Հայաստանի չեմպիոնները կմեկնեն Ուզբեկստան
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի Հայաստանի ազգային հավաքականները պատրաստվում են ամբողջական կազմերով մասնակցել մարտի 1-4-ը Տաշքենդում կայանալիք միջազգային ավանդական խոշոր մրցաշարին, որը ուժեղագույններից մեկն է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) տարեկան օրացուցային պլանում:
Երեկ հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ երկու ոճերի հավաքականները մրցավայր են մեկնելու, այսպես ասած, 1-ին համարներով, ովքեր օրերս նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումները կամ դարձել մրցանակակիր: Տաշքենդի մրցաշարը կարեւորվում է նրանով, որ այնտեղ ցույց տված արդյունքներով են որոշվելու, թե ովքեր են հանդես գալու ապրիլի 16-22-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը, սակայն, այս տարի վարկանիշային չի համարվում: Ըստ Լեւոն Վարդանյանի՝ մրցավայր մեկնելու են.
Հունահռոմեական ոճ. 55 կգ քաշային կարգ՝ Ռոման Ամոյան եւ Աշոտ Խաչատրյան, 60 կգ՝ Խոսրով Մելիքյան, 66 կգ՝ Արման Ադիկյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ՝ Տիգրան Սահակյան (այս քաշային կարգում, հնարավոր է, որ Տաշքենդում մրցագորգ մտնի նաեւ Դենիս Ֆորովը, ով ինչ-ինչ պատճառներով հանրապետության առաջնությանը չէր մասնակցել), 96 կգ՝ Արման Գեղամյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ:
Ազատ ոճ. 55 կգ՝ Միհրան Ջավուրյան, 60 կգ՝ Արտյոմ Նալբանդյան, 66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան (երեկ Ժիրայրն ամուսնանալու էր, ինչի առիթով շնորհավորում ենք նրան), 74 կգ՝ Ռուսլան Կոկաեւ, 84 կգ՝ Վադիմ Լալիեւ, 96 կգ՝ Շամիլ Գիտինով եւ Էդգար Հովհաննիսյան, 120 կգ՝ Ռուսլան Բասիեւ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ Տաշքենդից հետո Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով կազմակերպվելիք վերջին ուսումնամարզական հավաքին պարտադիր ներկա են լինելու նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ըմբիշները: