Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲՈՅԿՈՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ

Փետրվար 13,2007 00:00

Նման միտումներ արդեն կան

Անցյալ շաբաթավերջին հայաստանյան հեռարձակողները հրապարակեցին առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ նախընտրական քաղաքական գովազդի իրենց սահմանած սակագները, որոնք քննադատության արժանացան հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից: Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեն սահմանել է 108 հազար դրամ, «Արը»՝ 100 հազար, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ 80 հազար դրամ կամ 222 ԱՄՆ դոլար:

Խորհրդարանական ընդդիմությունն անցյալ շաբաթ անդրադառնալով սահմանված սակագներին՝ կարծիք էր հայտնել, թե դա անհավասար պայմաններ է ստեղծում իշխանության եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ, նաեւ նպատակ ունի զրկելու ընդդիմությանը հեռուստաեթերով հանդես գալու հնարավորությունից, որովհետեւ, ի տարբերություն իշխանական կուսակցությունների, ընդդիմադիր որեւէ կուսակցություն այդքան ֆինանսական ռեսուրս չունի:

Հեռուստաընկերությունների ներկայացրած սակագները մտահոգիչ են նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համար: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե «ՆԺ»-ի համար սահմանված սակագները հասանելի չեն, բայցեւ չցանկացավ, իր ասելով, «մյուսների նման լացել»: Այդուհանդերձ, պարոն Կարապետյանի դիտարկմամբ եւս՝ հեռուստաընկերությունների կողմից քաղաքական գովազդի համար սահմանված գինը նպատակ ունի զրկել ընդդիմադիր մի շարք ուժերի հեռուստաեթերից օգտվելու հնարավորությունից: «Դա էլ է ընտրական տեխնոլոգիայի մաս կազմում: Դա ընդդիմությանը խոչընդոտելու համեմատաբար ավելի չերեւացող մասն է: Պարզ է, որ իշխանությունները հենց սկզբից այնպես են ուզում անել, որ ընդդիմության՝ հասարակության վրա ազդեցությունը փոքր լինի, որովհետեւ այդպես հույս ունեն ընտրակեղծիք ավելի քիչ անել»,- հայտարարեց «ՆԺ» նախագահը: Բայց արդյոք դա վճռորո՞շ է լինելու ընդդիմության քարոզչության համար: Ըստ Ա. Կարապետյանի՝ «կարծում եմ, վճռորոշ չէ, որովհետեւ ընդդիմությունը նաեւ դռնից դուռ է գնալու քարոզարշավ ծավալելու համար: Բայց որ մենք բոլորս՝ ԶԼՄ-ների հետ միասին, պետք է պայքարենք, որ այդ սակագներն իջեցնենք՝ փաստ է: Ես ինքս՝ որպես Արամ Կարապետյան եւ «ՆԺ» կուսակցության նախագահ, ամեն ինչ կանեմ, որ լսելի լինեմ նույնիսկ այդ գների պայմաններում, բայց, կարծում եմ, դրա դեմ պայքարել պետք է, որովհետեւ դա քաղաքական ուժերին հավասար պայմաններից զրկելու մի ձեւ է»:

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ՝ քաղաքական գովազդի բարձր սակագինը շուկայական հարաբերությունների, պահանջարկ-առաջարկի հետ բացարձակապես որեւէ կապ չունի, ինչպես փորձում էր ներկայացնել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Հովհ. Հովհաննիսյանի ասելով՝ «մեր երկիրն այն երկիրը չէ, որտեղ շուկան պահանջի եթերի 1 րոպեն սահմանել 300 դոլարին համարժեք դրամ, մանավանդ որ՝ միջին աշխատավարձը կամ թոշակն այդ նույն երկրում 10 հազար դրամից չի անցնում: Ստացվում է, որ մեկ րոպե քաղաքական գովազդի համար պետք է վճարվի այնքան գումար, որը համարժեք է թոշակառուի մեկ տարվա թոշակին»: Բայց դուք թոշակառու չեք, քաղաքական գործիչ եք: Մեր այդ դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրը հավասարության մեջ է: Սա քաղաքական հարց է: Կարծում եմ, սա արված է, որպեսզի ընդդիմադիր մի շերտ զրկվի եթերից, որի ֆոնի վրա իշխանությունները օգտվելով վճարովի գովազդից եւ եթերում հաճախ երեւալով՝ կարողանան երկրում մթնոլորտ փոխել: Կարծում եմ, դրանք իզուր ջանքեր են, եւ իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվի»: Հակադարձելով ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե՝ եթե կուսակցությունը փող չունի, ուրեմն չպետք է քաղաքականությամբ զբաղվի, Հովհ. Հովհաննիսյանն ասաց. «Ես կհիշեցնեմ Գ. Սահակյանին 1995 թվականը, երբ նա փորձում էր քաղաքականությամբ զբաղվել: Թող ասի, թե ինքն էն ժամանակ՝ երբ սկսում էր քաղաքականությամբ զբաղվել, ինչքա՞ն փող ուներ»:

Հեռուստաընկերությունների սակագնային քաղաքականությանն ավելի հանգիստ է վերաբերվում «Հզոր Հայրենիքի» նախագահ Վարդան Վարդապետյանը. «Ընդհանուր առմամբ անհեթեթություն եւ անիմաստ բան է, որովհետեւ ամեն ինչ իր գինն ունի: Տվյալ դեպքում կարելի է գովազդի համար վճարելու փոխարեն այդ գումարն այլ կերպ օգտագործել՝ գնալ գյուղերում հանդիպել մարդկանց հետ, գումար ծախսել այդ եւ այլ կազմակերպչական նպատակներով, քան հեռուստատեսությամբ գովազդ անել»: Վ. Վարդապետյանի ասելով, իր գլխավորած կուսակցությունը հենց այդպես էլ անելու է: «Այն կուսակցությունները, որոնք կայացած են ու կառույցներ ունեն մարզերում, կարող են բացարձակապես այդ գովազդից չօգտվել»,- եզրակացրեց «Հզոր Հայրենիքի» նախագահը:

Այս գաղափարին սկզբունքորեն համահունչ էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի դիրքորոշումը. «Շատ ավելի ճիշտ կլինի, որ ընդդիմությունն ընդհանրապես հրաժարվի հեռուստաեթերից: Մեր կուսակցությունը մտադիր է իր գործընկերներին նման առաջարկ անել: Պետք է բոյկոտել հեռուստաեթերը՝ թողնելով այն քաղաքական եւ ոչ քաղաքական սափրագլուխներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել