Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական «տեռոր»՝ «Ռոյալ Արմենիայի» դեմ

Փետրվար 13,2007 00:00

Մաքսայինն ուզում է ամեն կերպ ընկերությանը ոչնչացնել

Արդեն 4 ամիս է՝ սուրճի ներկրմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերության բաժնետերերի՝ Արամ Ղազարյանի եւ Գագիկ Հակոբյանի դեմ 5 հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունն ավարտված է, գործերն ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն դատը չի կայանում եւ 16 ամիս է՝ ընկերության բաժնետերերը կալանքի տակ են: Դատը նշանակված է փետրվարի 15-ին:

«Դա սարքած գործ է»,- երեկ այսպիսի համոզվածություն հայտնեց ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիս հրավիրած ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը եւ ամեն ինչ անում են, որ «Ռոյալ Արմենիային» ոչնչացնեն»: Կալանավորների փաստաբան Աշոտ Սարգսյանն էլ հավելեց. «Գործը պատվեր է, Ազգային անվտանգության ծառայության քննիչ Մնացական Մարուքյանն էլ պատվերն ընդունել է, ուղեղն անջատվել է»:

Թ. Մանասերյանի խոսքերով, վերջերս ինքն այցելել է Գագիկի եւ Արամի բանտախուց եւ տեսել է, թե ինչ անմարդկային պայմաններում են նրանք պահվում. «Այնտեղ միտումնավոր այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ ընկերության ներկայացուցիչներին ֆիզիկապես ոչնչացնեն, որ նրանք այնտեղից էլ հետ չգան»: Պատգամավորը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահին մաքսային-«Ռոյալ Արմենիա» հակամարտության մանրամասներին պատշաճ չեն տեղեկացրել, հակառակ դեպքում նախագահը թույլ չէր տա, որ գործն այսպիսի ընթացք ստանար. «Ռոյալ Արմենիայի» դեմ իսկական քրեական «տեռոր» է իրականացվում»: Բանախոսների կարծիքով, «Ռոյալ Արմենիային» «տեռորի» են ենթարկում այն բանի համար, որովհետեւ այս ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանն է առաջինը հայտարարել, որ մաքսայինում կաշառք են ուզում, ինքը հրաժարվել է կաշառք տալ եւ տվել է Մաքսային կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի անունը:

Ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանի կարծիքով էլ, գործը քննած անձինք ուղղակի «բանդիտներ» են:

«Փաստաթղթերով երեւում է, որ որոշակի ժամանակահատվածում «Ռոյալ Արմենիան» ներմուծել է ընդամենը 5 միլիոն դրամի ապրանք, սակայն մեղադրվում է 140 միլիոն դրամի մաքսանենգ ապրանք ներմուծելու համար»,-զարմացած նշեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա, «Ռոյալ Արմենիան» մեղադրվում է նաեւ ամերիկյան գործընկեր «ՖԻԳ» ընկերությանը պարտք լինելու մեջ, այդ պարտքը հասնում է մինչեւ 2 միլիոն դոլարի, ընդ որում, պարտքի մասին ընկերությունն իմացել է քննիչից. «Նրանք խոսում են այնպիսի գումարների մասին, որոնք կգերազանցեն նույնիսկ մեր պետբյուջեն»,- կատակեց Ա. Սարգսյանը: «Ռոյալ Արմենիան» հույս հայտնեց, որ գոնե դատարանն այս բոլոր անարդարությունները կբացահայտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել