Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրկվել եմ երեխայից, ամեն ինչից»

Փետրվար 14,2007 00:00

\"\"Ասում է տուժող Ռազմիկ Հարությունյանը

Անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին առեւանգվեց 1 տարեկան 8 ամսական Լուիզա Հարությունյանը: Ֆրանսիայում հատուկ կացության կարգավիճակ ունեցող նրա հայրը մինչ օրս չի տեսել աղջկան: Նա անգամ հացադուլ հայտարարեց գլխավոր դատախազության շենքի մոտ, իսկ երբ իրավապահները խոստացան հետամուտ լինել երեխային հայտնաբերելու գործին՝ դադարեցրեց այն:

Քրեական գործ հարուցվեց երեխայի տատիկի եւ մորաքրոջ՝ Սոֆյա եւ Լիլիթ Ավետիսյանների նկատմամբ: Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Ավետիսյանին նախաքննության ժամանակ 21 օր կալանքի տակ պահեցին, ապա փոխվեց նրա խափանման միջոցը: Տատիկն ու Ռուսաստանի քաղաքացի նրա աղջիկը ստորագրություն են տվել քաղաքից չբացակայելու համար: Քրեական գործը ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Դատական անդրանիկ նիստը, որը նշանակվել էր հունվարի 19-ին՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, հետաձգվել է Ավետիսյանների պաշտպան Արթուր Գրիգորյանի բացակայության պատճառով:

Երեխային փնտրելու ժամանակահատվածում տուժող ճանաչված հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը հեռացվեց Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի 3-րդ կուրսից՝ դասերից բացակայելու պատճառով:

«Պարալիզացվել է դեմքիս ձախ հատվածը, եւ տեղի հայաստանյան բժիշկները հանձն չեն առնում այլեւս օգնել ինձ»,- ասում է տուժողը, որը կորցրել է ամեն ինչ՝ աղջկան, հոգեկան անդորրը, առողջությունը, ուսումը:

Նախաքննության ժամանակ Սոֆյա եւ Լիլիթ Ավետիսյաններն իրենց մեղավոր չեն ճանաչել եւ հրաժարվել են ցուցմունքներ տալ: Թեեւ հոդվածը, որը առաջադրվել է նրանց, ծանրակշիռ է. նրանց սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում՝ «նախնական համաձայնությամբ ծնողին երեխայից բաժանելու» համար:

Ուշադրության արժանի է այն, որ երեխայի առեւանգման մասին հայտարարություն էր տրվել սեպտեմբերի 8-ին, հաջորդ օրը, իսկ Արաբկիրի ոստիկանները քրեական գործ էին հարուցել մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 7-ին: Նախաքննությունը շարունակվում է:

Մինչ քրեական գործը դատարան կուղարկվեր, ստորագրություն տված Ավետիսյանները քաղաքացիական հայցով դիմել էին դատարան, սահմանափակելու հոր՝ Ռազմիկ Հարությունյանի իրավունքները: Հայցվորը հետագայում հրաժարվեց հայցից, եւ գործը կարճվեց: Սակայն երեխան չկար, եւ որեւէ մեկը չի պատասխանում, թե որտեղ է վերջապես գտնվում Լուիզան:

Վկա Խոսրով Մկրտչյանը ցուցմունք է տվել. «Սեպտեմբերի 7-ի երեկոյան մենք բարեկամներով հավաքվել էինք Ռազմիկենց բնակարանում, քանի որ Ռազմիկն այդ օրը իր երեխայի հետ պետք է մեկներ Ֆրանսիա: Ռազմիկի զոքանչը՝ Սոֆյան, քենին՝ Լիլիթը, խնդրում էին Ռազմիկին, որպեսզի 10 րոպեով երեխային իջեցնեն բակ՝ պապիկի հետ տեսակցելու: Ռազմիկը համաձայնվեց: Որոշ ժամանակ անց Ռազմիկը սկսեց անհանգստանալ: Երբ իջանք բակ, որեւէ մեկն այնտեղ չկար»: Մինչ նախաքննական ցուցմունքից հրաժարվելը, տատիկը հայտնել է, որ «Լիլիթը չգիտի երեխայի գտնվելու վայրի մասին: Ես առանձին վայրում հատուկ դայակ եմ վարձել, որը երեխային խնամում է եւ այս պատմության մասին ընդհանրապես տեղեկություն չունի: Երեխան ապրում է ազատ, նորմալ պայմաններում, օգտվում է ամեն բարիքներից»:

Մնում է այսքանից հետո զարմանալ. ոստիկանները ինչու են նախաքննությունը շարունակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել