Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է «ՆԱԽԱԴԵՊԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»

Փետրվար 12,2007 00:00

\"\"ՄԱԿ-ը Կոսովոյին սահմանափակ անկախություն է առաջարկում

Թեեւ Կոսովոյի հավանական անկախացման ու դրան հաջորդելիք քաղաքական հետեւանքների մասին հաճախ տրամագծորեն հակադիր դատողություններ են հնչում, գոնե մեկ հարցում բոլորը համամիտ են: Թե՛ նրանք, ովքեր ասում են, որ Կոսովոյի խնդրի հանգուցալուծումը չի կարող նախադեպ հանդիսանալ նմանատիպ այլ հակամարտությունների կարգավորման համար եւ թե՛ հակառակը պնդողները, որոնք առնվազն նեքուստ համոզված են, որ Կոսովոյին անկախություն շնորհելուց հետո աշխարհը հիմնավորապես կփոխվի, եւ այդ փոփոխության պատճառ կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր մոլորակի վրա հաստատված ամենադոգմատիկ եւ նույնքան հակասական սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի ջարդումը: Թե ինչ գործնական դրսեւորումներ կունենան Կոսովոյի պարագայում այդ սկզբունքի շրջանցման հետեւանքները, այս պահին դժվար է կանխատեսել, սակայն մի բան հստակ է. աշխարհի գրեթե բոլոր չճանաչված կազմավորումները, որոնք ինքնորոշման եւ անկախացման խնդիր ունեն, այս նոր իրողության լույսի տակ, վստահաբար, կվերաիմաստավորեն իրենց նախկին դիրքորոշումներն ու մոտեցումները, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այս առումով արժե, թերեւս, ընդգծել մի հանգամանք, փորձելով խնդիրը որոշակիորեն տարածել հետխորհրդային տարածքներում առկա հակամարտությունների ու, մասնավորաբար, Լեռնային Ղարաբաղի վրա: Այն մասին, որ Կոսովոյի խնդիրն ուրույն է եւ դրա կարգավորման մոդելը չի կարող նախադեպ ծառայել այլոց համար, առաջին հերթին խոսում են տվյալ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդ կառույցի՝ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները: Որքան էլ որ կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, նույնն է պնդում նաեւ պաշտոնական Երեւանը: Մինչդեռ պարզ է, որ այստեղ գործ ունենք միանգամայն տարբեր մոտիվացիաների հետ: Առաջինները մերժում են նախադեպի գաղափարը, հասկանալիորեն զգուշանալով Եվրոպային կից տարածաշրջաններում եղած հակամարտությունների հետագա բարդացումներից, իսկ Երեւանում խուսափում են «նախադեպ» արտահայտությունից, ավելի ուշ սեփական հայտարարությունների ծուղակը չընկնելու համար: Այսինքն՝ կշնորհվի՞ Կոսովոյին անկախություն, շատ լավ. ուզես թե չուզես դա արդեն, ինքնին, նախադեպ կդառնա: Չի՞ շնորհվի, Աստված իրենց հետ, դա մեր գործը չէ, մեր պարագան բոլորովին ուրիշ է, ուստի՝ Կոսովոյին տրված բարձր ինքնավարության կարգավիճակը չի կարող «նախադեպ» ծառայել ԼՂ հակամարտության համար:

Իսկ մինչ վերոհիշյալ հարցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմերն իրենց նպատակներին հարմար եզրաբանություն են հղկում, Կոսովոյի խնդրի հանգուցալուծման «ուրվականն» արդեն շրջում է Եվրոպայում: Եվ իբրեւ անմիջական հետեւանք, Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս շրջելու է դուրս եկել նաեւ նախադեպի ուրվականը: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարթի Ահթիսաարին օրերս հրապարակ է հանել Կոսովոյի խնդրի կարգավորման՝ ՄԱԿ-ի առաջարկած նախագիծը, որն արդեն իսկ հասցրել է ծնունդ տալ նոր քաղաքական հասկացության՝ «սահմանափակ անկախություն»: Սահմանափակ, թե ոչ, համենայնդեպս, արդեն հաստատ կարող ենք ասել, որ դրա կենսակոչման դեպքում ցայժմ դե ֆակտո անկախ Կոսովոն այդպիսին կլինի նաեւ դե յուրե: Ու եթե անգամ նրա անկախությունը լիարժեք չի լինի, ապա դրա սահմանափակողը կլինի ոչ թե Բելգրադը, այլ ՄԱԿ-ը: Ճիշտ է, Ահթիսաարիի առաջարկած նախագծի դրույթներից ոչ մեկում «անկախություն» բառը չի հիշատակվում, բայց այնտեղ ոչինչ չկա նաեւ Բելգրադին ինչ-ինչ մեխանիզմներով ենթակայության մասին: Նախագիծն արդեն հավանության է արժանացել ԵՄ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի կողմից, որը, մասնավորապես, հայտարարել է, թե ինքն ամբողջությամբ սատարում է ՄԱԿ-ի այս նախաձեռնությունն ու համարում, որ Կոսովոյի հակամարտության լուծումն «այսօր Եվրոպայի առջեւ ծառացած ամենակենսական խնդիրներից է»:

Հատկանշական է, որ այս հարցում հաջողության հասնելու առումով նա մեծ դերակատարություն է վերապահել Մոսկվային: Հայտնի է, որ ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանը Կոսովոյի «նախադեպության» գաղափարի առավել եռանդուն կողմնակիցներից ու քարոզիչներից է: Ուստի պատահական չէ, որ Սոլանան ընդգծել է այս հարցում Մոսկվայի ունեցած «հատուկ պատասխանատվության» մասին: Բացառված չէ, որ այստեղ կարող ենք գործ ունենալ Մոսկվա-Բրյուսել շրջանակում խմորվող ինչ-որ թաքուն սակարկության հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը վաղուց արդեն կորցրել է Բալկաններում ունեցած իր երբեմնի քաղաքական ազդեցությունն ու դուրս է մղվել այնտեղից, ինչը ռուս ազգայնականների կողմից որակվել է ոչ այլ կերպ, քան «դավաճանություն արյունակից սերբերի նկատմամբ»: Արտաքուստ Սերբիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ մտահոգ Ռուսաստանը, ըստ էության, այսօր էլ որեւէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ Կոսովոյի շուրջ զարգացող գործընթացներում: Սակայն հետեւողականորեն խոսելով Կոսովոյի հնարավոր նախադեպի մասին եւ մեծ հաշվով թքած ունենալով իր «արյունակիցների» վրա, Կրեմլը, ըստ էության, Արեւմուտքի հետ փորձում է համաձայնության գալ իրեն ավելի մոտ գտնվող ու իր համար առավել կենսական, մասնավորապես՝ Աբխազիայի, Հարվային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտությունների շուրջ: Սակարկության «դիապազոնը», անշուշտ, կարող է ավելի մեծ լինել՝ ներառյալ Եվրամիության տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող էներգետիկ ծրագրերը: Հետեւաբար, մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այն, թե ինչպես Կրեմլում կսկսեն «իրացնել» Եվրամիության կողմից Մոսկվային վերապահված «հատուկ պատասխանատվությունը», կախված կլինի Կոսովոյի հետ անմիջական առնչություն չունեցող այլ խնդիրների շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ձեռք բերվելիք համաձայնությունների աստիճանից:

Դառնալով բուն Կոսովոյին, նշենք, որ Ահթիսաարիի ծրագիրն այստեղ դեռ երկար ու ոչ դյուրին ճանապարհ ունի անցնելու: Դրան դեռ պետք է ծանոթանան ու իրենց դիտողությունները ներկայացնեն Բելգրադն ու Պրիշտինան: Բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի փետրվարի 13-ին, որի ավարտից հետո միայն Ահթիսաարիի ծրագիրը կարող է քննարկման առարկա դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այնպես որ, «նախադեպի» կողմնակիցներն ու հակառակորդները պետք է զինվեն համբերությամբ եւ սպասեն կոսովյան հետագա զարգացումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել