Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 16,2007 00:00

\"\"

Երեկ «Ռելաքս» դիսկո-ակումբում սպանություն է տեղի ունեցել

Երեկ առավոտյան, ժամը 04.00-ի սահմաններում, Տերյան 105/1 հասցեում գտնվող «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել են 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանն ու 1973թ. ծնված Մհեր Պողոսյանը, ով, մեր տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ է ունեցել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» հետ: Ահազանգը, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրների, ստացվել է անհայտ քաղաքացուց, որը վկայել է, որ դիսկո-ակումբում կրակոցների ձայներ են լսվում եւ կան վիրավորներ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպանվածների դիակները՝ գլխի եւ ձեռքի մասերում ստացած հրազենային վնասվածքների հետքերով։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ 4 պարկուճ, 2 գնդակ: Ըստ ոստիկանության մեր աղբյուրների, սպանությանը մասնակից երկու անձանց ինքնությունն արագորեն պարզվել է դիսկո-ակումբում տեղադրված տեսախցիկների շնորհիվ, որոնք արձանագրել էին սպանությունն առաջին իսկ վայրկյաններից մինչեւ վերջին պահը: «Ռելաքսի» մոտ կայանված եւ Ա. Համբարձումյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 44 ՍՍ 033 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տ/չ «Մակարով» տեսակի 2 ատրճանակ, յուրաքանչյուրը՝ մեկ փամփշտակալով եւ ութ փամփուշտով, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Մեր տեղեկություններով, իրավապահները կասկածներ ունեն, որ այդ զենքով նախկինում սպանություններ են կատարվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպանության մեջ կասկածվողներից մեկը թաղային հեղինակություն «Մանումենտցի Մհեր» մականունով մեկն է, սակայն «ռազբորկայի» մասնակից անձինք երեկ դեռ չէին հայտնաբերվել: Նրանց ի հայտ բերելու նպատակով իրավապահները ձեռնարկել են օպերատիվ-փնտրողական աշխատանքներ: Սպանության մոտիվը դեռ պարզված չէ: Երեկվա մեր տեղեկություններով, սպանվածներից մեկը հանցաշխարհում հայտնի «Մգստն» է, ով նախկինում դատապարտվել էր տասը տարի ազատազրկման՝ 3-րդ մասի շուկայի տնօրենի՝ «Կյաժի» սպանության համար:

«Առավոտի» տեղեկություններով, Ա. Համբարձումյանը ՀՀԿ կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկի ազգականն է: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով, քննությունը վարում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ Վաղինակ Մկրտչյանը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, «Ռելաքս» դիսկո-ակումբի «տանիքը» ոչ անհայտ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի որդին է՝ Արսեն Հարությունյանը:

Վերջին շրջանում ժամանցի վայրերը հատկապես վտանգավոր են դարձել: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին միջնորդագիր էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչին հետեւել էր «Ալեն-Էլեն» եւ «Քրաշ» ժամանցի կենտրոնները փակելը: Միայն անցյալ տարի զվարճանքի այս երկու վայրերում կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել էր 20 գործ: Միջնորդագրում հիշատակվում է «Ալեն-Էլենում» տնօրեն Վլադիմիր Բեջանյանի կողմից Ալի Հանիֆի Էմամիեին մարմնական վնասվածք հասցնելը: Մեկ այլ դեպքով «Ալեն-Էլենում» ընկերության փոխտնօրեն Արմեն Պողոսյանը, աշխատակիցներ Արթուր Գաբոյանը եւ Լաերտ Կարապետյանը ծեծի էին ենթարկել հաճախորդներ Արմեն Ամիրյանին եւ Տիգրան Խաչատրյանին: Ըստ միջնորդագրի, «ժամանցի վայրերի, ղեկավարների անօրինական վարքագծի արդյունքում, իրավախախտումների մեջ են ներգրավվում նաեւ ոստիկանության աշխատակիցները, որոնք իրենց ոչ օբյեկտիվ դիրքորոշմամբ դառնում են տնօրենների կամքն իրագործողները»: Այսպես, դեռեւս անցյալ տարի հիշատակվել է ժամանցի վերոնշյալ կենտրոնում ոստիկաններ Հայրապետ Գյուլամիրյանի, Մարատ Մանուկյանի դեպքը, երբ վիճաբանել են հաճախորդ Տիգրան Գալստյանի հետ եւ նրա առողջությանը վնաս պատճառել: Ոստիկաններին ստիպված են եղել բերման ենթարկել Կենտրոնականի բաժին: Գլխավոր դատախազը նաեւ հիշատակում է այն միջադեպերը, որոնք կապվում են արտասահմանցիների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել