Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՄՐՈՑ՝ ԹԵՂԵՆԻՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Փետրվար 14,2007 00:00

Ծաղկաձորյան ճոպանուղու կանգառներում ջերմ մթնոլորտն ու համեղ սնունդը սպասում են ձեզ: 2006-07-ին Ծաղկաձորում ձմեռային մարզաձեւերի սիրահարներին ձյան սակավ տեղումները մի քիչ հիասթափեցրին, սակայն զբոսաշրջիկների թիվը չպակասեց:

Թեղենիսում դահուկներ եւ սահնակներ քշողներին այս տարի ուրախ անակնկալ էր սպասվում: Անցյալ տարի «Տիֆոզի» ընկերությունը Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինության կողմից առաջարկ էր ստացել ստեղծել սննդի մատակարարման երեք կետ: Այժմ արդեն ճոպանուղու կանգառներում գործում են ժամանակակից սննդի սպասարկման նոր կենտրոններ՝ «Ատոմիկ», «Տիֆոզի» եւ «Տուշպա»: Ծաղկաձոր կատարած մեր այցի ընթացքում հանդիպեցինք 80-ականներին ստեղծված «Սալամոն» դահուկորդների սիրողական ակումբի անդամներին: Նրանցից Իրինա Բելուբեկյանը, ով 1985-ից սկսած, ամեն տարի ձմռանը ընկերների հետ գալիս է դահուկ քշելու, հիշեց, որ մինչեւ անցյալ տարի Թեղենիսի վրա ընդամենը մի բար էր գործում. «Այն շատ փոքր էր, եւ քչերին էր բախտ վիճակվում այնտեղ մի քիչ տաքանալ, թեյ կամ սուրճ խմել: Սակայն լեռնադահուկային սպորտի ցանկացած սիրահար կարող է ասել, որ սահքի ընթացքում անհրաժեշտ է գոնե կես ժամը մեկ հանգստանալ տաք միջավայրում»: Դահուկորդներից մեկն էլ փաստեց, որ առաջ ստիպված էին իրենց հետ մեծ ուսապարկերով սնունդ եւ տաք ջուր վերցնել, ինչը ավելորդ անհանգստություն էր պատճառում: Ծաղկաձորի նորաստեղծ այս սրահները կարող են միաժամանակ 350-ից ավելի մարդ սպասարկել: «Տիֆոզի» ցանցի ծաղկաձորյան մասնաճյուղի տնօրեն Վռամ Մարտիրոսյանը հայտնեց, որ սպասարկման որակն ու արագությունը ապահովելու համար ժամանակակից տեխնիկայով հագեցած խոհանոցներ են պատրաստվել ռեստորաններում, ինչպես նաեւ հրավիրվել են երեւանյան խոհարարներ. «Մենք դեռ նոր ենք գործի անցել եւ վստահ կարող եմ ասել, որ օր օրի էլ ավելի կբարելավենք եւ կկատարելագործենք մեր ռեստորանների վիճակը»:

«Ատոմիկը» հավերժական գարուն խորհրդանշող ռեստորան է, որտեղ կարելի է համեղ ուտելիքներ ճաշակել սաղարթախիտ ձմեռային այգում: «Ծաղկաձորյան ձյունառատ միջավայրում «Ատոմիկը» հրաշք անկյուն է, որտեղից կենդանություն է հորդում: Այստեղ ճերմակ ու սառը մթնոլորտին անմիջապես փոխարինում է կանաչապատ, ծաղկառատ սրահը: Իսկ «Տիֆոզիի» համեղ պիցցաներն եւ սենդվիչները դեռ Երեւանում եմ ճաշակել: Վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ գնային եւ համային ոչ մի տարբերություն չկա»,- նշեց «Ատոմիկի» հաճախորդներից Վահե Աբրահամյանը:

«Տուշպա» ռեստորանը գտնվում է Թեղենիսի գագաթին, այն կառուցված է հին ուրարտական ամրոցի ոճով: Ձմռանն այստեղ կարելի է հասնել ճոպանուղու օգնությամբ, իսկ ձյան հալվելուն պես՝ ասֆալտապատ ճանապարհով: «Տուշպան» այս կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրը: Ռուս դահուկորդներից մեկը նշեց, որ այս ռեստորանի շնորհիվ ծանոթացել է հայոց պատմությանը. «Այս ռեստորանը ասես հին հայկական մշակույթի մասին պատմող թանգարան լինի: Այստեղ ես տեսա հայ թագավորների արձաններ, ինչպես նաեւ ուրարտական խորհրդանիշներ, զարդաքանդակներ: Այդպիսով, քիչ թե շատ պատկերացում կազմեցի ուրարտական հարուստ մշակույթի մասին: Այստեղ ինձ պատմեցին, որ հայերը աշխարհի հնագույն ազգերից են, ու դարեր առաջ ծովից ծով Հայաստան են ունեցել»:

«Տիֆոզին», «Ատոմիկը» եւ «Տուշպան» կգործեն ողջ տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել