Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը կա, շուն հավաքող չկա

Փետրվար 16,2007 00:00

Այդ պատասխանատու գործն առայժմ ոչ ոք չի ուզում ստանձնել

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Տարեսկզբից մինչ օրս քաղաքային իշխանությունները շների թեմայով արդեն մի քանի անգամ ասուլիս են հրավիրել, ու որպեսզի շների հարցը վերջնականապես լուծվի, քաղաքապետարանը մի նորամուծություն է արել. 2007-ին թաղապետարանները թափառող կենդանիներից իրենց համայնքները մաքրելու համար կարող են քաղաքապետարանից անկախ մրցույթ հայտարարել: Որ կազմակերպությունը մրցույթում հաղթի, նա էլ թաղապետարանի միջոցների հաշվին պետք է շներին հավաքի:

Կենտրոն թաղապետարանը «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն՝ այդ մրցույթը արդեն հայտարարել է: Մրցույթի մասին տեղեկությունը տեղադրված է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տեղեկագրում, ըստ որի՝ մրցույթին կարող են մասնակցել նույնիսկ օտարերկրյա կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք:

Մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը երեք օրից լրանում է, սակայն դեռեւս ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել մասնակցելու թաղապետարանի հայտարարած մրցույթին: Սա հաստատեցին նաեւ Կենտրոն թաղապետարանից: Լուրեր են տարածվել, որ մրցույթը ձեւական բնույթ է կրում եւ իրականում կենտրոնը շներից ուզում է մաքրել Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի մերձավորներից մեկը: Եվ քանի որ «Պետական գնումների մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք չունի ուղղակի գնում կատարելու (դա պետք է արվի գնումների գործակալության միջոցով), այդ պատճառով մրցույթ է հայտարարել:

Երեկ այս տեղեկությունը փորձեցինք ճշտել թաղապետից: «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ դրանք նախընտրական շրջանին բնորոշ լուրեր են, որով փորձում են իր գործունեությունը վատաբանել. «Նման բան չկա, ում ուզում եք՝ առաջարկեք թող գա մրցույթին մասնակցի ու շահի, մենք մեծ սիրով կհամաձայնենք եւ վերջապես շներից կպրծնենք: Իմ մերձավորները բան ու գործ չունեն՝ պիտի գիշերները շո՞ւն սպանեն»: Մեր հարցին, թե ինչու մինչ օրս ոչ մի հայտ չի ներկայացվել, եւ եթե այդպես էլ ոչ ոք ցանկություն չհայտնի՞ համայնքը շներից ազատելու, պարոն Բեգլարյանը պատասխանեց. «Շուն հավաքելը հեշտ գործ չէ, դրա համար հայտ ներկայացնողը պետք է համապատասխան գործիքներ եւ տեխնիկա ունենա: Եթե այդպես էլ որեւէ մեկը հայտ չներկայացնի, ապա ստիպված ենք քաղաքապետարանի մրցույթով շահած կազմակերպությունների հետ համագործակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել