Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻ

Փետրվար 16,2007 00:00

\"\"«Դեղերի մասին» օրինագիծը ընդունվելու դեպքում հնարավոր է դեղն էժանանա, բայց շուկան լցվի կեղծ դեղերով:

Օրերս Ազգային ժողովում քննարկվող «Դեղերի մասին» նոր օրենքը երկրորդ ընթերցմամբ չանցավ. 3 ձայն չբավարարեց: Սա ուրախացրել է հատկապես Դեղգործակալությանը եւ տխրեցրել առողջապահության նախարարությանը: Այս օրինագծի ընդունման մեջ շահագրգռված էին հատկապես այն պատգամավորները, որոնք դեղերի ներկրման բիզնեսով են զբաղված: Բանն այն է, որ օրինագծում բացակայում է այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ տարածքում շրջանառվող դեղերի եւ պետական գրանցման նմուշների մակնիշը, փաթեթը եւ ներդիր-թերթիկը պետք է նույնական լինեն: Այս պահանջը կարեւոր է հատկապես այն առումով, որ հնարավորինս կանխվի հանրապետություն կեղծ եւ կասկածելի բաղադրությամբ դեղերի ներթափանցումը: 1998-ից գործող «Դեղերի մասին» հին օրենքում այդ պահանջը կա, այն թույլ է տալիս, որպեսզի մաքսակետում ստուգվի՝ ներկրվող խմբաքանակը համընկնո՞ւմ է առողջապահության նախարարության կողմից գրանցված դեղի նմուշին, թե՞ ոչ: Եթե նույնիսկ տուփի վրայի ինչ-որ տառ կամ նշան չի համընկնում, այդ դեղն արգելվում է ներկրել եւ շուկա հանել: Իսկ նոր օրինագիծը հնարավորություն չի տալիս նման քայլերի գնալ եւ սողանցք է բացում կեղծ դեղ ներկրողների համար: Այսպես համոզված է Դեղգործակալությունը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Դեղերի ներմուծման եւ արտահանման փորձաքննության բաժնի պետ Արմեն Ասրյանը, ներկրողները նույնականացումը ստուգելու համար մեծ գումարներ չեն ծախսում, որպեսզի դեմ լինեն դրան, լաբորատոր փորձաքննությունն ընդամենը 20 հազար դրամ է: Այսինքն՝ սրանից կարելի է եզրակացնել, որ նրանք, ովքեր պայքարում են, որպեսզի օրենքից վերանա նույնականացման պահանջը, ուզում են, որ կեղծ դեղերի ներկրման համար ճանապարհ բացվի:

Ներկայումս եթե Դեղգործակալությունը մաքսատանը հայտնաբերում է չգրանցված դեղ, էլ չի էլ ստուգում: Ա. Ասրյանի խոսքերով՝ «դա անիմաստ է, որովհետեւ այն, որպես կանոն, անորակ է լինում, պարզապես այդ դեղերի մասին տեղյակ ենք պահում առողջապահության նախարարությանը, նախարարությունն էլ՝ Ազգային անվտանգությանը»: Ըստ Արմեն Ասրյանի, եթե օրինագիծն անցնի, շուկան անորակ դեղերով կլցվի: Առանց այդ էլ, հիմա էլ մեր շուկաներում բազմաթիվ չգրանցված, կեղծ դեղեր կան, որոնք Հայաստան են ներմուծվել «ձախ» ճանապարհով: Դա պարոն Ասրյանն էլ չհերքեց:

Բացի ներմուծումից, հայերն էլ պակաս դեղ կեղծող չեն: Պարզապես, եթե օտարերկրյա կեղծողներն իրենց գործում հմտացած են եւ օգտագործում են գերզարգացած տեխնոլոգիա ու նրանց հաջողվում է կեղծել արտաքին փաթեթավորումից մինչեւ դեղի վրայի դաջվածքը, դեղահաբի մեջտեղի գիծը, ապա մերոնք էժան կեղծումների են գնում եւ հիմնականում նրանց հաջողվում է միայն թուրմեր ու չիչխանի յուղ կեղծել: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեղերի կեղծումից միլիոնների հասնող գերշահույթներ են ստանում: Արմեն Ասրյանի ներկայացմամբ՝ «կեղծ դեղերի բիզնեսի եկամուտներն այնքան շատ են, որ կարելի է համեմատել նույնիսկ թմրադեղերի բիզնեսի եկամտաբերության հետ»: Ուստի այդ բիզնեսի դեմն առնելն էլ դժվար է: «Ով ուզում է «Դեղերի մասին» օրենքից նույնականացման դրույթը հանել, նա դեղերից չհասկացող մարդ է, մասնագետ չէ կամ էլ շահագրգռված է այդ կետի վերացմամբ»:

Նշենք, որ օրենքի հեղինակներից մեկը առողջապահության նախարարությունն է: Իսկ թե ինչո՞ւ է նախարարությունը շահագրգռված, որ կեղծ դեղ ներկրողների համար այդ արգելքը հանվի, պարզաբանումներ խնդրեցինք փոխնախարար Թաթուլ Հակոբյանից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց պարոն Հակոբյանը՝ «Մենք չենք կարծում, որ նոր օրինագիծը կեղծ դեղ ներկրողներին սողանցքի տեղ է տալիս: Համաձայն ենք, որ նույնականացումը պետք է, բայց մենք մտածում ենք սպառողի մասին: Նույնականացումը վերացնելը պայքար է էքսկլյուզիվ մատակարարների դեմ, որոնք գին են թելադրում: Եթե մենք պարտադրում ենք, որ նույնական լինեն, դա նպաստում է մենաշնորհներին ու Հայաստանում դեղերի գների թանկ լինելուն: Եթե նույնական լինելը չպարտադրվի, ներմուծողները հնարավորություն կունենան այլ երկրներից, էժան աղբյուրներից նույն դեղը ներկրել՝ թեկուզ այն լինի փաթեթավորման չնչին տարբերությամբ կամ ոչ ռուսերեն ներդիր թերթիկով: Նույնականացման վերացումը կնպաստի մրցակցությանը: Թող տուփի վրայի մի գիծն էլ տարբեր լինի, թող վրայի նկարած թիթեռնիկը ոչ թե կապույտով, այլ կարմիրով լինի, բայց սպառողը դեղը էժան ձեռք կբերի»: Ինչ վերաբերում է կեղծ դեղերի ներկրման սողանցքին, փոխնախարարը գտնում է, որ այդ հարցը կկարգավորվի հետագայում՝ ենթաօրենսդրական ակտերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել