Գիրք չորրորդ
Գլուխ յոթերորդ
ԻՍԿԱՊԵՍ ՄԻԽԱՅԼԻՉ
– Ամեն մարդ իր չունեցածն է երազում,- ասաց Լեոնիդը:
– Հա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- ես չեմ ուզում, որ իմ էրեխեն իմ պես բանվոր դառնա:
– Արհեստավո՛ր,- ճշտեց Ռոլանդը:
– Թեկուզ,- ասաց Գուգոն:
– Արհեստը շատ լուրջ բան ա,- ասաց Ռոլանդը:
– Նայած ում համար,- հոգոց հանեց Գուգոն:
– Հաստատ «Անահիտ» հեքիաթը չես կարդացել,- ասաց Ռոլանդը:
– Քիթս սրբելու վախտ ե՞մ ունենում, որ գիրք կարդամ,- ասաց Գուգոն:
– Կարդացել ես, պա՛պ,- ասաց Վարոն:
– Ի՞նչ եմ կարդացել,- զարմացավ Գուգոն:
– Գիրք,- ասաց Վարոն:
– Ի՞նչ գիրք,- հարցրեց Գուգոն:
– Էն «Տուգանային հարվածը»,- ասաց Վարոն:
– Հա,- ասաց Գուգոն:- Մինչեւ էդ գիրքը կարդացի՝ հոգիս դուս էկավ:
– Էդ ի՞նչ գիրք ա,- հարցրեց Ռոլանդը:
– Ֆուտբոլիստ Հովիվյան Սաքոյի մասին ա,- ասաց Գուգոն:- Իրա տունը որ ռեմոնտ արինք պրծանք՝ էդ գրքից ամեն մեկիս մի-մի հատ նվեր տվեց: Գրքի վրեն էլ իրա ձեռով իմ մասին ահագին գովասանական բաներ ա գրել:
– Ռուսերեն,- ասաց Վարոն:
– Հա,- ասաց Գուգոն:- Ձեռագիրն էլ շատ բարդ ձեռագիր էր. մեր հարեւանի հարսը կարդաց ու մեր համար թարգմանեց:
– Դաշնակահարը՞,- հարցրեց Ռոլանդը:
– Ինքը համ դաշնակահար ա, համ էլ ռուսախոս ա, բայց Սաքոյի ձեռագիրը շատ մեծ դժվարությամբ կարդաց,- ասաց Գուգոն:
– Բա ասում ես՝ գիրք չեմ կարդացել,- ասաց Ռոլանդը:
– Մինչեւ էդ պուճուր գիրքը պրծա՝ ամսից ավել քաշեց,- ասաց Գուգոն ու ավելացրեց.- ախր, ես ո՞ր օրվա գիրք կարդացողն եմ. ես ընդամենը բանվոր տղա եմ, Ռոլանդ ջան:
– Արհեստավոր,- նորից ճշտեց Ռոլանդը:
– Նույն զիբիլն են,- ասաց Գուգոն:
– Էդ «Անահիտ» հեքիաթը որ կարդացած ըլնեիր՝ ըտենց չէիր խոսա,- ասաց Ռոլանդը:
– Մինչեւ Սաքոյի մասինը կարդացի՝ կյանքիս կեսը գնաց,- ասաց Գուգոն:
– Երեւի հետաքրքիր գիրք չի եղել,- ասաց Լեոնիդը:
– Հետաքրքիրը երեւի հետաքրքիր էր, բայց մինչեւ մի գլուխը պրծնում էի՝ նախկինները մոռանում էի,- ասաց Գուգոն:
– Հիշողությունդ վատ ա՞,- հարցրեց Ռոլանդը:
– Հիշողությունս կապ չունի, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- մարդու խիղճը պիտի հանգիստ ըլնի, որ կարդացածը հիշի:
– Խի՞ղճդ խի հանգիստ չի,- հարցրեց Ռոլանդը:
– Հազար ու մի դարդ ու ցավ կա, Ռոլանդ ջան,- հոգոց հանեց Գուգոն.- էս էրեխի հարցն էլ՝ մի՛ կողմից:
– Ի՞նչ էրեխի հարց,- հարցրեց Ռոլանդը:
– Էդ թատերականի հարցը,- ասաց Գուգոն:
– Էդ թատերականի հարցը կարաս հաշվես լուծված,- ասաց Ռոլանդը.- մեր Միխայլիչը հենց ընենց օդի մեջ կրակող չի:
– Իմ հույսն էլ ա էդ, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- էսօրվա վիճակով, փաստորեն, ուրիշ հույս տվող չունեմ:
– Երեխան իր տաղանդի ուժով իր ճանապարհը միանգամայն ինքնուրույն կհաղթահարի,- ասաց Լեոնիդը:
– Ինքնուրույնը ինքնուրույն, բայց կողքից քոմագ անող է՛լ ա պետք, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:
– Քոմագ անողն է՛լ կա,- ասաց Ռոլանդը.- մեր Միխայլիչից լավ քոմագ անո՞ղ:
– Մեռնեմ լեզվիդ, Ռոլանդ ջան,- ժպտաց Գուգոն.- դու որ խոսում ես, մեջս ահագին հույսեր են առաջանում:
– Իմ խոսալը հեչ,- ասաց Ռոլանդը.- կարեւորը Միխայլիչի՛ խոսալն ա:
– Միխայլիչը բան չի ասում,- Լեոնիդին նայեց Գուգոն:
– Էլ ի՞նչ ասի, ա՛յ Գուգո,- ասաց Ռոլանդը.- ինչ որ պետք ա՝ արդեն ասել պրծել ա:
– Ի՞նչ ա ասել,- զարմացավ Գուգոն:
– Ասել ա, որ տղիդ թատերականի հարցը լուծված ա,- ասաց Ռոլանդը:
– Էդ բանը դո՛ւ ես ասել, ո՛չ թե՝ Միխայլովիչը,- ասաց Գուգոն:
– Միխայլիչն է՛լ ա ասել,- ասաց Ռոլանդը.- ուղղակի ինքը կուլտուրական ձեւով ա ասել, դրա համար էլ չես հասկացել:
– Հա՞,- Լեոնիդին նայեց Գուգոն:
– Այո,- ասաց Լեոնիդը:
– Ներող էղեք, տղերք ջան,- ժպտաց Գուգոն.- անգրագետ մարդ եմ. էդ նրբությունները լավ չեմ հասկանում:
– Ի՞նչ նրբություն, ա՛յ Գուգո,- ասաց Ռոլանդը.- մարդը տղամարդու խոսք տվեց:
– Անհասկացող մարդ եմ, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- ներող էղեք:
– Ներելու կամ չներելու հարց չկա,- ասաց Ռոլանդը.- դո՛ւ մեզ ների, որ մեր ասելիքը պարզ չենք ձեւակերպել:
– Հիմի արդեն ամեն ինչ պարզ ա, Ռոլանդ ախպեր,- ասաց Գուգոն:
– Ես մի բան էլ ասեմ, ու վեր կենանք,- ասաց Լեոնիդը:
– Ասա՛, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:
– Ես առաջարկում եմ խմել այս աննախադեպ, անկրկնելի եւ անզուգական օրվա համար,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդը:
– Էլի կուլտուրական ա՞ ասում,- Ռոլանդին ժպտաց Գուգոն:
– Հա,- ծիծաղեց Ռոլանդը:- Միխայլիչը ռուսական ա ավարտել, բայց սաղիցս էլ լավ ա հայերեն խոսում:
– Բայց ի՞նչ ա ասում,- ժպտաց Գուգոն:
– Ասում ա՝ էսօրվա կենացը խմենք,- բացատրեց Ռոլանդը:
– Խմենք,- ասաց Գուգոն.- շատ լավ կենաց ա, Միխայլովիչ ջան:
– Այս գեղեցիկ օրվա կենացը,- բաժակը մեր բաժակներին խփելով՝ ասաց Լեոնիդն ու խմեց:
– Էսօրվա կենացը,- ասաց Ռոլանդը.- չտեսնված օր էր:
– Էսօրվա կենացը,- ասացի ես ու մինչեւ վերջ խմեցի Գուգոյի էդ չտեսնված գինին:
– Յանի գոհ ե՞ք, թե՞ ձեւական եք ասում,- ժպտաց Գուգոն:
– Իսկապես հրաշալի օր էր,- ասաց Լեոնիդը.- ե՛ւ Վարազդատի կոմպոզիցիան էր փառահեղ, ե՛ւ գինին, ե՛ւ խորովածը:
– Բա Գուգո՞ն,- ծիծաղեց Ռոլանդը:
– Գուրգենի մասին պարզապես խոսք չեմ գտնում ասելու,- ժպտաց Լեոնիդը.- այս պարագայում բառերն ուղղակի անզոր են:
– Բայց խորովածը ոնց որ մի քիչ վառած էր,- մեղավոր ժպտաց Գուգոն:
– Փառահեղ խորոված էր,- ասաց Լեոնիդը եւ Գուգոյին հարցրեց.- արդյոք մեր Խոսրովի արգելոցի երեների մսի՞ց էր պատրաստված, Գուրգե՛ն եղբայր:
– Ինչ ա ասո՞ւմ,- Ռոլանդին նայեց Գուգոն:
– Էս մեկը հնարավոր չի թարգմանել, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը:- Մեր Միխայլիչը, ճիշտ ա, ռուսական ա ավարտել, բայց մեր պես հազար հատ հայկական ավարտածի կտանի ծովը՝ ծարավ հետ կբերի:
– Էս քամբախ տեղը որ մի հատ ռուսական դպրոց ըլներ, ես է՛լ Վարոյիս ռուսական կտայի,- ասաց Գուգոն:
– Դպրոցը կապ չունի,- ասաց Ռոլանդը.- քեզ թվում ա՝ սաղ ռուսական ավարտածները կարա՞ն Միխայլիչի պես հայերեն ճտպտան:
– Ի՞նչ է նշանակում ճտպտալ,- Ռոլանդին հարցրեց Լեոնիդը:
– Էդ բառը վայ թե ռուսերեն չի թարգմանվում,- ասաց Ռոլանդը:
– Չեմ ուզում ռուսերեն թարգմանես. ուզում եմ էդ բառի հայերեն հոմանիշն ասես,- ասաց Լեոնիդը:
– Ամեն բառ չի, որ հոմանիշ ունի,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ռոլանդը:
– Հոմանիշը ո՞րն ա,- Ռոլանդին հարցրեց Գուգոն:
– Գիտես թե՝ ես գիտե՞մ,- ասաց Ռոլանդը:
– Բա Բախտոն ասում էր՝ գրող ես,- ասաց Գուգոն:
– Գրողը գրող եմ, բայց էդ հոմանիշն ու ամեն ինչը Միխայլիչն ինձնից հազար անգամ լավ գիտի,- ասաց Ռոլանդը:
– Չափազանցնում ես, Դանիկիչ,- ժպտաց Լեոնիդը:
– Հեչ էլ չեմ չափազանցնում,- ասաց Ռոլանդը:- Ըսենց որ գնա՝ մեր Վարոյի թատերականի հարցը վայ թե փոզմիշ ըլնի:
– Ո՞նց փոզմիշ ըլնի,- ցնցվեց Գուգոն:
– Միխայլիչը որ էս տեմպերով շարունակի հայագիտության մեջ խորանալ, Վարոյի ընդունվելու վախտերն ինքը ո՛չ թե թատերականի հանձնաժողովի մեջ կըլնի, այլ՝ բանասիրականի,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ո՞նց թե,- գունատվեց Գուգոն:- Բա էրեխի հարցե՞րը:
– Էրեխեն ստիպված բանասիրական կընդունվի,- ծիծաղեց Ռոլանդը:
– Էդ բանասիրականն էլ ե՞ն բարձրագույն հաշվում,- հարցրեց Գուգոն:
– Որ ճիշտն ուզում ես իմանաս, բանասիրականն ավելի՛ բարձրագույն ա, քան՝ էդ թատերականը,- ասաց Ռոլանդը:
– Էդ բանասիրականից էլ բանակ չեն տանո՞ւմ,- հարցրեց Գուգոն:
– Տանում են, բայց ընդամենը էրկու ամսով,- ասաց Ռոլանդը:
– Էդ էլ ա վարիանտ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Գուգոն:
– Էն էլ ի՜նչ վարիանտ ա,- ասաց Ռոլանդը:- Եթե Միխայլիչն էս տեմպերով շարունակի հայագիտության մեջ խորանալ, երեւի բանասիրականի վարիանտն ավելի լավ աշխատի:
– Բա դերասանությո՞ւնը,- հարցրեց Գուգոն:
– Մեր դերասանների մեջ մարդիկ կան, որ հենց բանասիրականն են ավարտել,- ասաց Ռոլանդը.- օրինակ, Թոփչյան Անոն:
– Դանիկիչը միանգամայն ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը.- Անահիտ Թոփչյանը համալսարանի բանասիրականն է ավարտել:
– Անահիտ Թոփչյանը ո՞ր մեկն ա՝ էն սիրունը՞,- հարցրեց Գուգոն:
– Հա,- ասաց Ռոլանդը:- Ութմազյան Տուրիկն է՛լ ա բանասիրականն ավարտել:
– Դանիկիչի տվյալները միանգամայն ճշգրիտ են,- ասաց Լեոնիդը.- Արթուր Ութմազյանն է՛լ է բանասիրականն ավարտել:
– Էդ էն արտասանողն ա՞,- հարցրեց Գուգոն:
– Լավ էլ սաղին տեղը տեղին գիտես, ա՛յ Գուգո,- ասաց Ռոլանդը.- մեզ էլ թվում էր՝ արվեստից հեռու մարդ ես:
– Մեկ-մեկ մենք է՛լ ենք հաց ուտում, Ռոլա՛նդ ջան,- որդու գլուխը շոյելով՝ ժպտաց Գուգոն:
– Անմիջապես զգացվում է, որ մեր Գուրգենն արվեստն ու արվեստագետներին արժեվորող մարդ է,- ասաց Լեոնիդն ու Ռոլանդին նայելով՝ հարցրեց.- արժեվորո՞ղ, թե՞ արժեքավորող, Դանի՛կիչ:
– Էդ հոմանիշների հարցով մե՛նք պիտի քեզ հարցեր տանք, Միխայլիչ,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- էս տեմպերով որ շարունակես, մեր Վարոն հիմիկվանից պիտի սկսի բանասիրականի առարկաները պարապել:
– Ո՛չ մի բանասիրական,- ասաց Լեոնիդը:- Բարձրյալը մեր Վարազդատին արտիստական տաղանդ է շնորհել:
– Վարո ջան, էդ երգի բառերը դու ե՞ս գրել,- Վարազդատին հարցրեց Ռոլանդը:
– Լրիվ ինքնուրույն ա գրել, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն.- մենակ առաջի տողի մեջ ա մատս մի քիչ խառը:
– Առաջին տողը ո՞նց էր,- հարցրեց Ռոլանդը:
– Էն որ ասում ա՝ մեր պապերը, ձեր պապերը մեզ բոլորիս մոռացել են,- ասաց Գուգոն:
– Էդ տողը դու ե՞ս գրել,- հարցրեց Ռոլանդը:
– Չէ,- ասաց Գուգոն.- իմ մատն էնքանով ա խառը, որ ինքը սկզբում էդ առաջի տողը լրիվ ուրիշ ձեւի էր գրել, բայց ես մի քիչ փոփոխեցի:
– Ի՞նչն ես փոփոխել,- հարցրեց Ռոլանդը:
– Իրա գրածով ըսենց էր՝ մեր պապերը, մեր պապերը մեզ բոլորիս մոռացել են, բայց ես փոխեցի ու դարձրի՝ մեր պապերը, ձե՛ր պապերը մեզ բոլորիս մոռացել են,- ասաց Գուգոն.- ընդամենն էդ երկրորդ մերը ձեր եմ դարձրել:
– Ընդամենն էդ մերը ձեր ես դարձրել, բայց իմաստով շատ ա շահել,- ասաց Ռոլանդը:
– Մնացածը լրիվ ինքնուրույն ա գրել,- ասաց Գուգոն, հետո Վարոյի գլուխը շոյելով՝ հարցրեց.- ճիշտ չեմ ասո՞ւմ, բալես:
– Չէ,- անսպասելի ասաց Վարոն:
– Ո՞նց թե` չէ,- ասաց Գուգոն.- դու չես գրե՞լ:
– Չեմ գրել,- հանգիստ ասաց Վարոն.- ինձանից եմ հնարել:
– Գրելը հենց հնարելն ա, Վարո ջան,- ասաց Ռոլանդը:
– Ուզում եմ ասեմ՝ գրիչով չեմ գրել,- բացատրեց Վարոն.- մտքո՛վս եմ հնարել:
– Էն բադրջանի մոմենտն էլ ե՞ս լրիվ ինքնուրույն հնարել,- հարցրեց Ռոլանդը:
– Բադրջանի մոմենտն է՛լ, էն մյուս մոմենտն է՛լ,- ժպտաց Վարոն:
– Հայրիկդ միայն առաջին տողի հարցո՞ւմ է միջամտել,- հարցրեց Լեոնիդը:
– Ի՞նչ,- չհասկացավ Վարոն:
– Ասում ա՝ պապադ մենակ առաջին տողի հաշվով ա՞ քեզ օգնել,- բացատրեց Ռոլանդը:
– Հա,- ասաց Վարոն.- ինքը մենակ օգնել ա, որ էդ երկրորդ մերը ձեր դարձնեմ, հետո էլ ասել ա, որ մոտս բադրջան պահեմ, երգելուց հետո էդ բադրջանը հանեմ ու ցույց տամ:
– Այսինքն, մնացածն ամբողջովին ինքնուրո՞ւյն ես գրել,- հարցրեց Լեոնիդը:
– Չեմ գրել,- ժպտաց Վարոն.- մտքո՛վս եմ հնարել:
– Երաժշտությունն է՞լ,- հարցրեց Լեոնիդը:
– Հա՛, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- եղանակն էլ ա ծերից ծեր իրա հնարածը:
– Կեցցե՛ս, Վարազդա՛տ,- բացականչեց Լեոնիդը:
– Ա՛յ Գուգո, երաժշտության մեջ հեչ մատդ խառը չի՞,- հարցրեց Ռոլանդը:
– Կարող ա՞ խաբում եմ,- նեղացավ Գուգոն.- ուզո՞ւմ ես` երդում ուտեմ:
– Ամոթ ա,- ասաց Ռոլանդը.- երդում ուտելը ո՞րն ա:
– Որ չես հավատում՝ դրա՛ համար եմ ասում,- ասաց Գուգոն:
– Ախր չհավատալու բան ա,- խորամանկ ժպտաց Ռոլանդը:
– Շատ կոմպոզիտորներ պարզապես կնախանձեին Վարազդատի հորինած երաժշտությանը,- ասաց Լեոնիդը:
– Փաստորեն, կոնսերվատորիայի հարց է՛լ ա առաջանում, Միխայլիչ,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ի՞նչ կանսերվատորիա,- զարմացավ Գուգոն:
– Կոնսերվատորիան էլ ա բարձրագույն, բայց՝ երաժշտության գծով,- բացատրեց Ռոլանդը:
– Կանսերվատորիան էն Սայաթ-Նովայի արձանի հետեւի շենքը չի՞,- հարցրեց Գուգոն:
– Հա,- ասաց Ռոլանդը:- Սաղ տեղերը լավ էլ գիտես:
– Էդ շենքի մեջ էլ ենք գործ արել,- ասաց Գուգոն.- ֆոյեն լրիվ մենք ենք գաջել:
– Շատ ենք տարածվում, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը.- թատերական ենք որոշել, թատերականի վրա էլ կանգ առնենք. կոնսերվատորիա՞ն ինչ մեղքս էր։
– Միխայլովիչը ճիշտ ա ասում,- ասաց Գուգոն:
– Դուք գիտեք,- ասաց Ռոլանդը:
– Թատերականը մեզ լրիվ ձեռ ա տալի,- ասաց Գուգոն:
– Թատրոնը նաեւ երաժշտական կոմպոնենտներից է բաղկացած,- ասաց Լեոնիդը:
– Ի՞նչ,- չհասկացավ Գուգոն:
– Ուզում ա ասի, որ էրեխի էդ երաժշտական շնորհքը թատրոնում է՛լ պետք կգա,- բացատրեց Ռոլանդը:
– Ռոլանդ ջան, հիմի արդեն հավատացի՞ր, որ էդ եղանակը ծերից ծեր էրեխեն ա հնարել,- ժպտաց Գուգոն:
– Հավատալը հավատում եմ, բայց, ամեն դեպքում, զարմանալի ա, որ մի մատ էրեխեն ըտենց ուժեղ երաժշտություն գրի,- ասաց Ռոլանդը:
– Ի՞նչ մի մատ էրեխա, ա՛յ Ռոլանդ. հես ա՝ էսօր էգուց թատերական ա ընդունվում,- ծիծաղեց Գուգոն:
– Բան չմնաց,- ասաց Ռոլանդը.- մինչեւ մի քանի անգամ աչքներս թարթենք՝ էդ իրեք տարին կթռնի:
– Իմ ասածն ես կրկնում,- ասաց Գուգոն:
– Բա ո՞ւմ ասածը կրկնեմ,- ասաց Ռոլանդը.- մեծ մարդկանց ասածները միշտ էլ կրկնում են:
– Ձեռ ե՞ս առնում,- ժպտաց Գուգոն:
– Եթե մտածում ես, որ ձեռ եմ առնում, ուրեմն՝ դո՛ւ ես ինձ ձեռ առնում,- ասաց Ռոլանդը:
– Եթե իրար չեք հասկանում, ուրեմն՝ գնալու ժամանակն է,- ասաց Լեոնիդը:
– Ես ու Գուգոն իրար շատ լավ էլ հասկանում ենք,- ասաց Ռոլանդը:
– Հա,- ասաց Գուգոն:
– Բայց էդ չի նշանակում, որ մեր գնալու ժամանակը չի,- ասաց Ռոլանդը:
– Վեր կենանք,- ասաց Լեոնիդը.- ես շատ կարեւոր ժամադրություն ունեմ:
– Էդ ժամադրությունիցդ վայ թե արդեն ուշացար, Միխայլիչ,- ասաց Ռոլանդը:
– Դեռ կես ժամ ունեմ,- ժամացույցին նայելով՝ ասաց Լեոնիդը:
– Վեր կենանք,- ասաց Ռոլանդը.- հազիվ էլ հասնես, Միխայլիչ:
– Էդքան կարեւոր ժամադրություն ա՞,- Լեոնիդին հարցրեց Գուգոն:
– Շատ,- ասաց Լեոնիդը:
– Աղջիկ ա՞,- ժպտաց Գուգոն:
– Չէ,- ժպտաց Լեոնիդը.- միանգամայն գործնական ժամադրություն է:
– Էս վերջին բաժակով էլ մեր Վարոյին հաջողություն ցանկանանք ու վեր կենանք,- ասաց Ռոլանդը:
Գուգոն բոլորիս բաժակները լցրեց, եւ Լեոնիդն իր բաժակը բարձրացնելով՝ ասաց.
– Քեզ մեծ հաջողություններ եմ մաղթում, Վարազդատ ջան: Հուսով եմ, որ հայրիկիդ բոլոր երազանքները մեկ առ մեկ կիրականացնես: Մեծ բեմը սրտատրոփ քեզ է սպասում, տղա ջան:
Ռոլանդը չդիմացավ ու փռթկացրեց, բայց անմիջապես դեմքին միանգամայն լուրջ արտահայտություն տալով՝ բաժակը բարձրացրեց եւ ասաց.
– Միխայլիչը ճիշտ ա ասում, Վարո ջան. պապայի սաղ պլանները պիտի հատիկ-հատիկ իրականացնես:
– Էդ էր պակաս՝ չիրականացնի,- ասաց Գուգոն, հետո բաժակը բարձրացնելով՝ ավելացրեց.- կենացդ, բալես, ձյաձյաների ասածը լավ լսի:
– Ձյաձյաները մեջքիդ կայնած են, Վարո ջան,- ասաց Ռոլանդը:
– Նույն ոգով շարունակիր, Վարազդատ,- ասաց Լեոնիդը:
– Բադրջանը նկատի ունե՞ս, Միխայլիչ,- ծիծաղեց Ռոլանդը:
– Բադրջանն ու մնացած բոլոր բաները,- ժպտաց Լեոնիդն ու վեր կացավ:
– Քեզ հաջողություն եմ ցանկանում, Վարո ջան,- բաժակս Վարոյի քթին խփելով՝ ասացի ես ու վերջին անգամ Գուգոյի անմահական գինին ըմբոշխնելով՝ տեղիցս վեր կացա:
Մեր բախտից Սարի թաղի ավտոբուսը շատ շուտ հայտնվեց, ու մենք հրաժեշտ տալով Գուգոյին, Վարոյին ու մյուսներին՝ նստեցինք ավտոբուս:
– Հը՞, ո՞նց էր, Միխայլիչ,- փռթկացրեց Ռոլանդը, երբ ավտոբուսն արդեն շարժվել էր:
– Իսկական թատրոն էր, ավելի ճիշտ՝ կինո,- ծիծաղեց Լեոնիդն ու ավելացրեց.- Ֆելինին ղալաթ ա արել, Դանիկիչ:
– Քեզ որ Միխայլիչ էի ասում, գլուխդ լավ էլ լուրջ-լուրջ տմբտմբացնում էիր,- ասաց Ռոլանդը:
– Ես էլ որ քեզ Դանիկիչ էի ասում, դու է՛լ քեզ առանձնապես վատ չէիր զգում,- ասաց Լեոնիդը:
– Ե՞ս ինչի պիտի ինձ վատ զգայի,- զարմացավ Ռոլանդը.- իմ հոր անունը Դանիել ա, ու դու ուրիշ վախտ էլ ես ինձ Դանիկիչ ասել:
– Իմ հոր անունն էլ Միքայել է,- ժպտաց Լեոնիդը.- թատրոնում ինձ երբեմն կատակով Միխայլիչ են ասում:
– Հաստա՞տ,- ապշեց Ռոլանդը:
– Հաստատ,- ժպտաց Լեոնիդը:
– Ես տեղում՝ ոտի վրա էդ հայրանունդ բստրեցի, որ մտածեն՝ վաժնի մարդ ես,- ծիծաղեց Ռոլանդը:
– Միանգամայն անսխալ ես բստրել,- ժպտաց Լեոնիդը.- լուսահոգի հորս անունն իսկապես Միքայել էր:
– Պապադ չկա՞,- լրջացավ Ռոլանդը:
– Ութ տարի առաջ ավտովթարից է մահացել,- ասաց Լեոնիդը:
– Կներես,- ասաց Ռոլանդը.- չեմ իմացել:
– Ներելու հարց չկա,- թախծոտ ժպտաց Լեոնիդը:
– Մեր վունդերկինդը ո՞նց էր, Արմո՛,- ինձ հարցրեց Ռոլանդը:
– Չտեսնված,- ասացի ես:- Բադրջանի մոմենտը շատ ուժեղ էր:
– Բայց էդ բադրջանի մոմենտը խի՞ հենց քեզ կպցրեց, ա՛յ Լյոնյա,- ծիծաղեց Ռոլանդը:
– Էդ մեկն արդեն հաստատ քո սարքածն էր, Դանիկիչ,- ժպտաց Լեոնիդը:
– Հորս արեւ՝ թե ես խաբար եմ էղել,- երդվեց Ռոլանդը:
– Դուք որ պարում էիք, Գուգոն ինձանից մեր անունները հարցրեց, հետո թղթի վրա գրեց ու տվեց Վարոյին,- ասացի ես:
– Բա ո՞նց էղավ, որ բադրջանը հենց Լյոնյային բաժին հասավ,- ծիծաղեց Ռոլանդը:
– Լյոնյայի անունը Գուգոն ամենավերջինն էր գրել, դրա համար էլ բադրջանն իրան բաժին հասավ,- ծիծաղեցի ես:
– Լյոնյա էլ չէր ասում. ասում էր՝ Լոնյա,- ծիծաղեց Ռոլանդը:
– Գուգոն հենց Լոնյա էլ գրել էր,- ասացի ես:
– Լոնյա,- փռթկացրեց Ռոլանդը:- Ուժեղ երգ էր, չէ՞:
– Այդ կոմպոզիցիան իր մեջ միանգամայն հետաքրքիր ատրիբուտներ էր պարունակում,- միանգամայն լուրջ տոնով ասաց Լեոնիդը:
– Ի՞նչ ատրիբուտներ,- ծիծաղեց Ռոլանդը.- բադրջանը նկատի ունե՞ս:
– Ո՛չ միայն,- ասաց Լեոնիդը:
– Մյուս ատրիբուտն էլ էն մյուս բանն էր, չէ՞,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ի՞նչ մյուս բան,- հարցրեց Լեոնիդը:
– Բադրջանի մտնելու տեղը,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ոչ միայն,- ասաց Լեոնիդը.- ատրիբուտիկան կոմպոզիցիայի ամբողջական կոմպլեքսի մեջ է մտնում:
– Էդ լուրջ ես ասո՞ւմ,- զարմացավ Ռոլանդը:
– Միանգամայն,- ասաց Լեոնիդը:
– Այսինքն, էդ էրեխեն դեբիլ չէ՞ր,- հարցրեց Ռոլանդը:
– Ի՞նչ կապ ունի,- ասաց Լեոնիդը.- կոմիկների մեծ մասը դեբիլներ են: Հետները որ աշխատած լինեիր՝ կիմանայիր:
– Ո՞վ ա դեբիլ,- զարմացավ Ռոլանդը:
– Անուններ չտանք,- ասաց Լեոնիդը.- բոլորն էլ մեր ընկերներն են:
– Բայց էդ էրեխեն բնածի՛ն դեբիլ էր,- ասաց Ռոլանդը:
– Համաշխարհային կոմիկների պատկառելի մասը բնածին դեբիլներ են,- ասաց Լեոնիդը:
– Չեմ վիճում,- ասաց Ռոլանդը.- ես որ մի բան հաստատ չեմ իմանում՝ չեմ վիճում:
– Եթե ես մի բան հաստատ չեմ իմանում՝ չեմ ասում,- ասաց Լեոնիդը:
– Որ ընդունելության քննությանն էդ երգը երգի՝ հանձնաժողովը հաստատ կշշմի,- ասացի ես:
– Մանավանդ՝ եթե բադրիջանը հետը տանի,- ծիծաղեց Լեոնիդը: