Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ապացուցեն, որ ասածներս զրպարտություն են»

Փետրվար 12,2007 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը մերկացնում է, իր ձեւակերպմամբ՝ «ԲՈՀ-ական մաֆիան»:

«Առավոտի» նախորդ համարներից մեկում Սիներիկ Հայրապետյանը քննադատել էր Հայաստանում գործող գիտնականների որակավորման քառաստիճան համակարգը, իսկ ԲՈՀ-ի նախագահ, ԳԱԱ-ի կանոնադրության խախտումով ԳԱԱ թղթակից անդամ դարձած Արմեն Թռչունյանին որակել որպես չկայացած գիտնական: Այդ հոդածից հետո տպագրեցինք նաեւ պատասխան նամակ, որի տակ 60 ստորագրություն կար՝ ի պաշտպանություն Ա. Թռչունյանի եւ ընդդեմ Ս. Հայրապետյանի: Նույն գիտնականները մամուլում այլ նամակներ էլ են տպագրել Ս. Հայրապետյանի դեմ: Այս առիթով պրն Հայրապետյանն «Առավոտին» ասաց. «Ես քննադատական կարծիք եմ հայտնել գիտնականների տեղական որակավորման համակարգի վերաբերյալ: Եվ որպես օրինակ բերել եմ, ըստ իս, Թռչունյան-չկայացած գիտնականի օրինակը, որը զբաղեցնում է ԲՈՀ-ղեկավարի պաշտոնը: Եթե նա չլիներ ԲՈՀ-ական «մաֆիայի» ղեկավարը, դա նույնքան հաջող կարող էր անել նաեւ նամակագիր ակադեմիկոսներից ցանկացածը: Նկատեմ, որ ստորագրահավաքի մասնակիցները փոխանակ առարկելու գործող համակարգի վերաբերյալ իմ քննադատություններին, չգիտես ինչու, հիշել են 20 տարի առաջվա իմ ընդհարումը իր գրքերում Մաո Ցզեդունին ցիտող ակադեմիկոս քարտուղարի հետ՝ մոլեկուլյար կենսաբանության բնագավառում որեւէ աշխատանք չունեցող Յու. Ալեքսանյանին (նամակագիր-ակադեմիկոս) նշված մասնագիտությամբ ԳԱԱ թղթակից անդամ ընտրելու կապակցությամբ, կամ իմ ապտակը ակադեմիկոս Կ. Ղարագյոզյանին (նամակագիր-ակադեմիկոս)՝ ի պատասխան նրա անբարոյական պահվածքի: Իսկ եթե նամակագիրները իսկապես ցավում են պարոն Թռչունյանի գիտական վարկանիշի համար, ապա պիտի չբավարարվեին նրա մասին իմ ասածները «զրպարտանք» որակելով, այլ գիտականորեն ժխտեին դրանք: Ապացուցեին, որ իմ գիտական կարողությունները բավարար չեն նրան գնահատելու համար: Մի բան պարզ է՝ վերջիններիս ավելի շուտ հետաքրքրում են ԲՈՀ-ական մաֆիայի շահերը, որովհետեւ ԲՈՀ-ը կորցնելու դեպքում՝ կզրկվեն ամենշաբաթյա բանկետներից եւ կոռուպցիոն աղբյուրներից: Նամակագիրները խուսափել են իրենց իրական հասցեները նշել: Իրականում նրանք ԲՈՀ-ի աշխատակիցները եւ նրա երեք պաշտպանության խորհուրդների՝ Կենսաքիմիայի եւ մոլեկուլյար կենսաբանության (նախագահ՝ ակադեմիկոս Արմեն Գալոյան), Կենսաքիմիայի եւ կենսաֆիզիկայի (նախագահ՝ ակադեմիկոս Միսակ Դավթյան) եւ Ֆիզիոլոգիայի (նախագահ՝ թղթակից անդամ Լեւոն Մանվելյան) անդամներն են: Նույն թիմի ստորագրություններով մեկ տարի առաջ պարոն Թռչունյանին հաջողվել է, օգտվելով բնագավառի անհսկելիության մթնոլորտից՝ մերժել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պաշտպանության խորհուրդ ունենալու օրինական պահանջը:

ԲՈՀ-ական «մաֆիայի» ղեկավար-նամակագիրներից մեկը՝ ակադեմիկոս Արմեն Գալոյանը, որ տարիներ առաջ Հայաստանի Կոմսոմոլի կենտկոմին կից երիտասարդ գիտնականների պարգեւատրման խորհրդի նախագահ լինելու ժամանակ մերժել էր այդ պարգեւին հավակնող Ա. Թռչունյանի հայտը, հիմա զարմանալիորեն նրան համարում է «անվանի գիտնական»: Եվ սա այն դեպքում, երբ պարոն Գալոյանը մասնագիտությամբ նեյրոքիմիկոս է, իսկ Թռչունյանը զբաղվում է մանրէներով: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ Մոսկվայի առաջատար գիտական կենտրոններում ասպիրանտուրա անցած մեկ տասնյակի հասնող տաղանդավոր երիտասարդ գիտնականներ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մեղադրում էին պարոն Գալոյանին քիմիայի դպրոցական ծրագրին անգամ չտիրապետելու մեջ:

Իսկ պարոն Գալոյանի կողմից ղեկավարվող պաշտպանության խորհրդի կողմից շնորհվող գիտական աստիճանների որակի մասին բերեմ միայն մեկ օրինակ. Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ներկայիս տնօրեն Աննա Բոյաջյանին (նամակագիր-տնօրեն) շնորհվել է մոլեկուլյար կենսաբանության դոկտորի աստիճան, երբ նրա ատենախոսությունը նույնիսկ մոտավոր մասնագիտական կապ չունի այդ բնագավառի հետ: Ի դեպ, վերջերս «Առավոտում» տիկին Բոյաջյանը, որը մինչ այդ՝ շուրջ 10 տարի, նույն ինստիտուտում փոխտնօրեն էր, հարցնում է՝ «ո՞ւր են պետական փողերը»: Իսկ որ իր գիտությամբ չորս տասնյակից ավելի «մեռյալ հոգիներ» է ձեւակերպված, այդ մասին լռում է: «Մաֆիայի» մյուս լիդեր-նամակագիրը՝ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, լինելով մասնագիտությամբ կենսաքիմիկոս (այդպիսին անհնար է գտնել Ինտերնետի որեւէ կայքում), ստեղծել է հանրապետությունում կենսաքիմիայի երկրորդ պաշտպանության խորհուրդը, որը իրավասու է կազմակերպելու նաեւ կենսաֆիզիկայի բնագավառի պաշտպանություններ: Վերջինիս անթիվ անօրինականություններից նշենք ամենաաներեւակայելին՝ Կենսաբանության խորհուրդը շնորհում է ֆիզմաթ. գիտությունների դոկտորի կոչում եւ ԲՈՀ-ը հաստատում է այն:

«Մաֆիայի» երրորդ լիդեր-նամակագիրը՝ ԳԱԱ-ի թղթակից անդամ Լեւոն Մանվելյանը «Ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ պաշտպանության խորհրդի նախագահի իր պաշտոնը եւ կոչումը «ժառանգություն» է ստացել ակադեմիկոսներ՝ աներոջից եւ փեսայից: Նա մինչեւ օրս չի ղեկավարել ոչ մի գիտական թեմա, բայց հանդիսանում է հանրապետության ֆիզիոլոգների «կնքահայրը»: Իսկ պատկերացում կազմելու համար, թե ինչ որակի գիտնականներ է «արտադրում» այդ խորհուրդը, բավական է նշել միայն Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայիս տնօրեն Լ. Մանվելյանի կնոջ, ԳԱԱ-ի Կենսաբանական բաժանմունքի նախկին ակադեմիկոս-քարտուղարի դստեր՝ Քնարիկ Ղազարյանի (նամակագիր-տնօրեն) թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, որոնք կապ չունեն գիտության եւ մասնավորապես՝ ֆիզիոլոգիայի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել