Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների կառավարման խորհուրդները ձեւական են

Փետրվար 16,2007 00:00

Դրանք հիմնականում տնօրենների կամակատարներն ու դաշնակիցներն են

Երեկ Պուշկինի անվան դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ կրթության պատասխանատու այլ պաշտոնյաներ հանդիպեցին Երեւան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդների նախագահներին: Նշենք, որ ՀՀ-ում գործող 1430 դպրոցից ընդամենը 40-45-ը կառավարման խորհուրդ չունի:

ԿԳ նախարարը փաստեց, որ 7 անձից բաղկացած խորհուրդները կոչված են իրենց մեջ ընդգրկել բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծնողներ, ուսուցիչներ, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: «Խորհուրդը պետք է զբաղվի իր հիմնական գործառույթով, այսինքն՝ պետք է ամբողջացնի դպրոցի զարգացման ծրագիրը, վերահսկի բյուջեն եւ երաշխավոր լինի, որպեսզի դպրոցը խուսափի բացասական երեւույթներից, որոնցից հաճախ դժգոհում ենք: Այսօր առանց դպրոցների տնօրենների ենք հավաքել խորհուրդների ղեկավարներին, որովհետեւ, ի վերջո, վերջիններս են դպրոցի լիարժեք տերը եւ դպրոցում իրականացվող քաղաքականության պատասխանատուն: Ցավոք, դպրոցական խորհուրդները աշխուժանում են միայն առիթից առիթ, հիմնականում՝ տնօրենների ընտրությունների ժամանակ: Ընդ որում, դրանք ակտիվանում են որպես այս կամ այն թեկնածուի կամակատար»,- ասաց պրն Մկրտչյանը:

ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հույս հայտնեց, որ խորհուրդները իրավունք ունեն հետեւել, որպեսզի դպրոցի տնօրենը միայն իր համակիր ուսուցիչներին բարի աչքով չնայի: Փոխնախարարը նշեց, որ խորհուրդը ցանկացած ժամանակ տնօրենից կարող է պահանջել դպրոցի բյուջեի մասին մանրամասն հաշվետվություններ: Բ. Եսայանը դիմելով դրանց նախագահներին, ավելացրեց. «Եթե տնօրենը խախտել է, օրինակ, Աշխատանքային օրենսգիրքը կամ ոտնահարել է որեւէ աշխատողի իրավունք, դուք պարտավոր եք այդ մասին հայտնել նրա վերադասին»:

Լ. Մկրտչյանն էլ նշեց, որ դպրոցական խորհուրդը պետք է տեղյակ լինի ցանկացած դրամահավաքի, որոնց արդյունքները պետք է փակցվեն դպրոցի մուտքի մոտ, որպեսզի ծնողները իմանան՝ իրենց նվիրատվությունները ինչի համար են ծախսվում:

Հանդիպմանը ներկա դպրոցական խորհուրդների նախագահների մեծամասնությունը ասում էր, որ համերաշխ են աշխատում տնօրենների հետ եւ միշտ համաձայնության են գալիս(՞): Ոմանք էլ փաստեցին, որ դպրոցական խորհուրդները հիմնականում ձեւական բնույթ ունեն: Օրինակ, թիվ 22 դպրոցի խորհրդի նախագահ Մարինե Սարգսյանը փաստեց. «Մեր դպրոցական խորհուրդը տնօրենի հանդեպ հսկիչի կամ ոստիկանի դեր չի ստանձնել, ուղղակի համագործակցում ենք: Խորհուրդները չեն կարող դեր խաղալ դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ, քանի որ վերջիններիս ընտրում են վերեւների ցանկությամբ եւ ճաշակով»: Նա հավելեց նաեւ, որ լավ կլիներ, եթե հասարակական հիմունքներով աշխատող խորհուրդների անդամներին վճարեին. «Չէ՞ որ երբ մարդը վճարվում է՝ ավելի լավ է աշխատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել