Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԵԿՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱՎՈՐՈՒՄ

Փետրվար 12,2007 00:00

\"\"Ռուս-վրացական հակասությունների հաղթահարման մասին խոսելը դեռեւս խիստ վաղաժամ է

Անցած շաբաթը նշանավորվեց մեր տարածաշրջանի իրողություններին ոչ այնքան բնորոշ պոզիտիվ մի իրադարձությամբ: Իր պաշտոնավարման վայր՝ Թբիլիսի վերադարձավ Վրաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Անշուշտ, դեսպանի վերադարձը, ինքնին, վկայում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա լարվածության որոշակի մեղմացման մասին, սակայն, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում համոզված են, որ մինչեւ միջպետական հարաբերությունների վերջնական կարգավորումը՝ դեռ շատ ճանապարհ կա անցնելու:

Դեսպան Կովալենկոն մի քանի օր առաջ Թբիլիսիում մամլո ասուլիս մատուցեց, ինչը, հասկանալիորեն, տեղի ու արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում ծայրահեղ հետաքրքրություն էր առաջ բերել: Բավական է նշել, որ դեսպանի հետ հանդիպման համար հավատարմագրվել էին ավելի քան 100 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ Կովալենկոն չէր կարող պատասխանել երկու երկրների միջեւ կուտակված հսկայական խնդիրներին վերաբերող բոլոր հարցերին: Այդուհանդերձ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շոշափվեց հարցերի մեծ շրջանակ, որը, հասկանալի պատճառներով, չի կարող չհետաքրքրել նաեւ մեզ՝ վրաց-ռուսական հարաբերություններից մեծ չափով կախում ունեցող հայաստանցիներիս:

Կովալենկոյի մեկնաբանությունների հիմնական լեյտմոտիվը հետեւյալն էր. Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում անլուծելի հակասություններ չկան: Ըստ դեսպանի, Ռուսաստանը ձգտում է փոխօգտակար հիմքի վրա կառուցված հարաբերությունների ու նաեւ ցանկանում է, որ Վրաստանում վերջ տան հակառուսական հռետորությանը: Մի պահ շեղվելով Վրաստանում ՌԴ դեսպանի մատուցած ասուլիսից, նկատենք, որ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում տառացիորեն նույնն են պահանջում Մոսկվայից: Օրինակ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն դեսպան Կովալենկոյի հայտարարություններից հետո նկատել է. «Ինչ վերաբերում է փոխօգտակարությանը, ապա Վրաստանը եւս դրան է ձգտում, իսկ ինչ վերաբերում է հռետորությանը, ապա պետք չէ մոռանալ Ռուսաստանում գլուխ բարձրացրած քսենոֆոբիայի դրսեւորումներն ու հակավրացական արշավը»: Բուրջանաձեն ողջունել է ռուս դեսպանի վերադարձը, նշելով, սակայն, որ դա բավարար չէ. «այդ քայլին պետք է հետեւեն հաջորդ պոզիտիվ քայլերը»:

Վերադառնալով ռուս դիվանագետի ասուլիսին, նշենք, որ լրագրողներին, բնականաբար, ամենից շատ հետաքրքրել են վերջինիս մեկնաբանությունները՝ կապված Աբխազիայի եւ Հարավօսիայի հիմնախնդիրների հետ: Այս կապակցությամբ, Կովալենկոն, մասնավորապես, նշել է, թե Ռուսաստանը չունի «էգոիստական նկրտումներ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավօսիայի նկատմամբ (հատկանշական է, որ Կովալենկոն միմյանցից անջատ է արտաբերել վերոհիշյալ անվանումները,- խմբ.)»: Ըստ նրա, Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Վրաստանի ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն «այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերի հաշվառմամբ»: Դեսպանը տարակուսանք է արտահայտել առ այն, որ Վրաստանում տեղի ունեցող ցանկացած դեպքի, իրադարձության մեջ Թբիլիսիում փորձում են տեսնել «Մոսկվայի ձեռքը»: Հիշեցնենք, որ 2006թ. ընթացքում արձանագրվեցին մի քանի սկանդալային իրադարձություններ՝ կապված ռուսական հատուկ ծառայությունների՝ Վրաստանի կենսապահովման եւ ռազմական օբյեկտներում ծավալած լրտեսական գործունեության հետ: Իսկ բոլորովին վերջերս պայթեց մի նոր սկանդալ, որն անմիջապես անվանվեց «ուրանի միջադեպ»: Վրաստանի անվտանգության ուժերը ձերբակալել էին ՌԴ մի քաղաքացու (Հյուսիսային Օսիայի բնակիչ), որը փորձել էր հարստացված ուրանով լեցուն մի ծրար վաճառել Թբիլիսիում: «Մենք արդեն դադարել ենք նման բաների վրա ուշադրություն դարձնել, սակայն ամեն անգամ այդ կարգի դիպվածների կրկնվելու հետեւանքով մեր հարաբերություններում առկա բացասական լիցքը միայն ավելանում է»,- ասել է նա:

Մեկնաբանելով Աբխազիայի բնակիչներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու վերաբերյալ մտահոգությունը, Կովալենկոն ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ այդմ, «դա պայմանավորված է եղել բացառապես մարդասիրական նկատառումներով»: Ըստ Կովալենկոյի, վրաց-աբխազական պատերազմի տարիներին Աբխազիայի շատ բնակիչներ հայտնվել էին հուսահատական վիճակում, եւ միայն ռուսական անձնագրերի տրամադրումով ու արտաքին աշխարհի հետ հնարավոր միակ՝ Ռուսաստանի տարածքով կապի ապահովման միջոցով է հնարավոր եղել փրկել նրանցից շատերին:

Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրել է նաեւ դեսպանի կարծիքը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի «ինտենսիվ երկխոսության» մասին: Ինչպես եւ կարելի էր սպասել, այս կարգի հարցերին պատասխանելիս Կովալենկոն «յոլա է գնացել» սոսկ ընդհանուր բնույթի մեկնաբանություններով, արտահայտելով ֆորմալ, ոչ մի կոնկրետություն չպարունակող գնահատականներ: Թերեւս, խստորեն հետեւելով նախօրոք Կրեմլում ստացած հրահանգաշարին, ռուս դիվանագետն առավելապես անդրադարձել է միայն անմիջականորեն ռուս-վրացական հարաբերություններին առնչվող ասպեկտներին: Օրինակ՝ վրացական գինիների արտահանում, վրացի էմիգրանտներ եւ այլն: Հենց այս հանգամանքն էլ մի շարք վրացի եւ արտասահմանյան դիտորդների հիմք է տվել պնդելու, որ ռուս դեսպանի վերադարձը Թբիլիսի՝ չի կարող «բեկումային» համարվել երկու երկրների հարաբերություններում:

Այդ գնահատականների հետ, ինչ խոսք, դժվար է չհամաձայնել: Դեսպան Կովալենկոյի վերադարձը, անշուշտ, դրական երեւույթ է, սակայն, ինչպես Թբիլիսի վերադառնալուն պես նրա կողմից արված հայտարարությունները, այնպես էլ դրան հաջորդած իրադարձությունները պերճախոս կերպով վկայում են, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում ոչ մի լուրջ տեղաշարժ, ըստ էության, դեռ չի եղել, եւ առայժմ կարող ենք խոսել միայն որոշ «տակտիկական» մեղմացումների մասին: Բավական է նշել միայն դեսպանի այն դիտարկումը, թե Ռուսաստանը ցանկանում է իր կողքին տեսնել «չեզոք Վրաստան»: Պարզ է, որ ՆԱՏՕ-ի հետ ակտիվ մերձեցման կուրս վերցրած Վրաստանից չեզոքություն պահանջելն առնվազն անլուրջ է: Ավելին, հանգամանքը, որ Կովալենկոյի վերադարձից տառացիորեն երկու օր հետո Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը առանց Թբիլիսիի հետ խորհրդատվության ցուցադրաբար մեկնեց Սուխում, առիթ տալով միջպետական նոր աղմուկի, ստիպում է մտածել, որ Կովալենկոն ցանկացած պահի կարող է դարձյալ լքել Վրաստանը: Ի հավելումն, տեղեկացնենք, որ ամերիկյան American Council for the United Nations University փորձագիտական կենտրոնը օրերս հրապարակել է մի եզրակացություն, համաձայն որի, առաջիկայում սպասվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եղած հակասությունների նոր սրացում:

 Հ. Գ. Վերջերս մատուցած իր ավանդական մամլո ասուլիսին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ հիշյալ թեմայով հնչեցրած հեգնական գնահատականները միանգամայն տեղավորվում են վերը բերված հոռետեսական պնդումների տրամաբանության մեջ: «Ոչինչ, որ վրացական մամուլում թմբկահարում են, թե Ռուսաստանի դեսպանի վերադարձն իրենց հաղթանակն է: Դե լավ, թող այդպիսի զգացողություն ունենան: Կարեւորն այն է, որ դա նպաստի հարաբերությունների նորմալացմանը»,- ասել է ՌԴ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել