Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԵԼ Է

Փետրվար 14,2007 00:00

Խոսքը ԱԺՄ-ի՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առաջարկի մասին է

Դեռ այս տարեսկզբին «Հակակրիմինալ շարժման» նիստերից մեկում, որտեղ քննարկվել էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցության հարցը, ԱԺՄ ներկայացուցիչը գործընկեր քաղաքական ուժերին առաջարկել էր ստեղծել ընդդիմության համակարգող խորհուրդ՝ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հիմնական առաքելությամբ: Ավելի ուշ այդ առաջարկը կրկնեց նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մեր թերթին տված հարցազրույցում պարոն Մանուկյանը մանրամասնել էր այս առաջարկի՝ 4 կետից բաղկացած փաստաթղթի էությունը: Հիշեցնենք, որ ըստ այդմ առաջարկվում է. 1/ Մշակել բոլոր ընդդիմադիր ուժերին միավորող պլատֆորմ այն հարցերից, որոնք ընդհանուր են բոլորի համար (օրինական իշխանություն, նոր դատական համակարգ, հանրաքվեի իրավունք, մենաշնորհների վերացում, ազգային ծրագրերի առաջարկում՝ ժողովրդագրության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում): 2/ Այս խորհուրդն ինքնին ընտրական դաշինք չէ: Խորհրդի մասնակից անդամների մի մասը, ըստ ցանկության, կարող է չմասնակցել ընտրություններին, մյուսները կարող են համախմբվել մի քանի ընտրական դաշինքներում՝ ընտրապայքարում միմյանց հետ համագործակցելով։ 3/ Ընդդիմադիր խորհուրդը պիտի իրականացնի միասնական պայքար կեղծիքների դեմ եւ ընտրությունների իրական արդյունքների ամրագրման հարցում պայքարի մինչեւ վերջ: Հակառակ դեպքում բոյկոտի եւ դուրս գա ԱԺ-ից: 4/ Խորհուրդը պիտի հասնի պայմանավորվածությունների, ըստ որի՝ մեծամասնական ընտրակարգով ընդդիմադիրներն իրար դեմ թեկնածուներ չեն առաջադրելու, ու նաեւ՝ միասին պաշտպանելու են առաջադրված ընդդիմադիր յուրաքանչյուր թեկնածուի։

Համանման առաջարկ բոլորովին վերջերս արել է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, թեեւ վերջինս «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր եւ Վ. Մանուկյանի առաջարկներն իրար շատ էլ նման են, «բայց խնդիրն այն է, որ մենք միավորում ասելով նկատի ունենք, որ դա պետք է գործի հիմնականում նախընտրական փուլում՝ մարտ-ապրիլ ամիսներին: Իմ պատկերացմամբ, պետք է միավորվեն այն կուսակցությունները, որոնք առաջին հերթին մասնակցելու են ընտրություններին, նաեւ այն հասարակական կազմակերպությունները, որոնք ուզում են վերահսկողություն սահմանել ոչ միայն ընտրության օրը, այլեւ մինչ այդ նպաստել երկրում մթնոլորտը փոխելուն: Մեր կարծիքով, այդ բոլոր ուժերը միասնաբար ՀՀ բոլոր մարզերում պետք է հանդիպումներ կազմակերպեն ժողովրդի հետ, բայց ներկայացնեն 3-4 հիմնական սկզբունքներ՝ արդար ընտրություններ անցկացնելու վճռականություն, վախի մթնոլորտի հաղթահարում, որովհետեւ մենք իսկապես պայքարելու ենք ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար, տեր կանգնել ժողովրդի քվեին եւ միասին պայքարել այդ ձայները տեղ հասցնելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է, թե հասարակությունը ընդդիմադիր կուսակցություններից որին կընտրի, ապա ժողովրդին պետք է հնարավորություն տանք ընտրություն անել ըստ գաղափարախոսության եւ առաջարկվող ծրագրերի»: ՀԴԿ նախագահի ասելով, իր առաջարկը, այսպես ասած՝ երկարաժամկետ գործողության համար է, իսկ «եթե այս ամբողջ գործընթացը հետաձգվի եւ մնա, որ միայն ընտրության օրը վերահսկենք», ըստ նրա՝ «անիմաստ կլինի»:

Ե՛վ Վ. Մանուկյանը, ե՛ւ Ա. Սարգսյանը երեկ մեր հարցադրմանն ի պատասխան ասացին, որ իրենց առաջարկներին ընդդիմադիր ուժերը որոշակիորեն արձագանքել են՝ դրական իմաստով: Համենայնդեպս, Ա. Սարգսյանի ասելով՝ «ոչ ոք չի մերժել: Ուղղակի հաշվի առնելով, որ մենք մեր համագումարին ենք պատրաստվում, այդ առաջարկին անդրադառնալը ռեալ կլինի այն ժամանակ, երբ բոլոր կուսակցություններն ավարտեն իրենց բանակցային գործընթացները՝ հատկապես միավորումներ ստեղծելու կամ ընտրություններին միայնակ գնալու, համագումարներ անցկացնելու շուրջ: Իմ կարծիքով, այդ առաջարկին կանդրադառնանք մարտի 3-ից հետո»: Նույնը պնդեց նաեւ Վազգեն Մանուկյանը, ում փոխանցմամբ` այդ հարցում կարեւորը շտապ որոշում կայացնելը չէ. «Փետրվարի 26-ից մարտի 3-ը ցուցակները կներկայացնենք, կպարզվի, թե մեծամասնական ընտրակարգով ով ում դեմ է թեկնածություն առաջադրում, որից հետո ինչ-որ ժամանակաշրջան կպահանջվի ծրագիր գրելու, նաեւ այդպիսի կոնկրետ պայմանավորվածությունների գալու համար: Դա շտապ չի, կարելի է միշտ էլ անել»:

Պարոնայք Սարգսյանի եւ Մանուկյանի հետ զրույցից տպավորություն ստեղծվեց, թե ընդդիմադիր մյուս կուսակցությունները հիշյալ առաջարկներին համաձայն են, բայց դրա շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների չեն հանգել, կամ գոնե դրա մասին հասարակությունն է անտեղյակ: Մենք փորձեցինք ընդդիմադիր մյուս կուսակցություններից ճշտել նրանց վերաբերմունքն այդ առաջարկների վերաբերյալ:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն այս առնչությամբ ասաց. «Մեր կուսակցությունն այդ առաջարկին շատ լավ է վերաբերվում եւ համաձայն է կյանքի կոչել այն»:

ՀԺԿ-ն եւս, ի տարբերություն 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության առաջնորդների առաջադրմանն առնչվող առաջարկի, Վ. Մանուկյանի ծրագրի հետ համաձայն է: ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը փոխանցեց, որ իր կուսակցությունը «միշտ էլ միանշանակորեն համագործակցված եւ համաձայնեցված պայքարի կողմնակից է»: «Մենք լիովին կողմ ենք այդ գաղափարին, իսկ թե ինչպե՞ս ու ի՞նչ մեխանիզմով պետք է աշխատենք՝ դեռ պետք է քննարկվի: Գաղափարը ճիշտ է, եւ անհրաժեշտ են համաձայնեցված գործողություններ: Կարծում եմ, ուղղակի պետք է կոնկրետ քայլերի անցնել: Չեմ կարծում, թե գտնվի որեւէ մեկը, որ դեմ լինի այդ առաջարկին: Մենք համաձայն ենք նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով էլ ընդդիմությունը պետք է համաձայնեցնի իր թեկնածուների առաջադրումները»,- հավելեց Ռ. Խաչատրյանը:

«Ազգային միաբանությունն» էլ, ըստ համանուն խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանի, ընդունելի է համարում Վ. Մանուկյանի առաջարկը՝ գտնելով, որ ընդդիմությունը պարտավոր է միասնական ճակատով պայքարել ընտրությունների ժամանակ իշխանությունների հնարավոր ոտնձգությունների դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել