Այս օրերին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի քաղաքային համալիր մանկապատանեկան մարզադպրոցում:
Հավաքականի մարզիչ, պոկում վարժությունում աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 17-օրյա այս հավաքին հրավիրվել են ըստ քաշային կարգերի 10 առաջատար ծանրորդներ (առողջական վիճակի պատճառով բացակայում է միայն Արմեն Ղազարյանը) եւ, ի տարբերություն նախորդի, հիմա ուշադրություն է դարձվում ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստականության բարելավման, տեխնիկայի հղկման վրա: Դրանից հետո ծանրորդները մարզումները շարունակելու են տանը՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ: Այնուհետեւ բոլորը պետք է պարտադիր մասնակցեն Հայաստանի առաջնությանը: Դա ֆեդերացիայի նախագահի եւ մեր մարզչական խորհրդի պահանջն է, որպեսզի ճիշտ կազմավորվի հավաքականի կորիզը, որը նախապատրաստվելու է առաջիկա կարեւոր պաշտոնական պատասխանատու մեկնարկին՝ ապրիլի 14-24-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Խոսելով հավաքի ընթացքի մասին՝ Խ. Քյափանակցյանը գոհունակություն հայտնեց այս փուլում ծանրորդների մարզավիճակից: «Ծանրորդները, անկախ կոչումներից, ամենայն լրջությամբ են նախապատրաստվում հանրապետության առաջնությանը, քանի որ գիտեն. մեզ՝ մարզիչներիս համար, բոլորը հավասար են, որ առաջնությունում ցույց տված արդյունքներից է կախված, թե ո՞վ տեղ կունենա հավաքականում»:
– Եվրոպայի առաջնությունում անցած տարվա ցուցանիշները գերազանցելու նպատակ կա՞:
– Անշուշտ: Մենք նաեւ հետեւում ենք մեր հիմնական մրցակիցների բանակում տեղի ունեցող իրադարձություններին, նրանց ծանրորդների բարձրացրած կիլոգրամներին, ցուցանիշների աճի դինամիկային: Կարծում եմ, որ մերոնք նրանցից ետ չեն մնում: Բայց մեդալների մասին եկեք խոսենք մրցավայր մեկնելու շեմին:
– Տարվա գլխավոր մեկնարկը աշխարհի առաջնությունն է, որտեղ վերջնականապես որոշվելու է, թե մենք օլիմպիական քանի՞ ուղեգիր կունենանք: Եթե Ֆրանսիայում մեր ծանրորդները ներդնեն իրենց ողջ կարողությունը, հնարավոր կլինի՞ նրանց մի քանի ամիս հետո կրկին հասցնել մարզավիճակի գագաթնակետին:
– Երկու առաջնությունն էլ կարեւոր են մեզ համար: Բայց գլխավորը, անկասկած, աշխարհի առաջնությունն է: Եվրոպայում պայքարելու ենք որքան հնարավոր է շատ մեդալ վաստակելու համար, որպեսզի ապացուցենք, որ ծանրամարտը Հայաստանում եղել է, կա ու շարունակում է ծաղկել: Բայց մարզիկները կկատարեն այնքան մոտեցում, կբարձրացնեն այնքան կիլոգրամ, որքան անհրաժեշտ կլինի «ոսկու» կամ մրցանակային տեղ գրավելու համար: Այ, ուրիշ է լինելու աշխարհի առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր մոտեցում, ամեն մի կիլոգրամ ճակատագրական նշանակություն է ունենալու բոլոր մասնակիցների համար: Մենք նպատակ ենք դրել Պեկինի վեց ուղեգիր նվաճել, այսինքն՝ օլիմպիական խաղեր մեկնել ամբողջական կազմով: Հասկանալի է, որ դրանում վճռորոշ դեր է կատարելու նաեւ մարզիչներիս վարելիք ճիշտ տակտիկան:
– Ցանկությունը որքան էլ մեծ լինի, հատկապես սպորտում, ամեն բան կախված է նախապատրաստության շրջանում հավաքների մարզումների ճիշտ կազմակերպումից ու որակից:
– Մենք որակյալ մարզիչների ստվար բանակ ունենք, ովքեր մասնակցում են աշխատանքների ծրագրերի կազմմանը: Ինչ վերաբերում է հավաքների որակին, սպորտի պետական կառույցը, օլիմպիական կոմիտեն եւ մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով նախկին ծանրորդ է, սպորտի վարպետ, մեր պահանջներից ոչ մի մանրուք չեն անտեսում՝ անելով մի բան էլ ավելին: Երկրորդ հավաքն ենք անցկացնում Աբովյանում եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մարզադպրոցի տնօրեն Հովիկ Հակոբյանին, ողջ կոլեկտիվին: Նրանք անում են ամեն բան, սկսած սննդից, վերջացրած դահլիճի ջեռուցումով, որպեսզի ծանրորդները որեւէ չլուծված խնդիր չունենան:
– Հավաքները լիարժեք չեն լինի, եթե դրանք ընթանան առանց բժիշկների վերահսկողության: Որքան տեղյակ եմ, առաջին հավաքին սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի մասնագետները, չնայած պայմանավորվածությանը, չեն մասնակցել: Նրանք խոստացել էին ձեզ հետ համատեղ աշխատել երկրորդ հավաքում: Բայց նրանց հիմա էլ չեմ տեսնում:
– Այո: Մարզական բժիշկները պետք է մեզ հետ այստեղ լինեին: Սակայն առայժմ չկան: Պատճառը չգիտեմ: Հուսանք, որ դեռ կգան: