Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻՆ ԵՍ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»

Փետրվար 12,2007 00:00

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է

Մի նվա…

Պիտի ասեի, որ 2002 թվականի դեկտեմբերի 18-ից մինչեւ այսօր ու այս պահը կռիվ ունեմ չգիտեմ ում ու չգիտեմ ինչի դեմ, որ բոլորի մահկանացու լինելը բանականությամբ գիտակցելով, սրտով ու հոգով համակ դիմադրություն եմ այդ գիտակցությանը, պիտի ասեի, որ չեմ հավատացել ու չեմ հավատում մահվան իրեղենությանը…

Բայց ունկերիս մեջ զգաստ հրաման կա՝ մի նվա…

Պիտի ասեի, որ սուտ է, մահը սուտ է՝ կարոտի դեմ ու կարոտի մեջ մահը պարտվում է: Պիտի ասեի, որ հիշողությունն ամենահզոր զենքն է, ու հիշողության մեջ կյանքը շարունակվում է՝ թեկուզ միայն ու միայն իբրեւ կրկնություն:

Բայց ունկերիս մեջ զգաստ հրաման կա՝ մի նվա…

Պիտի ասեի, որ կյանքը, կարոտը, հիշողությունը ոչ միայն անցյալ են, այլեւ՝ ներկա ու իր ներկայությունը շատ ավելի ռեալ ու իրական է, քան շատերի գոյությունը, որ ամեն օր աչք են քերծում ու ունկ սղոցում իրենցով՝ փորձելով համոզիչ դառնալ…

Բայց ունկերիս մեջ զգաստ հրաման կա՝ մի նվա…

Ու քանի որ դա հրաման է, ասում եմ՝ չեմ նվում ու չեմ նվալու: Չեմ ասելու, որ մեռնելով մարդիկ իրենք են հեռանում, բայց ոչ մեզնից են հեռանում: Մեր մեջ նրանք շարունակվում են այնքան ու այնպես, որ ամեն օր ու ամեն պահ կարող ես հետները խորհրդի նստել, լսել ու տեսնել՝ եթե ցանկանաս, եթե կարենաս մեջդ այնքան ուժ ու հավատ ունենալ, որ քո սիրելիները քեզ չլքեն:

…«Այնքան թուղթ է գրվել ու այնքան է գրվում, բայց, այնուհանդերձ, գրականությունը նոր-նոր իրեն գտնում է: Այնքան քիչ է գտնվածը, գոնե հասկացողների համար, որ ամբողջ արվածը կարելի է միայն սկիզբ համարել: Իսկական գրականությունը նոր է գտնվելու: Գրականության անկման առասպելներին ես չեմ հավատում: Ես չեմ հավատում, թե ընթերցող ենք կորցնում, հարյուրից հինգը կամ երեքը մշտապես եղել է ու լինելու է, գրականություն է պահանջելու, նրա գրողը միշտ առաջանալու է, միշտ պահպանելու է գրականության միջուկը…»:

…«Երբ արվեստն արվեստի համար է՝ միայն այդ դեպքում է դառնում մարդու համար: Արվեստն արվեստի համար է արվում, երբ պատվեր չի կատարում, իդեալ է տալիս, հասարակությանը հարստացնում է, դառնում կատարելության զինանշան»:

…«Գեղարվեստի կատարյալ գործ եմ ուզում: Զորեղ, զրնգուն, հրաշալի կյանք է հորդում՝ մենք կողքին կապված-կաշկանդված ենք: Գրական մի խոշոր հաղթանակ եմ ուզում: Մարդն առհասարակ ինքն իրեն խաբում է, բացահայտ ձախողումն անգամ հաջողություն կարող է համարել: Զղջալը, սխալն ընդունելն ահավոր դժվար է: Կուզենայի այն հաջողությունը ունենալ, որ Աստծո առաջ իմ նախորդների ու ժամանակակիցների կողքին բացճակատ կանգնեի»:

Էսպես: Մարդիկ կան՝ գալիս-խրվում են քո օրվա մեջ, եւ այլեւս դու չես օրվադ տերը, մարդիկ կան, գալիս-խրվում են կյանքդ ու քեզ տեր են դառնում, ավելին՝ տեր են դարձնում քեզ… Որովհետեւ, եթե ապրում ես, ուրեմն պատասխանատվություն ունես անցյալ-ներկա-ապագա կտրվածքով ու տեր պիտի լինես երկրիդ, կյանքիդ, գործիդ…

Ապրում են այդ մարդիկ քեզ հետ, քո մեջ՝ անկախ նրանից՝ հեռո՞ւ են, մո՞տ, ծանո՞թ են, անծանո՞թ:

Իրենք են, եւ առանց իրենց դու արդեն դու չես:

Դե փորձեք ձեր միջից հանել «Ծառերը», «Մեծամորը», «Մենք ենք, մեր սարերը»… Եթե ստացվեց՝ ձեր կիսատության մեջ ձեզ մեղադրեք:

Ու՝ մի հուսահատվեք. ձեզ համար ամեն ինչ առջեւում է՝ դուք դեռ ճանապարհ ունեք դեպի ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ, ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԿՅԱՆՔԸ ու ԴԵՊԻ ՃԱՆԱՉՈՒՄ, որովհետեւ նրա գրականությունը արվեստի այն բացարձակ որակն է, որ բնորոշումների ու բացատրությունների կարիք չունի, ինքն է, ու՝ իրենով ասված է ամեն ինչ: Նրա մասին չես ասի՝ ականավոր, նշանավոր, տաղանդավոր, հանճարեղ՝ չես ասի, որովհետեւ նա որակ ու չափանիշ բերեց, չափանիշի չափանիշ հաստատեց ու իդեալ տվեց՝ հասկանալու սա գրականություն է, սա գրականություն չէ, սա գրող է, սա գրող չէ: Ու հետայդու գրող, ուրեմն՝ հանճարեղ, գրականություն, ուրեմն՝ այսօրվանից մինչեւ հավերժություն…

Ու՝ մի նվա:

Դու քո ճամփան գնա:

«Գիտե՞ս ինչ, կյանք է՝ եւ մի ակնկալիր անփոթորիկ ծով. եւ եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է եւ ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է:

Ո՞ւր է խարիսխդ:

Խարիսխդ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել