Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՑՈՒՑԱԿՈՎ ԳՆԱ

Փետրվար 15,2007 00:00

\"\"Ասում է ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը

– Ի վերջո, ի՞նչ է որոշել ՀԺԿ-ն, խորհրդարանական ընտրությունների գնալու եք միայնա՞կ, թե՞ դարձյալ որեւէ դաշինքով:

– Կարծում եմ, դաշինքով կամ առանձին գնալու մասին վճիռ կկայացվի շաբաթ օրը կայանալիք մեր համագումարում: ՀԺԿ-ի ներսում հակվածություն կա մենակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ վերջնական վճիռ կուսակցության քաղխորհուրդը եւ վարչությունը չեն կայացրել:

– Իսկ մենակ գնալու դեպքում մտավախություն չունե՞ք, որ ձեր այսօրվա գործընկերների դժգոհությունը կամ թշնամանքը կվաստակեք, քանի որ նրանցից շատերը կարծես ակնկալում են, որ դարձյալ դաշինք կլինի:

– Չեմ կարծում, որ ՀԺԿ-ն այդպիսի առիթ է տվել: Ընդհակառակը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը միշտ եղել է համախմբողի դերում եւ, ճիշտն ասած, եթե դաշինք չի կայանում, ՀԺԿ-ն չէ մեղավոր: Չեմ կարծում, թե ճիշտ է, որ ընդդիմությունը ընտրությունների գնա միասնական ցուցակով: Համոզված եմ, որ սա նախ եւ առաջ իշխանությունների մատուցած ռումբն էր, որ տարիներ շարունակ ասում էին, թե ընդդիմությունը իբր չի կարողանում միավորվել: Իսկ ո՞վ ասաց, որ այդ միավորումը պարտադիր է: Մենք չենք զղջում թե «Միասնություն» դաշինքի, թե «Արդարություն» դաշինքի համար, բայց ժամանակները տարբեր են, իրավիճակները տարբեր են: Մենք մեր նպատակներից երբեք չենք հրաժարվել, այսինքն՝ երկրում սահմանադրական իշխանություն հաստատելը եւ այլն: Սակայն չի նշանակում, որ այդ նպատակներին հասնելու համար պարտադիր է, որ ամբողջ ընդդիմությունը ընտրությունների գնա մեկ ցուցակով: Բայց այն, որ ընդդիմությունը պարտավոր է շատ հարցերում պայքարել միասնական, այդպես է, եւ մենք դարձյալ հետամուտ ենք լինելու, որ այդպես լինի:

– Վերջերս «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ եթե որեւէ ընդդիմադիր կուսակցություն հրաժարվի միասնաբար գնալուց, կնշանակի, որ հենց նա է ական: Իսկ ՕԵԿ-ը արդեն որոշել է առանձին գնալ, երեւի առանձին կգնա նաեւ «ԱՄ»-ն, եւ կարծես ՀԺԿ-ն նույնպես, արդյոք սա նշանակում է, որ բոլորդ ականնե՞ր եք:

– 1998-99-ից ի վեր, երբ ասում են ընդդիմություն, նախ եւ առաջ հասկանում են ՀԺԿ, եւ եթե ՀԺԿ-ն չէ ընդդիմություն, ապա, ընդհանրապես, Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի: Նախ, երբ ասում են՝ չմիանա, ո՞ւմ միանա, սա է հարցը: Մենք գտնում ենք, որ ՀԺԿ-ն որեւէ մեկին միանալու խնդիր չունի, եթե մարդիկ ուզում են մեզ միանալ, մենք երբեք դեմ չենք եղել եւ դա կքննարկենք, բայց, կրկնում եմ, չեմ կարծում, որ մեկ ցուցակով գնալը հարյուր տոկոսանոց օգուտ է ընդհանուր գործին:

– Մամուլում հրապարակումներ եղան, որ հնարավոր է ձեր կուսակցության համամասնական ցուցակում լինեն նաեւ այլ անուններ, ասենք՝ Հրանտ Խաչատրյանը: Եվ, ընդհանրապես, ՀԺԿ-ի ցուցակում զուտ ՀԺԿ-ականնե՞ր կլինեն, թե՞ նաեւ այլ մարդիկ:

– Այդ կարգի լուրերը թյուրիմացություն են, որովհետեւ որեւէ մեկի հետ այդպիսի խոսակցություն ՀԺԿ-ում չի եղել, իսկ թե որտեղի՞ց է տարածվել նման ապատեղեկատվություն, որ Հրանտ Խաչատրյանը լինելու է մեր ցուցակում, ես, ճիշտն ասած, չեմ կարող ենթադրել: Ես ՀԺԿ քարտուղար եմ եւ նման քննարկման չեմ մասնակցել, եւ բացառվում է, որ ինձնից գաղտնի նման քննարկում լիներ: Ցուցակը դեռ պետք է քննարկվի: Երբ վերջնականապես որոշվի՝ ՀԺԿ-ն մենա՞կ է գնում, թե՞ դաշինքով, այն ժամանակ էլ կարող ենք խոսել ցուցակի մասին:

– 2003-ի նույն այս օրերին, երբ ՀԺԿ-ն որոշեց դաշինքով գնալ եւ կազմավորվեց «Արդարություն» դաշինքը, բազմաթիվ նվիրված ՀԺԿ-ականներ իրավացիորեն նեղացան, որ իրենք այդ դաշինքի պատճառով դուրս մնացին կուսակցության համամասնական ցուցակից: Հիմա կարծես պարզ է, որ առանձին եք գնալու, արդյո՞ք դա պայմանավորված է նաեւ սեփական կուսակիցներին չնեղացնելու տրամադրվածությամբ:

– Ես հասկանում եմ այդ մարդկանց, որովհետեւ ՀԺԿ-ն այն ընդդիմադիր կուսակցությունն է, որ լուրջ կառույցներ ունի, այսինքն՝ ՀԺԿ-ն պահպանել է իր ուժը, եւ որքան էլ բամբասում են, որ իբր մենք թուլացել ենք, ամենեւին այդպես չէ: ՀԺԿ-ն իր ուժը ցույց կտա գալիք ընտրություններում, ես համոզված եմ, եւ մարդիկ դա նկատի ունենալով, իհարկե, դժգոհում են, որովհետեւ մտածում են, որ եթե շատերը միացել էին ՀԺԿ-ին, պիտի համապատասխան ներդրում ունենային: Մինչդեռ ՀԺԿ-ի ներդրումն անհամեմատելի ավելի մեծ է: Բայց մենք ժամանակին ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ Ստեփան Դեմիրճյանը առաջնորդվել է նաեւ բարոյական սկզբունքներով՝ գնալով նրանց հետ, ովքեր իրեն պաշտպանել էին նախագահական ընտրություններում, այսինքն՝ թիմը չի փոխել, եւ ես դա համարում եմ ազնիվ եւ ճիշտ: Այլ հարց է, թե ԱԺ գալուց հետո հետագայում ով իրեն ինչպես պահեց:

– Ասում են՝ եվրոպական դիտորդներն այս անգամ անողոք են լինելու եւ համատարած կեղծիքների դեպքում պարտադրելու են, որ ընտրությունների արդյունքները վերանայվեն: Գաղտնիք չէ, որ իրենք դա միշտ էլ ասել են, բայց արդյունքում ինչ է եղել՝ բոլորս տեսել ենք: Այս դեպքում ՀԺԿ-ն ի՞նչ ակնկալիք ունի միջազգային դիտորդներից եւ որքանո՞վ է հավատում, որ դիտորդները այս անգամ կտրուկ են լինելու:

– ՀԺԿ-ն երբեք էլ դիտորդների վրա հույս չի դրել: Իհարկե, դիտորդները անհրաժեշտ են եւ իրենց գնահատականներն են անհրաժեշտ, բայց այս ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից: Նախ՝ նախագահ է փոխվում, հետո՝ ԱԺ-ի դերը բարձրանում է, նախագահը գնում է, եւ սա ստեղծում է բոլորովին նոր իրավիճակ. այս իրավիճակում, համոզված եմ, թվեր նկարելը հեշտ չի լինելու, եւ հենց սա է պատճառը, որ աննախադեպ չափերի հասնող ընտրակաշառք են բաժանում: Եթե այդ մարդիկ մտածեին, որ ամեն անգամվա պես կկարողանան թվեր նկարել, այսքան ընտրակաշառք չէին բաժանի, այսքան ծախս չէին անի: Հենց այդ «ծախս» անելը խոսում է իշխանությունների անհանգստության մասին, որ թվանկարչությունն այս անգամ չի ստացվելու: Համոզված եմ, ընդդիմությունը, առավել քան երբեւէ, հաղթելու նախադրյալներ ունի:

– Դուք վստահո՞ւմ եք հանձնաժողովների ձեր անդամներին, նրանք չե՞ն կաշառվի:

– Ես հարգում եմ մեր հանձնաժողովների անդամներին եւ կարծում եմ բոլորը պիտի հարգեն, որովհետեւ այդ մարդիկ իսկապես հարգանքի են արժանի, քանի որ տարիներ շարունակ պայքարել են եւ չեն վաճառվել: Բարոյական արժեքների անկման այս շրջանում նրանք հազվագյուտ մարդիկ են, եւ ես շատ ուրախ եմ, որ ՀԺԿ-ում կան այդ մարդիկ:

– Որքա՞ն բարձր եք դրել նշաձողը, քանի՞ տոկոս եք մտադիր ստանալ:

– Թվեր չեմ ասի, բայց մի մոռացեք, որ ՀԺԿ-ն իր ստեղծման օրից բոլոր ընտրություններում հաղթել է, ուրեմն դարձյալ նպատակ ունի հաղթելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել