Կարծում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը
Թուրքիան պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը կանխելու նպատակով: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն այդ մասին հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար Շուքրյու Էլեքդաղը:
Նրա ասելով, Թուրքիան առաջին հերթին պետք է դադարեցնի Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը եւ անուղղակի արտահանումը, պետք է վտարի նրա 70 հազար քաղաքացիներին: «Հայաստանին պետք է հասկացնել, որ նա խելքը գլուխը հավաքի: Նա պետք է հասկանա, որ եթե վարի հակաթուրքական քաղաքականություն, դրա դիմաց հարյուրապատիկ հատուցում կստանա»,- սպառնացել է Էլեքդաղը: Նրա ասելով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու համար Ջորջ Բուշը պետք է նամակ հղի Ներկայացուցիչների պալատի նախագահին եւ նշի, որ «Թուրքիան իրենց ռազմավարական դաշնակիցն է» եւ «եթե Ներկայացուցիչների պալատն անհեռատեսություն դրսեւորի եւ որոշում կայացնի Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները լրջորեն կխաթարվեն»: «ԱՄՆ-ի եւ Եվրամիության ճնշման ներքո մենք փոխեցինք Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը: Ադրբեջանական հողերի օկուպացումից հետո Թուրքիան սկսել էր էմբարգո կիրառել Հայաստանի նկատմամբ: Այդ միջոցը խիստ նեղեց այդ երկրին, սակայն ԱՄՆ-ի ու Եվրամիության ճնշման ներքո Թուրքիան փոքր-ինչ մեղմացրեց էմբարգոն: Ի՞նչ եղավ արդյունքում: Շաբաթվա ընթացքում Ստամբուլի օդանավակայանում վայրէջք է կատարում վեց ինքնաթիռ Հայաստանից, որն աշխարհով մեկ վարկաբեկում է Թուրքիային: Ստամբուլ ժամանող հայերը գոյատեւում են «մաքոքային առեւտրի» հաշվին, նրանք մեծապես զգում են դրա անհրաժեշտությունը: Թուրքիայի պարենային ապրանքներն Իրանով եւ Վրաստանով արտահանվում են Հայաստան: Թուրքիայի տարածքում ապօրինաբար բնակվում է 70 հազար Հայաստանի քաղաքացի»,- հայտարարել է նախկին դեսպանը: Որպես բանաձեւի ընդունմանը հակազդելու միջոց՝ նախկին դեսպանն առաջարկում է նաեւ առանձին հանդիպումներ անցկացնել ԱՄՆ կոնգրեսականների հետ: