Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլ ու համրին նպաստ չի՞ հասնում

Փետրվար 15,2007 00:00

Նախարարությունը պատճառաբանում է, որ նրանք լիովին աշխատունակ են

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներ Սլավիկ ու Մարալ Վարդազարյաններն ունեն չորս խուլ ու համր երեխաներ՝ երեքը աղջիկ, մեկը տղա: 40 տարեկան տղան ամուսնացել է եւ ունի երկու զավակ, իսկ աղջիկները՝ 20, 25, 37 տարեկան, մնացել են ծնողների խնամքին: Քանի դեռ երեխաները փոքր էին, որպես հաշմանդամ՝ պետության կողմից ստանում էին գումարային աջակցություն, սակայն նրանք արդեն չափահաս են եւ, ըստ Վարդազարյանների՝ մարզի սոցիալական ծառայության ներկայացուցիչը այլեւս հրաժարվել է ընտանիքին ընդգրկել օգնության ցուցակում՝ փոխարենը խոստանալով միանվագ դրամական օգնություն հատկացնել ընտանիքին: Սակայն Մարալ Վարդազարյանի խոսքերով, այդ օգնության երեսն այդպես էլ չեն տեսնում. «Ամեն օր ասում են այսօր արի, վաղը արի, մյուս ամիս կտանք, երկու ամիս հետո կտանք ու այդպես շարունակ: Ասում են՝ սեփականություն ունես, ապրելու հնարավորություններ էլ, ինչիդ է պետք այդ գումարը»: Կնոջ ներկայացմամբ, սեփականություն ասվածը տունն է ու հողամասը. «Փարոսը» հաշվի չի առնում, որ իմ երեխաները թեկուզեւ չափահաս են, բայց անաշխատունակ են»:

Այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գլխավոր մասնագետ Արտակ Հարությունյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Վարդազարյանները վերջին անգամ Գորիսի «Փարոս» են դիմել անցած տարվա հոկտեմբերին. «Երեւի այդ պատճառով էլ հիմա չեն տալիս, բայց եթե այժմ էլ դիմեն, նրանց այդ օգնությունը կտրամադրվի, սակայն նրանք ապրիլ ամսից շուտ այդ գումարները չեն ստանա, քանի որ դրանք հատկացվում են եռամսյակը մեկ անգամ»: Մ. Վարդազարյանն անգամ չգիտի, թե որքան գումար պիտի ստանա: Այս առնչությամբ էլ սոցիալական աջակցության վարչության մասնագետն ասաց, որ գումարի չափը կախված է հաշմանդամության խմբից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել