Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոսյանն ընդդեմ ՚Պետրոսյանի

Փետրվար 14,2007 00:00

«Հայելի» ակումբում երեկ բանավիճեցին ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, արձակագիր Ալվարդ Պետրոսյանը եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը:

Նրանք խոսեցին ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններից, այլեւ անդրադարձան Հրանտ Դինքի սպանությանը: Հանդիպման սկզբից պարզ էր, որ բանախոսները շատ հարցերում հակադիր կարծիքներ են ունենալու: Մարինե Պետրոսյանը անչափ հուզված պատմեց իր Թուրքիա կատարած այցելությունների եւ այն թուրք ընտանիքների մասին, որոնք հյուրընկալել էին իրեն: Ա. Պետրոսյանը, լսելով այս պատմությունը՝ հեգնանքով «վալերիանա» առաջարկեց վերջինիս: Ի պատասխան դաշնակցական արձակագրի, Մ. Պետրոսյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաները միշտ էլ հուզումնալից պահեր են պարգեւում իրեն, այնպես որ, մինչ ասուլիսը ինքն արդեն ընդունել է հանգստացնող հաբեր: Ա. Պետրոսյանը Մ. Պետրոսյանին նորից «խայթեց»՝ ասելով, որ այս թեմայի շուրջ հուզվելը այժմ շատ մոդայիկ է:

Վերադառնալով օրվա թեմային՝ «Հայաստան-Թուրքիա», Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Հակաթուրք հայ չկա… աշխարհում չկա մի այլ ժողովուրդ, որը մեր չափ ցանկանա տեսնել հարեւանի լուսավորությունը, մանավանդ Թուրքիայի քաղաքակիրթ լինելը մեզ համար կենսականորեն անհրաժեշտ վիճակ է»: Այս մտքին հակադարձեց Մ. Պետրոսյանը, հիշեցնելով Հրանտ Դինքի խոսքերը. «Հայ-թուրքական հարաբերություններում թույն կա, եւ այն պետք է հանել: Հայի հակաթույնը թուրքն է, թուրքինը՝ հայը»: Ա. Պետրոսյանն էլ նշեց, որ հայերի մեջ այսօր ոչ թե թույն է կուտակված, այլ հիշողություն: Մ. Պետրոսյանը ավելացրեց, թե լինելով Թուրքիայում, հասկացել է, որ թուրքերի պատճառած վերքը կբուժվի, եթե նրանք ներողություն խնդրեն: Ա. Պետրոսյանը լսելով մերօրյա թուրքերի բարյացակամ վերաբերմունքի մասին Մ. Պետրոսյանի պատմությունը, «Ակոսի» խմբագրից մեկ այլ խոսք մեջ բերեց. «Եթե Եղեռնի զոհերին ոսկե ինքնաթիռով էլ տեղափոխեին, միեւնույն է՝ դա ցեղասպանություն կլիներ: Պոլսահայ մտավորականների ասածին մենք պետք է ըմբռնումով նայեինք: Ես առիթ եմ ունեցել ասելու, որ Դինքի սպանությունը շատ կարեւոր մի հարց լուծեց: Գուցե դաժան բան եմ ասում, բայց մենք էլ հրեաների նման պիտի կարողանանք մեկ-մեկ օգտվել մեր վերքից: Հրանտ Դինքը Պոլիսը նորից մեր կյանքի մեջ մտցրեց, ինչը շատ կարեւոր է: Ժամանակին, երբ ասում էին Սփյուռք, երբեք նկատի չէինք ունենում ոչ Պոլիսը, ոչ էլ թուրքահայերին, իսկ Թուրքիայում շուրջ 3 մլն հայ է ապրում»:

Բանախոսները անդրադարձան նաեւ Հ. Դինքի հուղարկավորության օրը Թուրքիայում եւ Հայաստանում կազմակերպված ցույցերին: Ըստ ԱԺ պատգամավորի, թուրքական ցույցին մասնակցում էին հիմնականում հայեր եւ քրդեր, ինչպես նաեւ թուրքեր, որոնք վերեւների հրամանով էին ասում՝ «մենք հայ ենք» (Եվրոպայի աչքին թոզ փչելու համար- Լ. Օ.): Թուրքիայի այս քայլը Ա. Պետրոսյանը նախանձելի որակեց. «Շշմելու պետական մտածողություն ունեն թուրքերը: Ոչ մի բան հենց այնպես չեն անում»: Նա նաեւ նշեց. «Չեմ կարծում, որ մենք երբեւէ կհասնենք այն օրվան, որ կասենք՝ «մենք թուրք ենք»: Մ. Պետրոսյանը չկիսեց նրա կարծիքը, իսկ Հայաստանում Հրանտ Դինքի սպանության առիթով կազմակերպված ցույցը խղճուկ որակեց: Ալվարդ Պետրոսյանի կարծիքով՝ Դինքը վերջին զոհն է, դրա համար են անընդհատ նրան մտաբերում, մինչդեռ ուրիշ հերոսներ էլ ունենք՝ Վարդան Բախշյան, Բեկոր, Դուշման: Նրանց Մարինե Պետրոսյանը չէր ճանաչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել