Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի հասկանում ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպումների շուրջ ադրբեջանական կողմի ստեղծած աղմուկի պատճառները:
«Միեւնույն է, մենք հայերի հետ հանդիպում ենք ուրիշ մարզաձեւերում,- ասել է նա:- Նրանք ինչո՞ւ էին լռում, երբ Թեյմուր Ռաջաբովը խաղաց հայի հետ (խոսքը, հավանաբար, Վեյկ ան Զեեում Լեւոն Արոնյանի հետ հանդիպման մասին է) ու, ավելին, պարտվեց նրան: Իմ կարծիքով, ԱՖՖԱ-ն պետք է սպասողական դիրք գրավեր: ԱՖՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը հայտարարում է, թե մենք հայերին Բաքվում չենք ընդունի, անգամ եթե մեզ ՈՒԵՖԱ-ից հեռացնեն: Այս դեպքում նրան պետք է հարցնել, թե ո՞վ է Ադրբեջանի անունից խոսելու իրավունք տվել: Ինչ վերաբերում է Ադրբեջան-Հայաստան խաղին, այն կարելի է անցկացնել եւ Բաքվում, եւ Երեւանում՝ փակ ստադիոններում: Եթե չենք ցանկանում բարձրացնել Հայաստանի դրոշը եւ հնչեցնել օրհներգը, չպետք է դրա համար պայմաններ ստեղծենք: Դրա համար թող ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն Ադրբեջանին տուգանեն: Բայց վատթար կլինի, եթե մեզ այդ կազմակերպություններից վտարեն»:
Հարցին, թե կարելի՞ է Հայաստանի հավաքականի հետ ընդհանրապես չհանդիպել, Մուսաեւը պատասխանել է. «Ամեն բան հնարավոր է: Բայց մենք հայերի հետ պետք է խաղանք: Խոսելով Ադրբեջանի անունից՝ գլխավոր քարտուղարը հայտարարում է, թե թող մեզ վտարեն: Ինչպե՞ս վտարեն: Չէ՞ որ մենք հայերի հետ մրցում ենք այլ մարզաձեւերում: Թուրքիայի հավաքականն ինչո՞ւ է հանդիպում Հարավային Կիպրոսի հետ՝ այն դեպքում, որ հենց Կիպրոսի խնդրի պատճառով Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն: Կանոնադրության մեջ գրված է, որ ֆուտբոլը չի կարելի խառնել քաղաքականության հետ»:
ԱՖՖԱ-ի նախկին ղեկավարի խոսքերով, Հայաստանի հավաքականին Բաքվում ընդունելու մեջ նախախնամության ոչ մի բան չկա: «ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն դա չեն ընդունում: Պարզապես մենք պետք է վիճակահանությունից հետո լռեինք: Այդ ժամանակ հայերը Բաքու մեկնել չցանկանալու հարց կբարձրացնեին: Ես կրկնում եմ. այդ հարցը պետք է լուծվի կառավարությունների մակարդակով: Ֆեդերացիան դա ինքնագլուխ լուծելու իրավասու չէ: Ավելին, ինձ թվում է, թե խնդիրն արդեն իսկ լուծված է: Այնպես որ, վերջակետ պետք է դնել: Վտանգավոր է հայտարարել՝ «Եթե ուզում են, թող մեզ վտարեն»: Եթե վտարեն, ապա ետ չեն ընդունի: Ծայրագույն դեպքում այդ հանդիպումը կարելի է կազմակերպել 1962 թվականին Չիլիում կայացած աշխարհի առաջնությունում տեղի ունեցածի օրինակով. ֆուտբոլասերներին ստադիոն մի թողեք եւ խաղացեք ոչ թե Բաքվում, այլ մի ուրիշ տեղ»: