Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ ենթատեքստ ունի

Փետրվար 15,2007 00:00

Նույնիսկ ՀՀ ոստիկանապետի ով լինելը

Թեեւ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունն ակնկալվում էր մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո, բայց, ըստ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, կարող է այնպես պատահել, որ Հայկ Արտյոմիչը հարկադրված լինի իր պաշտոնին ավելի շուտ հրաժեշտ տալ: Այսպես, մեր տեղեկություններով, նա գուցե հենց առաջիկա օրերին ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական եւ գլխավոր ռազմական տեսուչ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով այս պաշտոնից ազատվեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Իսկ մինչ ՀՀ գործող ոստիկանապետը կտեղափոխվի նոր աշխատանքի, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են գուշակել, թե նրան այդ պաշտոնում ով է փոխարինելու: Շրջանառվում են մի քանի անուններ, մասնավորապես՝ ՀՀ փոխոստիկանապետեր Արարատ Մահտեսյանի, Արմեն Երիցյանի, ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի, նաեւ ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Իսաղուլովի (վերջինս, ըստ տարբեր աղբյուրների, նաեւ ԼՂՀ նախագահ դառնալու հավակնություններ ունի): Ու քանի որ Հայաստանում, հատկապես վերջին շրջանում բոլոր պաշտոնները կուսակցականացված են, այս դեպքում էլ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակման հարցը երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կռվախնձոր է դարձել: Մեր աղբյուրների մատուցմամբ, ՀՀ ոստիկանապետի նշանակման հարցում համակարծիք չեն նաեւ հիշյալ կուսակցությունների հովանավորները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանը հակված է, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվի Ա. Իսաղուլովը եւ կտրուկ դեմ է, մասնավորապես, Ա. Երիցյանի նշանակմանը: Դրա պատճառն այն է, որ ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցություն ստեղծելու գաղափարը Ս. Սարգսյանին հուշել էր հենց Ա. Երիցյանը, ով մտերիմ է Արթուր Բաղդասարյանի եւ նրա եղբոր ընտանիքի հետ: Իսկ երբ Ա. Բաղդասարյանն ինչ-որ պահից սկսած սկսել էր քաղաքական դաշտում ինքնուրույն գործել՝ դա Ս. Սարգսյանի կողմից գնահատվել էր իբրեւ դավաճանություն: Ու այսքանից հետո իր դոկտորական թեզը Ա. Բաղդասարյանի օգնությամբ պաշտպանած Ա. Երիցյանը շարունակում է ոչ միայն բարիդրացիական հարաբերությունները ՕԵԿ նախագահի հետ, այլեւ դասախոսում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ա. Բաղդասարյանն է: Ուստի՝ Ս. Սարգսյանը չի վստահում նաեւ Ա. Երիցյանին: Իհարկե, Ա. Երիցյանն անպաշտպան չէ: Նրան ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակելու հարցում լոբբինգ է անում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ս. Սարգսյանը միաժամանակ դեմ է նաեւ Ռ. Քոչարյանի թեկնածուի՝ ՌՈ պետ Վ. Գասպարյանի նշանակմանը` այն պատճառով, որ վերջինս կարող է անկանխատեսելի լինել եւ Ս. Սարգսյանին հաշվետու չլինել հատկապես ԱԺ ընտրությունների ժամանակահատվածում: Ի դեպ, Ռ. Քոչարյանի՝ առաջին հայացքից տարօրինակ ընտրությունը (հիշեցնենք, որ Վ. Գասպարյանը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումների ակտիվ դերակատարներից մեկն էր) քաղաքական որոշ շրջանակների համար հասկանալի է, բայց ինչու՝ առայժմ չեն մանրամասնում:

Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀՀ Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը։ Հիշեցնենք, որ նրան ամանորյա արձակուրդի էին ուղարկել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել