Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ հաց՝ այնտեղ կա՞ց»

Փետրվար 12,2007 00:00

Այս ասացվածքը, հավանաբար, մեր թշնամիներն են հորինել

«Հայերը ուր ասես չկան»: Այս խոսքերը հպարտությամբ արտասանում են շատ ու շատ մեր հայրենակիցներ: Բայց ես այն միշտ ընկալել եմ եւ ընկալում եմ մինչ օրս խոր ցավով: Որովհետեւ համոզված եմ. ամեն ազգ պետք է ապրի այնտեղ, ուր Աստված նրան «տեղ է արել» այս Մոլորակում: Պատմությունը դաժան խաղեր է խաղացել իմ ազգի հետ, որը, կտրել-անցնելով դարեր լայնարձակ Հայկական լեռնաշխարհում՝ Վանում, Կարինում, Բիթլիսում, Կարսում, այժմ ծվարել է մի փոքր քարքրոտ հողակտորի վրա:

Ամեն անգամ, լսելով «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» ժողովրդական ասացվածքը, կասկածում եմ. արդյո՞ք իսկական հայի շրթունքներից են դուրս պրծել այս խոսքերը: Եթե իրոք այդպես մտածեին մեր նախնիները, հազիվ թե ունենայինք եւ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը: Բայց արի ու տես, որ այսօր իմ հայրենակիցը՝ հայ տղամարդը, ապրում է հենց այդ սկզբունքով, թողնելով հարազատ գյուղը, քաղաքը, ծանոթ լեռներն ու ձորերը, մերձավորներին: Ցավոք սրտի, անկախ Հայաստանը, որի մասին մեր սերունդը, այսօրվա հիսուն-վաթսուն տարեկաններս, առաջին անգամ իսկապես համարձակվեցինք «լուրջ» երազել փաստորեն 1965 թվականի ապրիլի 24-ից, այդ Հայաստանը կանգնած է մի նոր արհավիրքի առջեւ՝ ստիպողական եւ սեփական կամքով անողոք հայաթափման: Ինքս լինելով վանեցի եւ նոր-նախիջեւանցի պապերի ժառանգորդ, ծնվել եմ Երեւանում, չեմ կարող անտարբեր նայել այսօրվա հայաստանյան մտահոգիչ իրականությանը՝ նորի՞ց արտագաղթ, նորի՞ց նոր օջախներ, նորի՞ց օտար անկյուններ:

Չէ՞ որ ինքներդ ձեզանից, ձեր ճակատին գրված «հայությունից» չեք փախչի՝ ուզում եք «փայլուն» (ավելի հաճախ՝ թարս ու շիտակ) խոսեք ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ինչքան էլ քոչարի պարեք, դհոլ-զուռնա լսեք եւ խորոված սարքեք մոսկովյան, լոնդոնյան եւ փարիզյան արվարձաններում: Ձեզ օտարության մեջ լսում, հարգում եւ սիրում են մինչեւ այն պահը, երբ դուք դեռ «չափերի» մեջ եք ձեզ պահում, բայց բավական է դուրս ելնեք «տերերի» կողմից ձեզ «նախանշված սահմաններից», անմիջապես ցույց կտան, որ դուք նրանց համար «երկրորդ սորտի» մարդիկ եք, որոնք պետք է կամ ենթարկվեն այդ երկրի նիստուկացին, կամ… Շարունակությունը լավ գիտեն այդ «ջրերում» արդեն «կուշտ» լողացածները:

Ինչքան էլ ազգասեր, նվիրյալ գործեր չիրականացվեն Սփյուռքում, այնտեղ հայ մնալը դյուրին գործ չէ – չկան երիտասարդությանը հայ պահելու լուրջ խթաններ: Դժվար է ենթադրել, որ Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում, Բեյրութում կամ նույնիսկ Մոսկվայում եւ Պետերբուրգում ծնված եւ ապրող ժամանակակից հայ երիտասարդը կգերադասի՝ «հայրենասիրությունից դրդված», ստանալ հայկական կրթություն եւ հայեցի դաստիարակություն, չունենալով հայրենիքում որեւէ հեռանկար, տեսլական եւ նույնիսկ նպատակ վերադառնալ Հայաստան՝ այն դեպքում, երբ մեր երկիրը թողնում-լքում են կրթված, պատրաստված, հմուտ եւ խելացի նորանոր սերունդներ:

Եկեք շատ մեծ հույսեր չկապենք այլ պետություններում ծվարած մեր գաղութների հետ. նրանց հայրենասեր, ազգօգուտ գործունեությունը, անշուշտ, պետք է շարունակվի օտար ափերին՝ հայապահպանման եւ գաղութների ունեցած հարուստ նյութական եւ հոգեւոր «պաշարները» ի շահ ողջ հայության դնելու առումով, սակայն նրանք չեն Հայաստան երկիրը «պահողը»: Հայրենիքի հենարանը այն ժողովուրդն է, որ ապրում է Արագածի փեշերին, Սեւանի ափերին, Լոռվա եւ Սյունիքի ձորերում, Շիրակի բարձունքներում, Արցախում: Սա է ճշմարտությունը, ըստ իս, սա է իրողությունը, միգուցե այժմ ոչ այնքան ընդունելի:

Ի՞նչ կարող են ձեռնարկել ի շահ հայրենիքի, նույնիսկ ամենաազդեցիկ գաղութները օտար երկրներում, իրենց պետությունների քաղաքանությունից դուրս: Համարյա ոչինչ: Ինչո՞վ կարող են հակազդել «հակահայկական» միտումներին եւ ծրագրերին իրենց երկրներում: Համարյա ոչնչով: Իհարկե, արտասահմանյան հայ օջախների եւ ականավոր գործիչների բարոյական եւ նյութական ակցիաները ի նպաստ Հայաստանի, ակնհայտ, բազմաթիվ են, սակայն քաղաքական ասպարեզում ոչ մեկը նրանցից չի հասել եւ չի էլ կարող հասնել ցանկացած նպատակի, եթե այն «շեղվում» է տվյալ պետության ռազմավարական կամ մարտավարական շահերից կամ չի բխում դրանցից: Օրինակներ՝ ինչքան ուզեք. ԱՄՆ-ից եւ Եվրոպայից սկսած մինչեւ Վրաստանն ու «բարեկամ» Ռուսաստանը:

Ես սրտանց ցավում եմ, երբ լսում եմ հեռուստատեսությամբ կամ կարդում Ինտերնետում, որ ինչ-որ նոր հայկական համայնք է ստեղծվել այս կամ այն քաղաքում, երկրում, որ այն ընդլայնվում է, բարգավաճում: Վայ մեզ. լալ է պետք, այլ ոչ թե ուրախանալ, որ էլի ինչ-որ մի երկրում, մարզում կամ նահանգում ապրելու է, հարստացնելու եւ բազմացնելու է այլազգիներին ազնիվ, խելացի եւ աշխատասեր հայ նոր սերունդը: Ինչի՞ց է փախչում այս սերունդը: Մի՞թե մեր այսօրվա երկիրը այնքան «թշվառ», «այլանդակ», «անազնիվ եւ բարոյալքված» է, ուր բոլորովին «ապրելու տեղ չէ»: Այո, շատ բաներից մեզ մոտ կարելի է հիասթափվել, նեղվել, հուսահատվել, դժգոհել, բայց ո՞վ ասաց, որ ռուսաստանյան կամ ամերիկյան հեռռւներում մեզ չեն սպասում նույնանման խնդիրներ: Մի՞թե փողը բոլոր հարցերի լուծումն է այս կյանքում: Իսկ այն հոգեւոր կամ վերջերս արդեն հաճախակի դարձած ֆիզիկական կորուստները, որոնք կրում են մեր հայրենակիցները աշխարհով մեկ՝ սկսած Եվրոպայից եւ վերջացրած մեզ «սրտով սիրած» Ռուսաստանով:

Ցավալի է արձանագրել լայն ժողովրդական «զանգվածների» համատարած անտարբերությունը՝ իր երկրի, քաղաքի, մարզի, փողոցի, նույնիսկ ազգային եւ ուղղակի մարդկային «թասիբի» նկատմամբ: Ինչ պատճառներ ասես չեն հորինվում, միայն թե «դուրս պրծնեն» այս «դժոխքից», նույնիսկ դառնում են «ոչտրադիցիոն կողմնորոշման» հետեւորդներ, որոնց իբր հետապնդում են հայրենիքում:

Մի զարմանալի բան է կատարվում հայերի հետ: Օտարների «ամուր ձեռքերում» մենք դարեր շարունակ եղել ենք օրինապաշտ, շինարար եւ ստեղծարար ժողովուրդ, քաջ զինվոր՝ ռազմի դաշտում, ծաղկեցրել ենք նրանց գիտությունը, արվեստը, մշակույթը (օրինակները՝ սկսած պարսից ու բյուզանդական կայսրերից մինչեւ ռուս թագավորներ եւ խորհրդային «գենսեկներ»): Բայց երբ այժմ պատմությունը իրողություն դարձրեց անկախ, ինքնիշխան Հայաստանը, որը ունի իր գույնը աշխարհի քարտեզին, իր տեղը եւ ձայնը միջազգային հանրությունում, իր եռագույնը, իր զինանիշը՝ մենք, հայերս, լքում ենք Հայրենիքը, դավաճանում նրան…

Ի՞նչ է, նորից ցանկանում ենք ինչ-որ մեկի լու՞ծը, ինչ-որ մեկի «ամուր եւ երկաթյա ձե՞ռքը»… Չեմ ուզում հավատալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել