Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը պատերազմի «ռուդիմենտը»

Փետրվար 12,2007 00:00

Վերջին օրերին Վաշինգթոնից եւ Մոսկվայից պարբերաբար հնչող որոշ հայտարարություններ մեր մտապատկերում հետեւողականորեն վերակենդանացնում են սառը պատերազմի ժամանակների՝ դեռեւս չխամրած հիշողությունները:

Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ ԱՄՆ նոր պետբյուջեի նախագծի շրջանառման կապակցությամբ արված դիտարկումներից մեկի մասին է: Մեկնաբանելով երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթում ռազմական ծախսերի համար նախատեսված աննախադեպ մեծ գումարի չափը՝ Գեյթսը նշել է, թե բացի համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունից, ԱՄՆ-ն կարող է բախվել նաեւ այնպիսի երկրներից բխող վտանգների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը: «Հարկ է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, քանի որ մենք չգիտենք, թե ինչեր տեղի կունենան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը»,- Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ մանրամասնել է Պենտագոնի ղեկավարը: Ի թիվս վերջին շրջանում մի շարք հարցերի կապակցությամբ պաշտոնական Մոսկվայի «ոչ միանշանակ վարքագծի» դրսեւորումների արձանագրման, Գեյթսը գնահատական է տվել նաեւ անձնապես ՌԴ նախագահ Պուտինի գործունեությանը, նշելով, թե վերջինս «ձգտում է Ռուսաստանին վերադարձնել մեծ տերության կարգավիճակն ու վերածնել ազգային հպարտությունը»: Սակայն, ըստ Գեյթսի, Պուտինը ձգտում է այդ նպատակին հասնել, մասնավորապես, հումքային ռեսուրսների կենտրոնացման, նպատակային շահարկման եւ մերձավոր արտասահմանի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու միջոցով:

Պենտագոնի ղեկավարի այս եւ մի քանի այլ հայտարարությունները արեւմտյան որոշ դիտորդների հիմք են տվել եզրակացնելու, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն աստիճանաբար մղվում են դեպի երբեմնի սառը պատերազմի ուղեծիրը: Այսօրինակ գնահատականների մեջ առավել կտրուկ են ռուսաստանյան փորձագետներն ու հատկապես այնպիսիք, ովքեր ներկայացնում են Ռուսաստանի ռազմավերլուծական կենտրոնները: «Գեյթսի այդ հայտարարությունն այլ բան չէ, քան սառը պատերազմի ռուդիմենտ: Դրա համար հարկ է անմիջապես բացատրություններ պահանջել ԱՄՆ-ից». ահա այսպես կտրուկ է արձագանքել Գեյթսին Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար աշխատակից, գեներալ-մայոր Վլադիմիր Դվորկինը: Չեն լռել նաեւ Մոսկվայի պաշտոնական օղակները՝ խոստանալով առավել «հանգամանալից եւ համարժեք» պատասխան տալ առաջիկա օրերին:

Ինչպես տեսնում ենք, այսպես կոչված՝ «նոր աշխարհակարգի» ստեղծման, նույնն է թե՝ ազդեցությունների վերաբաշխման գործընթացը բավական ցավոտ է ընթանում, իսկ վերջին ամիսներին, ըստ ամենայնի, լրջորեն դեմ է առել ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում առաջացած խութերին: Ու եթե վերջիններս չկարողանան գոնե փոքրիշատե հարթել, մասնավորապես, արեւելյան քաղաքականության հարցերում առաջացած մի շարք տարաձայնություններ, ապա Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ 2002թ. ստորագրված «ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիրը կվերածվի գրասենյակային թափոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել