Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՆ»

Փետրվար 15,2007 00:00

\"\"Ըստ «Վալեքս գրուպի»՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը 7 ամիս չի վճարել իր գրասենյակի վարձակալության դիմաց:

«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնաթերթի վերջին համարում հրապարակվել է «Օլիգարխը եւ ՕԵԿ-ը, կամ առանց ամոթ-աբուռի» հոդվածը, ըստ որի՝ «Վալեքս գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը «հարձակում է գործել ՕԵԿ-ի վրա՝ դիմելով դատարան եւ առաջարկելով ազատել կուսակցության կողմից զբաղեցրած վարձակալական տարածքը: Դեռեւս տարիներ առաջ խաբելով կուսակցությանը (որն ուներ պայմանագրով տարածքի մասնավորեցման նախապատվության իրավունք)՝ նա կոպեկներով սեփականաշնորհեց հսկայական շենքեր քաղաքի կենտրոնում, հիմա էլ, չբավարարվելով արածով, առաջարկում է ազատել կուսակցության զբաղեցրած վարձակալական տարածքը՝ դիմելով դատարանի օգնությանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վալեքս գրուպը» տարածքային խնդիրներ էր ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, որը նույնպես Կորյունի փողոցում գտնվող «Լեռնամետալուրգիա» ինստիտուտի տարածքի վարձակալ էր, ինչպես ՕԵԿ-ը: Վերջինիս կենտրոնական գրասենյակը, մինչ կուսակցությունը կունենար իր սեփական շենքը՝ հենց այստեղ էր:

Այս պատմության կապակցությամբ «Առավոտի» խնդրանքով ներկայացնելով մեկնաբանություններ, «Վալեքս գրուպի» նախագահի աշխատակազմի ղեկավար Սահակ Կարապետյանն ասաց. «Օրինաց երկիր» կուսակցությունը չի կատարել իր պարտավորությունները՝ տարածքի վարձակալության պայմանագրի շրջանակներում: Այն է՝ 2006-ի օգոստոսից մինչ օրս չի վճարել 1 դրամ վարձավճար անգամ, դրանով թույլ տալով պարտավորությունների կետանց, որով իրավունք եւ հնարավորություն է տվել «Լեռնամետալուրգիա ինստիտուտ» ՓԲԸ-ին դիմելու Տնտեսական դատարան՝ իր խախտված իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու խնդրանքով: Դատարան դիմելու մեր պահանջը՝ պայմանագիրը վաղակետ լուծելու եւ «Օրինաց երկիր» կուսակցությանը զբաղեցրած տարածքից վտարելու մասին, հիմնված է գրավոր փաստաթղթի վրա եւ ներկայումս գտնվում է դատական վարույթում»:

Սահակ Կարապետյանը մեր հարցին՝ եթե ՕԵԿ-ը դեռ իշխանություն լիներ, էլի նույն պահանջով կդիմեի՞ն դատարան, պատասխանեց. «Այո՛, քանի որ տվյալ պարագայում «Օրինաց երկիր» կուսակցությունը, չգիտես ինչու, սկսեց իր պարտավորությունները խախտել 2006-ի օգոստոսից, մի քիչ ավելի ուշ այն պահից, երբ դուրս եկավ կոալիցիայից»:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մեր խնդրանքով պարզաբանելով, թե ինչու կուսակցությունը չի վճարել վարձակալած տարածքի համար՝ ասաց. «Նախ, ասեմ, որ տարիներ շարունակ պարտաճանաչորեն մուծել ենք վարձավճարը: Ուղղակի ըստ պայմանագրի՝ վարձավճարի մի մասը ՕԵԿ-ը պետք է նախատեսեր շենքի 5-րդ հարկը, ուր տեղակայված էր մեր գրասենյակը, ամբողջությամբ վերանորոգելու համար: Այդ նորոգման ծախսերը, բնականաբար, պետք է դուրս գային վարձավճարի պայմանագրային արժեքից: Խնդիրը նաեւ այն է, որ «Վալեքս» ընկերությունն առաջարկում է ավելի բարձր գներ 1 քառակուսու համար (կապելով դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության հետ), մինչդեռ վարձակալության վճարն արդեն իսկ սահմանված է պայմանագրով: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այսօր դատական գործընթացի մեջ ենք՝ արդեն ամիսներ շարունակ են նման գործընթացներ նախաձեռնվում ՕԵԿ-ի դեմ: Իսկ մենք փորձում ենք հասնել արդարադատության եւ կներկայացնենք փաստաթղթային առկա հստակ հիմնավորումները»:

Հետաքրքրվեցինք՝ ՕԵԿ-ն արդեն իր շենքն ունի, ինչո՞ւ է ուզում պահպանել նաեւ այդ հարկաբաժինը: «Ըստ պայմանագրի՝ մենք դեռ 3 տարի շարունակ պետք է օգտագործենք այդ գրասենյակը,- պարզաբանեց պրն Մարգարյանը:- Մենք հսկայական գումարներ ենք ծախսել, որ կապիտալ վերանորոգենք այդ հարկը: Հիմա ուղղակի արդարացի չի լինի, եթե չշարունակենք օգտագործել: Եվ որպես խոշոր քաղաքական ուժ՝ այդ գրասենյակի անհրաժեշտությունն էլ ունենք՝ առավել եւս, այս նախընտրական փուլում»:

Նշենք, որ «Օրինաց երկիրը» խոստանում է դեռ անդրադառնալ «պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած, սեփականաշնորհման անվան տակ պետական բաժնեմասը շուկայական գներից անասելի ցածր գներով Երեւանի կենտրոնում՝ Մատենադարանի դիմաց, տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածքի ձեռքբերման այս խայտառակ գործարքի բոլոր մանրամասներին: (Հիշեցնենք, որ ժամանակին՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի դիմումի հիման վրա, այս խնդրի շուրջ ուսումնասիրություններ էր անցկացրել ԱԺ վերահսկիչ պալատը.- Ա. Ի.): Այսօր, սակայն, օգտվելով առիթից՝ օլիգարխը հարձակում է գործել, իսկ նրա ներկայացուցիչներն այստեղ-այնտեղ հոխորտում են, թե իրենց դեմ խաղ ու պրոբլեմ չկա, թե դատարանն էլ է մերը, վերեւն էլ «դաբրո» է տվել»:

Եվս մի ուշագրավ հանգամանք. Վալերի Մեջլումյանը մտերիմ է ՕԵԿ-ից հեռացած, նախագահի խորհրդական Սերգո Երիցյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել