Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ՉՈՐՍ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ

Փետրվար 13,2007 00:00

\"\"Անցած տարվա հունիսին Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում կայացած Սեւծովյան տնտեսական զարգացման երկրների սպորտի ղեկավարների խորհրդակցությունում որոշվեց՝ սկսած 2007 թվականի ամռանից, չորս տարին մեկ կազմակերպել Սեւծովյան երկրների երիտասարդական մարզական խաղեր:

Այդ խորհրդակցությունում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը:

– Անցել է արդեն ութ ամիս: Խաղերի նախապատրաստությունը ո՞ր փուլում է:

– Տարեսկզբին ստացանք կանոնադրության վերջնական տարբերակը, ինչպես նաեւ խաղերի անցկացման ճշտված ժամկետները: Դրանք կայանալու են հուլիսի 2-8-ը՝ Տրապիզոնում: Որպես նախաձեռնող, Թուրքիան ցանկություն էր հայտնել, որպեսզի առաջին խաղերը կայանան իր տարածքում, որին բոլորն էլ համաձայնել էին: Ընդ որում, նրանք իրենց վրա են վերցրել ծախսերի զգալի մասը:

– Քանի՞ մարզաձեւ է ընդգրկված խաղերի ծրագրում:

– Խորհրդակցության ժամանակ ընտրվել էր նախնական ինը մարզաձեւ՝ ֆուտբոլ, աթլետիկա, ըմբշամարտ (երկու ոճերը), նետաձգություն, գեղարվեստական մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, լող եւ թաեքվանդո: Սակայն 1-ին խաղերի վերջնական ծրագիրը հաստատվելու էր որոշակի պայմանների դեպքում: Եթե անհատական մարզաձեւերից հայտ ներկայացնում է վեց պետություն, դրանք մտնում են ծրագիր: Նույնը՝ նաեւ խաղային մարզաձեւերում, բայց չորս պետության հայտի դեպքում:

– Հայաստանը քանի՞ մարզաձեւի մասնակցության հայտ է ներկայացրել:

– Հունվարին, երբ կանոնադրությունն արդեն մեր ձեռքին էր, դիմեցինք ԱԳՆ եւ նրանց համաձայնությունն ստանալով՝ մտանք կառավարություն, որտեղ էլ որոշվեց մեր մասնակցությունը ֆինանսավորել: Ստեղծեցինք աշխատանքային խումբ, Սպորտպետկոմի մասնագետներից կազմված մի փոքրիկ հանձնաժողով: Վերոնշյալ մարզաձեւերի ֆեդերացիաներից պահանջեցինք այդ տարիքային խմբի (մինչեւ 18 տարեկաններ) մեր մարզիկների՝ վերջին տարիների արդյունքները, դրանք համեմատեցինք ներկայիս միջազգային ցուցանիշների հետ, որից հետո, հաշվի առնելով, որ 1-ին խաղերը բավականին պատասխանատու են եւ բոլոր երկրներն էլ ձգտելու են արդյունքներ ցույց տալ, որոշեցինք մասնակցել ֆուտբոլի, աթլետիկայի, ըմբշամարտի եւ թաեքվանդոյի մրցումներին:

– Մեր մարզիկների ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվելու:

– Դա ֆեդերացիաների խնդիրն է: Նրանք են որոշելու մարզիկների անունները: Սպորտպետկոմը ֆեդերացիաներին բացատրել է հարցի կարեւորությունը, խստորեն նախազգուշացրել, որ ներկայացվեն միայն ամենաարժանավորները:

– Պատվիրակությունը քանի՞ անդամից բաղկացած կլինի:

– Կարծում եմ, ամբողջությամբ՝ շուրջ 60: Աշխատել ենք, որպեսզի պատվիրակությունում լինեն միայն նրանք, ում ներկայությունը պարտադիր է՝ մարզիկներ, մարզիչներ, բժիշկներ, խիստ սահմանափակ թվով պաշտոնական անձինք:

– Հայաստանցի մարզիկները Թուրքիայում անցկացվող մրցաշարերին մասնակցելիս որեւէ խնդիր չեն ունենում: Հնարավո՞ր է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Տրապիզոնում տեղի ունեցած իրադարձությունները եւ լարված մթնոլորտը խաղերի օրերին մեր պատվիրակության համար տհաճ միջադեպերի տեղիք տան:

– Մենք նույնպես այդ մտահոգությունն ունեինք, ու հարցը բարձրացրել ենք: Խաղերի կազմկոմիտեն եւ Թուրքիայի սպորտի նախարարությունը հավաստիացնում են, որ կարվի ամեն բան, որպեսզի Տրապիզոնում հայկական պատվիրակության հետ կապված որեւէ դիպված չլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել