Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը մեկնեց Բրյուսել

Փետրվար 12,2007 00:00

Կովկաս-կասպյան տարածաշրջանի ապագան եւ Եվրոպայի հետ նրա հարաբերությունները քննարկելու նպատակով ստեղծված Կովկաս-կասպյան միջազգային հանձնաժողովի առաջին հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 10-ին Բրյուսել մեկնեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանձնաժողովը բաղկացած է 14 երկրների ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահությունում ընդգրկված են Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Անկարայի Տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդինը: Հանձնաժողովի անդամներն են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին Դը Բրիշամբոն, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լամիերը, Պորտուգալիայի նախկին նախագահ Մարիո Սուարեսը, Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, Շոտլանդիայի խորհրդարանի խոսնակ Ջորջ Ռիդը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովը, Մեծ Բրիտանիայում Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Լորդ Փեդի Աշդաունը, ԱՄՆ Գերմանական Մարշալ ֆոնդի նախագահ Քրեյգ Քեննեդին, Լեհաստանի նախկին արտգործնախարար եւ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի նախագահ Ադամ Ռոտֆիլդը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի աշխատակազմի նախկին նախագահ Օլեգ Ռիբաչուկը, Կասպյան հետազոտությունների միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն, Հարվարդի համալսարանին կից Քենեդու անվան կառավարման դպրոցի ավագ գիտաշխատող, Իսլամական հեղափոխության հետազոտությունների ամսագրի գլխավոր խմբագիր եւ Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Մալիկին, Ղազախստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բուլատ Սուլթանովը, Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, Բաքվի Պետական համալսարանի պրոֆեսոր Էրկին Գադիրովը:

Հանձնաժողովում քննարկվելու են տարածաշրջանին հուզող տարբեր խնդիրներ, չկարգավորված հակամարտությունների կարգավորմանն ուղղված նոր մոտեցումների մշակում, տարածաշրջանային համագործակցության խթանում տարբեր մակարդակներում, նաեւ էներգետիկ անվտանգության մակարդակում, Եվրոպայի հետ տարածաշրջանի հարաբերությունների բարելավման հնարավորությունների քննարկում, քննարկումներ եւ առաջարկություններ ինստիտուցիոնալ բարեփոխությունների իրականացման, լավ կառավարման եւ ժողովրդավարության զարգացման վերաբերյալ: Հանձնաժողովի առաջին նիստից հետո եվրոպական լրատվամիջոցների համար կտրվի մամլո ասուլիս: Բրյուսելում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ Եվրամիության եւ Եվրաատլանտյան տարբեր կառույցների ղեկավար ներկայացուցիչների հետ:

Բրյուսելից Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավերով կմեկնի Վաշինգթոն: Այստեղ նախատեսված են Արթուր Բաղդասարյանի եւ պատվիրակության մյուս անդամների հանդիպումները ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանության եւ վերլուծական կենտրոնների, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Արթուր Բաղդասարյանը ելույթով հանդես կգա ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել