Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը փրկելու եւս մեկ նախաձեռնություն

Փետրվար 15,2007 00:00

\"\"Ընդդիմադիր երիտասարդները ցանկանում են ընտրակեղծիքների եւ կրիմինալի դեմ պայքարի խորհուրդ ստեղծել:

Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանը մի քանի կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարների ներկայությամբ հայտարարեց, որ չեն հանդուրժելու գալիք ընտրություններում գործող իշխանությունների կողմից արդեն նախապատրաստված կեղծիքները՝ «Թույլ չենք տա, որպեսզի մեզնից խլեն մեր եւ մեր երեխաների ապագան, թույլ չենք տա, որ երկիրն ու պետականությունը շարունակեն քանդել քրեականացված տարրերն ու կոռումպացված չինովնիկները: Օր առաջ պետք է ձերբազատվենք՝ երկիրը «բոստան» դարձրած ապազգային տարրերից»: «Սարգիս Տխրունի» միության հրավերն ընդունած ընդդիմադիր կուսակցությունների («Հայոց համազգային շարժում», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Նոր ժամանակներ», «Հանրապետություն», «Հայ արիական միաբանություն», «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա») երիտասարդական թեւերի ղեկավարները հավաստեցին, որ իրենք մինչեւ վերջ սատարելու են այս նախաձեռնությունը: Նրանք կոչ արեցին համախմբվել ընդդիմադիր առողջ ուժերին:

«Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանը առաջարկեց ստեղծել «Ընդդիմադիր երիտասարդական խորհուրդ», որը նախընտրական շրջանում կհամակարգի երիտասարդական շարժումները, հրապարակային ցույցերը, կբաժանի թռուցիկներ, հայտարարություններ. «Մենք հասկանում ենք, թե ինչ ենք ուզում՝ թո՛ղ գործող իշխանությունները հեռանան: Դրանից հետո թե ո՞վ իշխանության կգա՝ ժողովուրդը կորոշի»:

Մեր դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ք, որ իշխանությունների կողմից ձեր նախաձեռնությունները կճնշվեն, վերջինս պաթետիկ տոնով պատասխանեց. «Ապագայի՛ համար ենք պայքարում, ինչ ուզում են՝ թո՛ղ անեն: Մենք՝ երիտասարդ մաքսիմալիստներս, գնալու ենք մինչեւ վերջ»:

«Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ Մալյանն անդրադարձավ «Առավոտի» երեկվա համարում ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի հայտարարություններին՝ ընդդեմ ընտրակեղծիքների, եւ տվեց իր գնահատականը. «Հանրապետականներն ընդդեմ ընտրակեղծիքների կամ կրիմինալի, նույնն է, թե մեղուներն ընդդեմ մեղրի, կամ ռոքն ընդդեմ թմրադեղերի»:

ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանի ներկայացմամբ՝ իշխանություններն ընտրությունների կեղծումը վաղուց են կատարել՝ «Չի սկսվել քարոզարշավը, բայց գնում է քարոզարշավ՝ հակասելով երկրի օրենքներին եւ այլասերելով քաղաքական դաշտը: Իշխանությունները չունեն վերարտադրվելու որեւէ միջոց, բացի իրենց տնտեսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսներից, որոնք չեն զլանում օգտագործել»:

«Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Սարգիս Լեւոնյանի մեկնաբանմամբ էլ՝ երկիրը խեղդվում է ցինիզմի մեջ. «Պետք է ազդենք այս իրավիճակի վրա, քանի որ 10-15 տարի հետո, ուզենք, թե չուզենք, մենք ենք լինելու այս երկրի տերը»:

ԱԻՄ երիտասարդական թեւի ղեկավար Գեւորգ Կալլոշյանը կարծում է, որ այս ընտրություններն էլ անցնելու են նախկինների սցենարով. «Դրանց դեմը չառնելը հանցագործություն է: Այդ ամենը հանգեցնելու է հասարակության բարոյալքման, որի պտուղները քաղելու ենք վաղը»:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Վարդանյանը, գնահատելով ՍԴՀԿ-ի նախաձեռնությունը, ասաց. «Հայտարարություններ ընդունելով՝ խորհուրդ կազմել, իհարկե՛, հիանալի գաղափար է, բայց բավարար չէ»: Վերջինս, առիթը բաց չթողնելով, հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ժամանակին հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, բայց այն մնացել էր օդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել