Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՆՔԸ ՉԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 12,2007 00:00

Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ «Լրագրողների կյանքին եւ խոսքի ազատությանն ուղղված սպառնալիքները» թեմայով

Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, քննարկվող թեմայի կարեւորությունն ու հրատապությունը ակնհայտ է: Լրագրողների հետապնդումները, առավել եւս սպանությունը հանդուգն հարձակում է չորրորդ իշխանության վրա եւ խոսքի ու մամուլի ազատության ոչնչացման փորձ: Իհարկե, անհրաժեշտ է խստորեն եւ ժամանակին դատապարտել նման գործողությունները, որպեսզի, նախեւառաջ, ցուցադրենք մեր հաստատուն դիրքորոշումը, մեր համընդհանուր բողոքը նման երեւույթների նկատմամբ: Սակայն դա բավարար չէ, եթե ցանկանում ենք կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը եւ, ամենակարեւորը, եթե ցանկանում ենք հստակորեն հայտարարել բոլոր ոճրագործներին, որ արդարությունը մշտապես հաղթանակելու է եւ այդօրինակ երեւույթները արմատախիլ են լինելու բոլորիս համատեղ ջանքերով: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն դատապարտել կատարված հանցագործությունը, այլեւ հայտնաբերել բոլոր պատճառներն ու շարժառիթները, որոնք ուղղակիորեն կամ կողմնակիորեն նպաստել են տվյալ հանցագործության իրականացմանը:

Անհրաժեշտ է նաեւ դատապարտել գոյություն ունեցող նախադրյալները եւ ստեղծված քաղաքական, հոգեբանական մթնոլորտը, որոնք հանգեցրին անհանդուրժողականության նման անպատկառ ալիքի բարձրացմանը: Միայն այդ դեպքում գնահատականը լիակատար կլինի եւ կծառայի բռնության այդպիսի գործողությունների կասեցմանը, եւ հասարակությունը կհաղթահարի իրեն նետված մարտահրավերը՝ դառնալով ավելի համախմբված, ավելի պատրաստ՝ դիմակայելու համամարդկային արժեքների դեմ ուղղված նմանօրինակ հարձակումներին:

Հենց այդպիսի հիմնախնդրի հետ ավելի ակնառու կերպով գործ ունենք Թուրքիայի հայազգի քաղաքացի, հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ Հրանտ Դինքի դաժան սպանության դեպքում: Ես դա հատուկ եմ ընդգծում, քանի որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների հայտարարություններում կամ մեր կողմից ընդունված փաստաթղթերում մենք ջանասիրաբար լռության ենք մատնում նույն այն փաստերը, որոնք ուղղակիորեն կապված են հանցագործության շարժառիթների հետ (նույնիսկ հանցագործն է այդ մասին հայտարարում)՝ իբր երկյուղելով, որ այդպիսով ավելորդ վիրավորանք կհասցնենք Թուրքիային: Դինքը չէր վախենում ասել ճշմարտությունը, թեեւ գիտեր, որ թանկ կվճարի դրա համար:

Այսօր Թուրքիայում մարդիկ փողոց են դուրս գալիս «Մենք էլ ենք հայ» պաստառներով՝ ենթադրելով, որ դա նրա սպանության պատճառներից մեկն էր: Մինչդեռ մենք մեր փաստաթղթերում ջանասիրաբար չենք նշում նույնիսկ, որ Դինքը ազգությամբ հայ էր:

Պատկերը լիակատար պատկերացնելու համար անհրաժեշտ է բացեիբաց ներկայացնել այդ հանցագործության հիմնական շարժառիթները եւ Թուրքիայում, ցավոք, դեռեւս գոյություն ունեցող համապատասխան մթնոլորտը: Շարժառիթները կապված են Հրանտ Դինքի մոտեցումների եւ համոզմունքների հետ, որոնք նա հրապարակայնորեն պաշտպանում էր: Նա Թուրքիայի իրական եվրոպականացման կողմնակիցն էր: Ըստ էության եվրոպականացման, այլ ոչ թե ձեւով, եւ իր երկրի նման փոխակերպման կարեւորագույն ցուցանիշներից մեկն էր համարում ժամանակակից Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ահա թե ինչ նրան չներեցին եւ օգտագործեցին նման դեպքերի համար շատ հարմար գործիք՝ տխրահռչակ 301-րդ հոդվածը:

Տարբեր այլախոհ քաղաքացիների նկատմամբ այդ հոդվածի բազմիցս կիրառումն արդեն իսկ չի կարող չթեժացնել անհանդուրժողականության մթնոլորտը, այսպես կոչված, հակաթուրք տարրերի նկատմամբ: Եվ մշտապես կգտնվեն ինչ-ինչ «հայրենասերներ», ովքեր պատրաստ են ավելի խստորեն պատժել «դավաճաններին»: Պարզապես տարբերությունն այն է, որ քաղաքակրթված աշխարհում պետությունը դատարանների միջոցով է ստիպված պատժում նրանց, իսկ որոշ «հայրենասերներ» կարող են ինքնադատաստան տեսնել:

Արդյունքում ստացվում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարողները դա իրականացնում են խաղաղ եւ քաղաքակիրթ ձեւով, իսկ ովքեր ժխտում են Ցեղասպանության փաստը՝ կիրառում են պետության բռնությունների ապարատը կամ պարզապես կրակում են:

Այնպես որ՝ քանիցս ճիշտ էր Հրանտ Դինքը՝ համարելով, որ ԵՄ անդամության ճանապարհին Թուրքիայի նշանակալի հաջողություններից մեկը կարող է լինել, եվրոպական այլ երկրների հաջորդելով, Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան պետք է կատարի այն, ինչ ժամանակին կատարեց Գերմանիան Հոլոքոստի հարցում՝ կարողանալով հրաժարվել հիտլերյան ֆաշիզմից: Պետք է նման քաջություն ցուցաբերել եւ, հրաժարվելով Օսմանյան կայսրության ռեժիմից, Գերմանիայի եւ այլ երկրների կողքին դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Հրանտ Դինքը հավատում էր դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել