Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՂԹԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է

Փետրվար 16,2007 00:00

\"\"«Առավոտը» վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներից նամակներ է ստանում:

Նամակագիրները հայտնում են, որ դիմել են պայմանական վաղակետ ազատվելու խնդրանքով, սակայն այդ առթիվ ՀՀ նախագահի 2006թ. հուլիսի 31-ի հրամանագրով ստեղծված հանձնաժողովն առանց անձնական գործերին ծանոթանալու՝ իրենց մերժում է:

Երեկ խնդրի պարզաբանման նպատակով զրուցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, անկախ հանձնաժողովի անդամ Ժորա Խաչատրյանի հետ: Նշենք, որ հանձնաժողովի որեւէ անդամ առայսօր հանդես չի եկել ԶԼՄ-ներում:

Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանն է: Հանձնաժողովի 9 անդամները մեկական ներկայացուցիչներ ունեն Ազգային անվտանգության ծառայությունից, դատախազությունից, ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, փաստաբանների պալատից ու առողջապահության նախարարությունից:

Ժ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ նույն անձինք ենթահանձնաժողովներում սպասարկում են 4 քրեակատարողական հիմնարկներ, 3 ամիսը մեկ փոխվում են: 2 օր առաջ նրանք հանդիպել են «Էրեբունի» ՔԿՀ-ի 34 դատապարտյալների հետ: Այսօր նրանց ճակատագիրը կորոշվի: «Առավոտի» այն հարցին, թե ինչ է տալիս գործերի ծանոթացումը, պրն Ժ. Խաչատրյանը ասաց, որ իրենք ուսումնասիրում են դատապարտյալի անձնական գործը, ադմինիստրացիայի տված բնութագիրը, ապա լսում դատապարտյալներին: «Իմ տպավորությամբ թղթայինով մարդուն գնահատելու իներցիան շարունակվում է»,- ասաց հանձնաժողովի անդամը: Վերջինս չթաքցրեց, որ հաճախ ադմինիստրացիան միօրինակ բնութագրեր է տալիս, շեշտը երբեք չի դնում շրջապատի վրա անձի դրական ազդեցության հանգամանքին: Վաղակետ ազատման դիմում գրած նախկին բժշկական ինստիտուտի ուսանողը, որ մեղադրվել է սպանության գործով, ինքնագործ խումբ է ստեղծել մեկուսարանում, զղջացել է իր կատարած հանցագործության համար, կրթված է եւ շրջապատի կողմից հարգված՝ նույն բնութագիրն է ունեցել, ինչ, ըստ պրն Ժ. Խաչատրյանի, 60-ն անց 6 անգամ սպանությունների համար դատապարտված դիմումատուներից մեկը: Անձնական հանդիպումների ժամանակ հանձնաժողովի անդամը պետք է տեղեկանա նաեւ անձի հոգեկան բնութագրին: Պարզվեց, որ ազատազրկման վայրերում հոգեկան հիվանդություն ձեռք բերողներ էլ կան եւ նրանց դիմումները նույնպես հարգվել է:

Հետաքրքիր դիտարկում արեց պրն Խաչատրյանը, երբ հարցրինք ադմինիստրացիայի շահագրգռվածության գործոնի մասին: Ըստ նրա, ադմինիստրացիան հաճախ ուզում է ազատվել «անցանկալի դատապարտյալներից՝ հետագա գլխացավանքի մեջ չհայտնվելու համար»:

Այս ենթահանձնաժողովը սպասարկել է «Վարդաշեն», «Էրեբունի», «Նուբարաշեն» եւ կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները: Պրն Ժ. Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դիմումատու կանայք ավելի զուսպ են նկարագրել իրենց վիճակը, արժանապատիվ, քան տղամարդ դատապարտյալները: Դա, հավանաբար, պետք է բացատրել կանանց նկատմամբ վարչակազմի ունեցած քիչ թե շատ հանդուրժողական քաղաքականությամբ:

Տեղեկացանք, որ որպես մարդու իրավունքների պաշտպանի ավագ իրավախորհրդատու, իրենք ստացել են այս օրերին 11 դատապարտյալների դիմումներ՝ կապված հանձնաժողովի գործունեության հետ: Դատապարտյալների ազատվելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ: Սակայն եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի դրական որոշմանը «ոչ» է ասել դատարանը. «Դատարանը չի եկել այն համոզման, որ պատժի կրումը անձին անհրաժեշտ չէ»:

Հ. Գ. «Վարդաշենում» օրեր առաջ մերժվեցին երկու օտարերկրացիներ՝ իրանցիներ: Թմրանյութի գործով նրանք դատապարտվել էին ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել