Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է ԼԻՆԵԼ ԲԱԶԵ, ՔԱՆ ԿԱՉԱՂԱԿ

Փետրվար 14,2007 00:00

\"\"Պնդում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, «Բազեի» մասնակից, 32-ամյա
Կարեն Ավագյանը

– ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունն այսօր հրավիրում է ընդդիմադիր երիտասարդական եւ ուսանողական կառույցների հավաք՝ քննարկելու համատեղ գործողություններն առաջիկա ընտրություններից առաջ: Ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեն գալիս նաեւ իշխանական ուժերի երիտասարդական կառույցները՝ չե՞ք տեսնում դրա անհրաժեշտությունը, չունե՞ք ընդհանուր գործողության ասպարեզ, թե՞ կա որեւէ այլ պատճառ:

– Հայաստանի ընդդիմադիր դաշտում վաղուց են հնչում համախմբվելու կոչեր: Ի տարբերություն իրենց, իշխանական թեւը կարծես թե չունի նման խնդիր: Իսկ մեր համագործակցությունն այլոց հետ եղել է ծրագրային, հստակ նպատակների շուրջ: Խոսենք ապագա ծրագրերի օրինակով՝ փետրվարի վերջին կազմակերպելու ենք «Երիտասարդությունը հանուն ազատ ու արդար ընտրությունների» քննարկում, որին մասնակցելու են բուհերի ուսանողական կառույցները, երիտասարդական ակտիվ կազմակերպությունները եւ այն կուսակցությունների երիտասարդական թեւերը, որոնք կմիանան մեր կոչին:

– Այդ քննարկմամբ էլ ավարտվելո՞ւ է, թե՞ մտադիր եք մշակել գործողությունների ծրագիր՝ ընտրությունների արդար անցկացմանը ձեր լուման ներդնելու համար:

– Քննարկման արդյունքում ընդունվելու է հայտարարություն: Իսկ ամեն կազմակերպություն ինքն է որոշում սեփական գործողությունների պլանը: Ասենք, 2004-05-ից սկսյալ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության բոլոր միջոցառումներն ուղղված են այդ նպատակին: Մեր իրականացրած դասընթացների ու սեմինարների հիմնական նպատակներից մեկն է եղել, որ ունենանք բանիմաց, պատրաստված երիտասարդներ, որոնք կդառնան ՀՀԿ-ի թե՛ վստահված անձինք, թե՛ հանձնաժողովներում ներկայացուցիչներ, թե՛ ընտրարշավի ակտիվ մասնակիցներ:

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված լուրերը, որ Դուք տեղ եք զբաղեցնելու ՀՀԿ համամասնական ցուցակում:

– Եթե դեռ չկա ցուցակը, ինչպե՞ս ասեմ՝ համապատասխանում է կամ ոչ: Որոշումը ՀՀԿ խորհրդինն է: Մեր երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները միշտ տեղ են գտել կուսակցության ցուցակում: Իսկ թե այս անգամ ինչպես կլինի՝ մի քիչ համբերեք եւ կտեսնեք:

– ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները, որպես կանոն, ԱԺ-ում ստանձնում են կուսակցության քարոզչական հրետանու դերը, որի մի օրինակն էլ Արմեն Աշոտյանն է: ԱԺ-ում հայտնվելու դեպքում էլի այդպե՞ս եք տեսնում Ձեր դերակատարությունը՝ հակահարված տալ ընդդիմությանը եւ այլն:

– Քաղաքական պայքարում ՀՀԿ-ի համար որեւէ մեկը թշնամի, հակառակորդ չէ, այլ ուղղակի մրցակից է: Եվ ցանկացած երիտասարդ, որ կանցնի ԱԺ՝ թարմ ուժ է, նոր լիցք: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությանը՝ շեշտեմ, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու մեր ավագ ընկերներից:

– Դուք արդեն իսկ մասնակցել եք կազմակերպված մի շարք բանավեճերի, որտեղ Ձեր ընդդիմախոսները ՀՀՇ-ի, ՆԺԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներն էին: Այդ ուժե՞րն են, Ձեր կարծիքով, առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական մրցակիցները:

– Երիտասարդական թեւ ունենալը կարծես դարձել է նորաձեւ: Սակայն ակնհայտ է, որ անձ-կուսակցությունները կարող են ունենալ միայն անձ-երիտթեւեր: Նրանց ճնշող մեծամասնությունը դեռ չի անցել անգամ ներկուսակցական կայացման փուլը, հետեւաբար լուրջ մրցակից չի կարող լինել միջկուսակցական մրցապայքարում: Իսկ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը վաղուց դարձել է կուսակցական կայացած միավոր:

– ՀՀԿ-ի համար ուժեղ մրցակից համարվում է «Բարգավաճ Հայաստանը»: Ինչո՞ւ նրա երիտասարդ անդամների հետ չեք բանավիճում գաղափարների եւ ծրագրերի շուրջ: Արդյոք նման բանավեճի բացակայությունը մյուս կողմի մոտ գաղափարախոսության բացակայության վկայությո՞ւնը չէ:

– Բանավեճն ինքնանպատակ չէ, շոու չէ, աղմկահարույց բախում չէ: Միգուցե դեռ նրանց հետ էլ առիթ լինի որեւէ բանավեճի: Մենք ուղղակի ներկայացնելով մեր ծրագրերը, գաղափարներն ու միջոցառումները՝ մայր-կուսակցությունից ժառանգած հստակ ու լուրջ չափորոշիչներ ենք բերում երիտասարդական քաղաքական դաշտ: Թող բոլորն իրենցը ներկայացնեն՝ կտեսնենք:

– Բանավեճերից մեկի ընթացքում ՀՀՇ-ի երիտասարդական թեւի ղեկավարը պնդեց, թե իշխանությունը որոշ երիտասարդական կազմակերպություններ օգտագործում է իր նպատակների համար եւ մասնավորապես՝ «Բազեն» ուղղված է Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերարտադրությանը: Որպես «Բազեի» մասնակից՝ ի՞նչ կհակադարձեք այս պնդումներին:

– «Բազե» ծրագրին մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ, նաեւ՝ ընդդիմադիր դաշտից: «Բազեն» ժամանակի ընթացքում ապացուցեց իր առաքելությունը ու նշանակությունը՝ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդում, հայ երիտասարդության մտավոր, ստեղծագործական ու մարզական ներուժի բացահայտում եւ այլն: Եվ չեմ հասկանում, թե ինչու են փորձում այն անընդհատ կապել ՀՀԿ-ի հետ: Ուղղակի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները միշտ ավելի ակտիվ են, տեսանելի, եւ սրանով է պատճառաբանված այն «պիտակը», որ փորձում են փակցնել: Իսկ առօրյա կյանքում, առհասարակ, անկախ քաղաքական պատկանելությունից՝ գերադասելի է լինել բազե, քան կաչաղակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել