Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածին
(«Առավոտ», 10 նոյեմբերի 2006 թ.)
Հոդվածի ամենաուշագրավ կողմը վերջին շրջանում տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից արծածվող «Հայի ֆենոմենի» վերլուծությունն է: Փորձ է կատարվում հայերի ազգային մենթալիտետի յուրահատկությունը՝ անհատականության արտահայտված ինքնագիտակցությունը տեսնել ոչ թե որպես ազգային համախմբվածությանը խոչընդոտող, այլ հակառակը՝ պոտենցիալ համախմբող գործոն։
Ընդհանուր առմամբ համաձայն լինելով հեղինակի կողմից առաջարկվող մի շարք խնդիրների լուծման ճանապարհների հետ, ուզում եմ առանձնացնել հետեւյալ հարցերն ու նկատառումները.
1. Անհատականությունների դրսեւորումը եւ ինքնամեկուսացումը պարզ երեւում է մեր երկրում առկա շատերի համար տարօրինակ թվացող կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների բազմաքանակության մեջ։ Դա, ըստ երեւույթին, պայմանավորված է հենց հիշյալ «Հայի ֆենոմենով», որի ճիշտ օգտագործման դեպքում հասարակությունը կարող է ստանալ բարձր արդյունավետություն, օրինակ, հ/կ-ների ոլորտային համագործակցության մեջ յուրաքանչյուրի աշխատանքի բաժանման պարագայում։ Սակայն կա հարցի մյուս կողմը։ Ինչպես ենք պատկերացնում հոդվածում մատնանշած Անհատականությունների զարգացմանը նպաստող քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ նոր սերնդի ընդհանուր կրթական եւ բարոյական մակարդակի անկումը չի կարող հավասարակշռվել վառ անհատականություն լինելու հանգամանքով։ Վերջինս նոր սերնդի մոտ ավելի շատ դրսեւորվում է «փողոցային» լիդերության եւ վեճերի միջոցով, ինչը թափանցում է նաեւ քաղաքական եւ հասարակական հարաբերությունների ոլորտ:
2. Երեւան – մարզեր առկա բեւեռացումը կարգավորելու ուղղությամբ լուծումները, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում են: Այս լուրջ խնդիրը, անկախ կարգավորման բազում փորձերի, շարունակում է խորանալ մարզերից Երեւան անընդմեջ տեղափոխվող մարդկային հոսքի ֆոնի վրա:
3. Հոդվածում մատնանշված Հայաստանի ներսում լուրջ ֆինանսական ներուժի առկայությունը եւ կուտակումը, ինչպես հայտնի է, սահմանափակվում է սոսկ մի քանի ֆիզիկական անձերով: Այդ միջոցների հանրօգուտ օգտագործման հնարավորություն կարող են ստեղծել միայն քաղաքակիրթ սոցիալիստական (ոչ բոլշեւիկյան) մեխանիզմները:
4. Դժվար թե կարելի է համաձայնել Սփյուռքի աջակցությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի (հիվանդանոց, դպրոց եւ այլն) անարդյունավետ լինելու հետ: Այլ հարց, որ դա երբեք չի արվել համակարգված ձեւով եւ չի դիտարկվել ու տեղավորվել ընդհանուր հեռանկարի մեջ:
5. Ո՞րն է վերջապես հիշատակված համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծման համար անհրաժեշտ եւ ակնառու շահավետությունը եւ երաշխիքները շարքային սփյուռքահայի համար:
6. Նշված մասնագիտական ցանցերի ստեղծման հետ կապված հիմնական մտավախությունը հետեւյալն է. Հայաստանը սփյուռքահայերի համար, ցավոք, դեռեւս չի դիտարկվում որպես վստահություն ներշնչող շուկա կայուն ներդրումների համար, ինչի արդյունքում այս մոտեցումը որեւէ ձեւով չի նպաստի Հայաստանի զարգացմանը:
Սակայն ընդհանուր առմամբ հոդվածներում հիմնական շեշտադրումները ճիշտ են. երկքաղաքացիությունից բացի, պետք է օրենքով կամ հայեցակարգով ամրագրվի Սփյուռքի հայրենակիցների հետ հայրենիքի հարաբերությունների ամբողջ համակարգը, որը պետք է նպաստի հայրենադարձությանը: Եվ, իհարկե, անհրաժեշտ է Համահայկական հիմնադրամի գործունեության արմատական վերանայում եւ բարեփոխում:
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ փոխնախագահ
Որո՞նք են Հայաստանի զարգացման խոչընդոտները եւ ինչպես հաղթահարել դրանք: Ահա այն խնդիրը, որ առաջադրում եւ քննում է Վ. Դալլաքյանը «Մեր ապագայի բանալիները» աշխատասիրության մեջ: Հեղինակը մատնանշում է այն նշաձողը, որին պետք է ձգտել առաջիկա 20-25 տարիների կտրվածքով, ապահովել 5-6 միլիոն ազգաբնակչություն եւ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտները ներկայիս 1000 դոլարից հասցնել 10, առավելագույնը՝ 15 հազար դոլարի: Սա նշանակում է ունենալ մրցունակ, հարուստ եւ հզոր պետություն:
Հեղինակը որպես հայեցակետ առաջարկում է ոչ թե ուժեղ պետության, որի տարատեսակը հանդիսացող «կազմակերպված պետության» դառը պտուղները մենք ճաշակում ենք, այլ ուժեղ անհատների պետության գաղափարը: Նա լիբերալիզմի գաղափարախոսության եւ արժեհամակարգի ջատագով է, որի հիմքում մարդու, անհատի ազատության անօտարելի եւ անսակարկելի իրավունքն է: Հենց այս հանգամանքն էլ հարազատ եւ ընդունելի է դարձնում այն հայ ժողովրդի եւ մեր իրականության համար: Նախ, որ արեւմտյան քաղաքակրթությունը, որում իր լուրջ ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը, խորթ եւ օտար չէ մեզ, ապա եւ այն, որ հայ ժողովրդի բազմամյա գոյաբանական ճգնաժամը խոր հետք է թողել հայ մարդու հոգեկերտվածքի եւ հայ հասարակության հատկանիշների վրա: Ըստ այդմ՝ ձեւավորվել է Հայի ֆենոմենը՝ նրա վառ անհատականությունը եւ անհատապաշտությունը, իսկ հայ հանրությունը ձեռք է բերել անհատական-ֆամիլիստական հասարակությանը բնորոշ գծեր: Հեղինակը համոզված է, որ «Անհատական բարեկեցության իդեալը ամենաազգային գաղափարն է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար, իսկ այն հիմնավորող լիբերալիզմը՝ իրականում ամենաազգային գաղափարախոսությունը …»:
Արժեհամակարգային ընտրությունը խարսխելով պատմա-քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական գործոնների բազմակողմ եւ խոր վերլուծության վրա, կարեւորելով եվրոպական հարազատ քաղաքակրթական միջավայրին Հայաստանի ինտեգրումը, հեղինակը միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում գտնել Հայաստանի առաջընթացի «ներքին բանալիները», «ներքին ուժի» աղբյուրները: Մտքի տրամաբանական ընթացքն ի վերջո հանգում է «ոչ մի տեղ հայը չունի բարեկեցիկ ապրելու այնքան մեծ հնարավորություններ, որքան Հայաստանում» սկզբունքին: Այլապես անհնար է վերացնել օտար եւ հարազատ քաղաքակրթական միջավայրերի զուգահեռ գոյակցության կործանարար ազդեցությունը, կանխել արտագաղթն ու Հայաստանին սպառնացող դեմոգրաֆիական աղետը:
Հեղինակն իր միտքն ամբողջացնում է Հայաստանի համար ընդունելի տնտեսական մոդելի առաջարկով, ելնելով այն մեկնակետից, որ հայ մարդուն բնորոշ անհատական բարգավաճման իդեալը զուգորդվի պետության տնտեսական հզորության եւ բնակչության թվաքանակի ավելացման նպատակի հետ:
«Մեր ապագայի բանալիները» աշխատասիրությունը իր մեջ գիտական, քաղաքական եւ գործնական բարձրարժեք նյութ է ամփոփում: Հեղինակը կենսահույզ ազգային-պետական հիմնախնդիրներին անդրադարձել է գիտական մեթոդաբանությամբ եւ խորությամբ: Մատնանշելով այդ հիմնախնդիրները պայմանավորող գործոնների եւ հանգամանքների մի ամբողջ շարք, նա բացահայտում է դրանց պատճառահետեւանքային բազմաբնույթ կապերն ու առանձնահատկությունները: Շարադրանքին հատուկ է կուռ տրամաբանությունը եւ մեթոդական հաջորդականությունը: Այս ամենը հիմնավոր եւ ընկալելի են դարձնում հեղինակի միտքը, նրա կողմից առաջարկվող մոտեցումներն ու բանաձեւերը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ