Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ»

Փետրվար 16,2007 00:00

\"\"Երեկ ԲՀԿ համագումարում հայտարարեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

Նախագահություն

Ինչպես եւ սպասելի էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարը կազմակերպված էր բավականին ճոխ: Մելիք-Ադամյան փողոցի կառավարության նիստերի դահլիճի շրջակայքում «ջիփերի» եւ սափրագլուխների առատություն էր: Ի դեպ, վերջիններս խոչընդոտում էին լուսանկարել մեքենաների շարքը;

Ներսում՝ համագումարի նախագահությունում նստածների մեջ չկային հայտնի քաղաքական դեմքեր՝ հիմնականում հավաքվել էին գիտնականներ, մարզիկներ, մշակույթի գործիչներ. պատգամավորներից նստած էին ՕԵԿ-ից հեռացածները՝ Մելիք Մանուկյանը («Շշի Մելոն»), Արշակ Մխիթարյանը («Բռիլյանտ Արշակը»), ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի սեփականատեր Արտյոմ Քուշկյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, նախկին ՀԺԿ-ական, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը (որն, ի դեպ, հրաժարվեց «Առավոտին» հարցազրույց տալ), նախկին ՀԺԿ-ական, Արաբկիրի նախկին համայնքապետ Ֆելիքս Յայլոյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, մշակույթի եւ գիտության հայտնի գործիչներ Վանուշ Խանամիրյանը, Ալբերտ Ազարյանը, Վիլեն Հակոբյանը, Գուժ Մանուկյանը, Արամ Իսաբեկյանը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներ Գոհար Ենոքյանը եւ Օֆելյա Պետրոսյանը նստած էին Գագիկ Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզա Ծառուկյանի աջ ու ձախ կողմերում:

Նախքան համագումարի սկիզբը, միջանցքում տեղադրված մեծ հեռուստացույցը շարունակ կադրեր էր ցուցադրում Գագիկ Ծառուկյանի կատարած բարեգործական ակցիաներից:

Հյուրեր

Կուսակցության համագումարին հրավիրվածներից եկել էին գրեթե բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նրան ուղեկցում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը: «ԱՄ»-ը, ՀԺԿ-ն եւ ՕԵԿ-ը նույնատիպ մոտեցում էին ցուցաբերել եւ համագումարին ուղարկել էին ոչ թե առաջին դեմքերին կամ պատգամավորների, այլ կուսակցական աշխատողների՝ «ԱՄ»-ից եկել էր Գագիկ Թադեւոսյանը, ՀԺԿ-ից՝ Ստեփան Մինասյանը, ՕԵԿ-ից՝ Արտաշես Ավոյանը: Հրավիրվածներից ողջույնի խոսք ասացին միայն Արմեն Ռուստամյանը եւ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս իր ելույթում՝ շրջվելով դեպի նախագահությունում նստածները՝ ասաց, որ նրանցից շատերի հետ ինքը ունեցել է «ջերմ հարաբերություններ եւ համագործակցություն», եւ հույս հայտնեց, որ այդ ջերմությունը կպահպանվի. «Փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն իր համագումարին մոտեցել է հասարակության մի տպավորիչ զանգվածի վստահության ամուր պաշարով, այդ են վկայում սոցիալական հարցումները, ինչո՞ւ չէ, այդ են վկայում նաեւ իմ անձնական շփումները: Բոլորովին վերջերս Արարատի մարզի գյուղերից մեկում մի պատկառելի տարիքի կին համառորեն եւ վստահաբար պնդում էր, որ ԲՀԿ պաշտոնյաները անկասկած անկաշառ կլինեն»:

Արմեն Ռուստամյանի ելույթն ավելի քաղաքական էր. «Դժբախտաբար, Հայաստանում կուսակցական համակարգը լիարժեք ձեւավորված չէ եւ շատ հաճախ շատերը հենց գայթակղություն են ունենում նորանոր կուսակցություններ գրանցել, եւ, բնականաբար, այս ընթացքը մեզ շատ մտահոգում է, բայց հենց այն պատճառով, որ այդ համակարգը ձեւավորված չէ, ժողովրդի մոտ էլ բավականին մեծ դժգոհություն կա կուսակցությունների հանդեպ»: Նաեւ նկատեց, որ «եսակենտրոնության եւ հատվածական շահ հետապնդող» ուժերը պետք է տեղ չունենան մեր քաղաքական դաշտում. «Ես ուզում եմ հույս հայտնել, որ իսկապես հնարավոր կլինի ընտրությունների ընթացքը այնպես վերահսկել քաղաքական կայացած կուսակցությունների միջոցով, որ նրա արդյունքները կասկածանք չհարուցեն, որ իսկապես ընտրությունների արդյունքում ձեւավորվի ժողովրդավարական իշխանություն»:

Գագիկ Ծառուկյանի

ելույթը

ԲՀԿ առաջնորդը զգուշացրեց, որ կարճ կխոսի, որովհետեւ ինքը գործի մարդ է. «Բազմիցս ասել եմ, մեկ անգամ եւս կրկնեմ, որ ես իմ համախոհների հետ ստեղծել եմ նոր քաղաքական ուժ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ հզոր, ազդեցիկ ուժ, վստահություն վայելող կառույց, որի թիկունքին կանգնած են հարյուր հազարավոր մեր քաղաքացիները: Ես որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ՝ երբեք անձնական շահ չեմ հետապնդում: Ես ասել եմ՝ իմ խոսքը ուժի մեջ է լինելու միշտ, որ քաղաքականությունը ինձ համար պաշտոն ստանալու ճանապարհ չէ, եւ ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, ինչ ցանկացել եմ այս տարիների ընթացքում՝ հասել եմ իմ աշխատանքով, եւ այժմ միակ նպատակս ուժեղ, կայուն եւ բարգավաճ Հայաստան ունենալն է, որը պետք է կառուցենք միասին»: Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ իրենք ընտրությունների գնալու են միայնակ՝ առանց դաշինք կազմելու որեւէ քաղաքական ուժի հետ. «Մենք հարգում ենք մեր բոլոր մրցակիցներին եւ պատրաստ ենք համագործակցել ազատ եւ թափանցիկ ընտրություն անցկացնելու գործում: Ազատ եւ արդար ընտրություն, որեւէ այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը կործանելու է Հայաստանի ողջ քաղաքական դաշտը»:

«Ոչ միայն կարտոֆիլ»

Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանը իր խոսքում անդրադարձավ բարեգործական խնդիրներին եւ ասաց, որ իրենց շատերը չարախոսում են. «Բարեգործությունը մեր կուսակցության նախագահի կերպարի մի մասն է, եւ դուք գիտեք, որ նա իր շուրջն է համախմբել մարդկանց, ովքեր գթասիրտ են եւ մարդասեր: Մեր քաղաքական փաստաթղթերում բարեգործության մասին նույնպես գրել ենք եւ վճռական ենք գալիք տարիներին նույնպես բարեգործական ակցիաներին աջակցելու գործում: Նրանք, ովքեր մեզ մեղադրում են, թե բարեգործական ակցիաներ իրականացնելով, ցորեն կամ կարտոֆիլի սերմացու հատկացնելով ընտրակաշառք ենք բաժանում, պարզապես չեն հասկանում, որ վիրավորում են բոլորիս: Այո, ես նկատի ունեմ հայ ժողովրդին, որովհետեւ նրանց թվում է, թե ժողովրդի ձայնը այդքան պարզունակ ձեւով կարելի է գնել: Նրանք չարաչար սխալվում են»:

«Բարգավաճի

բացահայտվածները»

Վանուշ Խանամիրյան. «Հոգիս հավատում է Գագիկ Ծառուկյանին, դուք չեք պատկերացնի՝ պարարվեստի գործիչներին ինչ թեւ-թիկունք է կանգնում: Սրտով եմ մտել էս գործի մեջ եւ իմ ամբողջ պարողներով»:

Վարդան Բոստանջյան. «Ես մեծապես հավատացած եմ, որ մեր կուսակցությունը կանի հնարավոր եւ մինչեւ անգամ անհնար ամեն ինչ, որ մեր երկիրը լավը տեսնի»:

Արամ Իսաբեկյան. «Շատ հաճախ ասում են, որ մտավորականությունը գործ չունի քաղաքականության մեջ, ես հակառակ կարծիքին եմ, որովհետեւ օրինակը մենք տեսնում ենք Եվրոպայում, տեսնում ենք, որ բարձր ինտելեկտի տեր մարդիկ, մշակույթի գործիչները մասնակցում են քաղաքական գործունեությանը»:

Գոհար Ենոքյան. «Ես ոչ մի օր քաղաքականությունից դուրս չեմ եկել, մշտական եղել եմ քաղաքականության մեջ եւ հիմա էլ շարունակելու եմ, որովհետեւ մեր երկրի ապագայի մասին եմ մտածում, երկիրը ուզում եմ բարգավաճ տեսնեմ, հանգիստ խղճով հետո մեռնեմ»: Մեր հարցին՝ հակասություն չկա՞, որ ինքը նաեւ «Նիգ-Ապարան» միության անդամ է, ասաց, որ ինքը «մի տասը միության» անդամ է, եւ «զարմանում եմ, որ բոլորը միայն դա են տեսնում»:

Ալբերտ Ազարյան. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց քանի որ մարզիկ եմ, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանը ինչ մեծ նշանակություն է տալիս սպորտին, ես վստահ եմ՝ մեր ժողովրդի մասին է մտածում: Ծրագիրը կարդալով եւ ճանաչելով Գագիկ Ծառուկյանին՝ ես մտել եմ այդ կուսակցություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել