի՝ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին (այն է՝ «ԶԼՄ-ների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը») հակասող եւ անվավեր են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի

ա/ 35 հոդվածի 3-րդ կետի վերջին նախադասությունը, ըստ որի՝ պատգամավորները կարող են հանդես գալ մինչեւ 3 րոպե տեւողությամբ հայտարարություններով. «Նիստի տեսագրությունը հաջորդ օրը՝ ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ»:

բ/ 35 հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը, ըստ որի՝ վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. «Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը՝ պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»:

գ/ 112 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ ԱԺ նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով:

դ/ նույն հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը, որը վերաբերում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակմանը Հանրային հեռուստատեսությամբ՝ կիրակի, ժամը 21-ին:

Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը երկար ժամանակ համոզում էր պատգամավորներին կանոնակարգից հանել հայտարարությունների, կառավարության հետ հարցուպատասխանի եւ «Խորհրդարանական ժամի» ամրագրումը: ԱԺ-ն ընդառաջ չգնաց, եւ այժմ, ՍԴ միջոցով, արվեց ավելին, քան խնդրում էր Ալեքսան Հարությունյանը: ԱԺ-ն այժմ նաեւ պիտի զրկվի ռադիոհեռարձակումից: Բայց սա էլ ամբողջը չէ: Ամենակարեւորը՝ ՀՀ Սահմանադրության 62 հոդվածին հակասող եւ անվավեր է ճանաչվել նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 49 հոդվածի «ե» կետը, ըստ որի՝ ԱԺ-ն կարող է որոշում ընդունել Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի՝ ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակելու մասին:

Ուշագրավ է, թե ինչպես է ՍԴ-ն պատճառաբանել իր այս որոշումը: Ըստ ՍԴ մամուլի ծառայության հաղորդագրության՝ «Սահմանադրական դատարանը գտել է, որ Ազգային ժողովի, դրա մարմինների ու առանձին պատգամավորների գործունեության լայն հրապարակայնության երաշխավորումը, այդ թվում՝ ներկայումս գոյություն ունեցող եւ ավանդույթ դարձած ձեւերի շրջանակներում, բխում է իրավական, ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքներից եւ պետք է ապահովված լինի օրենսդրական ու կազմակերպչական անհրաժեշտ երաշխիքներով: Միաժամանակ այդ երաշխիքները պետք է լինեն իրավաչափ, բխեն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջներից, չխախտեն սահմանադրական ինստիտուտների գործառնական ու կառուցակարգային անկախության պահանջները: Վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդիրը, ըստ ՍԴ-ի, առաջանում է ոչ թե իրավակարգավորման առարկայի հանրային նշանակության տեսանկյունից, որի կարեւորությունը չի վիճարկվում, այլ իրավահարաբերությունների կանոնակարգման ձեւի իրավաչափության շրջանակներում»: Նշված է, թե քանի որ Սահմանադրության փոփոխությունները «նոր պահանջներ առաջադրեցին լրատվամիջոցների ազատության ու անկախ գործունեության երաշխավորմանը, վերջինիս ապահովումն ԱԺ առջեւ խնդիր է դնում համակարգային փոխկապվածության մեջ վերանայել եւ շտապ կարգով Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնել» ինչպես «ԱԺ կանոնակարգ» օրենքի, այնպես էլ այս խնդրին առնչվող այլ օրենքների համապատասխան դրույթները:

ՍԴ-ն նաեւ շեշտել է, որ «միջազգային պրակտիկայում առկա ցանկացած ձեւի ընտրության պարագայում պետք է իրավական երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի հանրային հեռարձակման պրակտիկայում օրենսդիր մարմնի գործունեության լայն հրապարակայնության եւ քաղաքական բազմակարծության ապահովումը չվտանգվեն»: Այսինքն, ինչպես միշտ՝ «ե՛ւ մեխին, ե՛ւ նալին»՝ ՍԴ լավագույն ավանդույթներին համապատասխան:

Իսկ այս իրավիճակն առավել ուշագրավ է նրանով, որ ԱԺ-ն չի հասցնի օրենսդրորեն կարգավորել այս խնդիրը: Փետրվարի 20-ի արտահերթ նիստի օրակարգում հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխելու հարցը, բնականաբար, չկա: Եվ այլեւս չեն գումարվելու նիստեր: Իսկ Հ1-ը կարող է արդեն իսկ դադարեցնել «Խորհրդարանական ժամի» հեռարձակումը: Այսպիսով, ընտրությունների շեմին, քարոզչական գովազդի՝ առեւտրային գովազդից էլ բազմակի բարձր սակագների պայմաններում, ընդդիմությունը զրկվեց նաեւ այս հաղորդաշարով 3-ական րոպեների ընթացքում իր ուղերձը տեղ հասցնելու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել