Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր մարդու հոբելյանը

Փետրվար 12,2007 00:00

Նշվեց Ստեփան Պողոսյանի 75-ամյակը

«Նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են հեռուստատեսությունում, հին մարդիկ են, ուստի իրենց ճաշակն էլ է այլ: Նրանց շատ մի հավատացեք, ունեցեք սեփական լեզուն, ոճն ու ձեռագիրը: Աշխատեք ծրագրերի բովանդակությամբ եւ մատուցման ձեւով տարբերվել միմյանցից: Վերջին հաշվով՝ խոսքը խելքի մեջ է, խելոք եղեք»,- պետական, հասարակական գործիչ, պատմաբան, գիտնական Ստեփան Պողոսյանը ՀՀ ԳԱԱ-ում երեկ այսպիսի խորհուրդ տվեց լրագրողներին: Մի շարք գիտնականներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ երեկ ակադեմիայում նշեցին նրա 75-ամյակը: Այս գիտնականի անվան հետ են կապում հայկական հեռուստատեսության ոսկե դարը: 1970-88 թթ., երբ նա էր ղեկավարում ՀՀ ռադիոհեռուստատեսային պետական կոմիտեն, հեռուստատեսության մեջ մի շարք փոփոխություններ ու նորամուծություններ կատարվեցին: Այս ամենին երեկ անդրադարձավ ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը. «Ստեփան Պողոսյանի պաշտոնավարման օրոք հեռուստատեսությունը դարձավ գունավոր, սկսեցին հեռարձակվել 2-րդ ծրագիրը, հայ առաքելական եկեղեցուն նվիրված հաղորդումներ»: Ներկաները փաստեցին, որ Ս. Պողոսյանի վաստակը աննախադեպ մեծ է Ցեղասպանության, հատկապես Հայկական հարցի գիտական ուսումնասիրման գործում: Հիշեցին նրա հեղինակած հաղորդաշարը, որը հեռուստաեթերից առաջին անգամ պատմում էր Եղեռնի մասին: Այդ հաղորդաշարի համար Ս. Պողոսյանը ստացել է պետական մրցանակ: Ս. Պողոսյանի հեղինակած 11 գրքերն էլ են հիմնավոր կերպով անդրադառնում ցեղասպանության պատմությանն ու ընթացքին: «Եթե մի ողջ ինստիտուտ աշխատեր, երեւի այսպիսի ծավալուն աշխատանք չստեղծեր, ինչպիսին Ս. Պողոսյանի հեղինակածն է: Յուրաքանչյուր օգտագործած աղբյուր նա վերլուծության է ենթարկում: Առաջին անգամ ցեղասպանության մասին թարմ մտքեր նրանից լսեցինք: Նրա ստեղծագործության մեջ առաջին անգամ երեւաց բոլոր այն հայկական նահանգների պատմությունը, որոնք ցեղասպանություն են տեսել»,- ասաց Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: Նա հիշեց, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ Ս. Պողոսյանի՝ ցեղասպանություն տեսած արեւմտահայության մասին պատմող ստեղծագործությունը այն տարիներին, երբ ցեղասպանության թեման որոշ գիտնականների համար մոնոպոլիա էր դարձել: Միջոցառման մասնակիցները Ս. Պողոսյանին երեկ բնորոշեցին իբրեւ «լուսավոր մարդ»: Այժմ նա դասավանդում է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում եւ նույն բուհում ղեկավարում է Հայկական հարցի գիտական կենտրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել