Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ Է

Փետրվար 15,2007 00:00

\"\"Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը շարունակում են բանավիճել: Այս անգամ առիթը ԴԱՀԿ ծառայությունն է:

Գլխավոր դատախազության կոլեգիայի փետրվարի 2-ին տեղի ունեցած ընդլայնված նիստի ընթացքում գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը զեկույցում նշել էր. «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, իր ստեղծման օրվանից, իրեն փորձել է դուրս դնել դատախազական հսկողությունից»։ «Առավոտի» հարցին՝ արդյոք առկա իրողությունները հիմք տալի՞ս են նման պնդման համար, արդարադատության նախարարությունից պատասխանեցին. «ՀՀ գլխավոր դատախազությանը միշտ էլ հնարավորություն է տրվել իրականացնել ԴԱՀԿ ծառայության հետ կապված իր՝ օրենքով սահմանված գործառույթները»: Եվ որպես ապացույց՝ մեզ տրամադրեցին մի քանի տեղեկանքներ, ԴԱՀԿ բաժնում դատախազության կողմից ստուգումներ նշանակելու որոշման պատճեններ եւ այլն:

Այստեղ կա առանձին մարզերի առնչվող տեղեկատվություն: Սակայն ներկայացնենք առավել ամփոփ տվյալները, որոնք տրամադրել է արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Ըստ այդմ՝ 2006-ի ընթացքում իրենք ՀՀ դատախազության պահանջով ուղարկել են 142 կատարողական վարույթների մասին տվյալներ.

«ա) 90 կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ ներկայացվել են մանրամասն տեղեկանքներ:

բ) 2006-ի ընթացքում թվով 10 հանձնարարականներով ուղարկվել է ամփոփ տեղեկատվություն՝ հօգուտ պետության, քրեական գործերով եւ դատախազության հայցերով հարուցված կատարողական վարույթների մասին:

գ) Յուրաքանչյուր եռամսյակ, կիսամյակ եւ տարվա արդյունքներով ուղարկվել են տեղեկանքներ՝ քրեական գործերով, դատախազության հայցերով եւ պետության օգտին այլ կատարողական վարույթների ընթացքի ու բռնագանձված գումարների մասին:

դ) Դատախազության աշխատակիցների կողմից ուսումնասիրություններ են կատարվել ԴԱՀԿ ծառայության Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզային բաժիններում եւ Երեւանի քաղաքային բաժնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Նորք Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Շենգավիթի «Դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների» բաժանմունքներում:

ե) Յուրաքանչյուր կիսամյակ եւ տարվա արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն է ներկայացվում հօգուտ պետության 5 միլիոն դրամ եւ ավելի բռնագանձումներով կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն»:

Թվարկումն այսքանով ընդհատում ենք, թեեւ դեռ էլի կարող էինք մեջբերել:

Նշենք, որ Գլխավոր դատախազության կոլեգիայի վերոհիշյալ նիստում եւս մի «քար» էր նետվել արդարադատության նախարարության ուղղությամբ: «Մեղադրանքի պաշտպանության ոլորտի օբյեկտիվ դժվարություններից, խնդիրներից զատ, մենք վերջին ժամանակներս ավելի հաճախ ենք հանդիպում որոշ դատավորների եւ դատարանների՝ գործի փաստական հանգամանքներից ու ապացույցներից, մեղմ ասած, չբխող կամային որոշումների,- իր զեկույցում նշել էր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։- Ուզում եմ տեղյակ լինեք, որ դատախազությունն առաջիկայում եւս չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական այս դրսեւորումների հետ, եւ հուսով ենք, որ շուտով նման դատավորները ստիպված կլինեն վերադառնալ օրենքի եւ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: Այս մի մեջբերմանը արդարադատության նախարարությունից չցանկացան անդրադառնալ՝ գերադասելով, որ սրան պատասխանեն հենց դատավորները կամ դատարանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել