Այս օրերին Երեւանի պետական համալսարանի շենքի երկայնքով մեկ թելերով իրար կապած աթոռներ են շարված: Դասավորության նպատակն ամենեւին այն չէ՝ ցույց տալ, թե ինչ թելերով են շաղկապված, ասենք, ուսխորհուրդն ու ռեկտորատը: Աթոռները «հսկող» աշխատակցից պարզեցինք, որ համալսարանի մոտ գտնվող մայթերն իրենք այսպես «գրավել» են, որպեսզի բուհի ուսանողուհիների երկրպագուները, որ սովոր են մեքենաները կանգնեցնել այդ տարածքում, տանիքից վայր ընկնող սառույցի բեկորներից չվնասեն իրենց թանկարժեք ավտոմեքենաները: «Ախր դրանք պապայի բալա են, մեկի ավտոյին մի բան եղավ՝ փողը համալսարանից կուզեն»,- ասաց աթոռների մոտ կանգնած հսկիչը: