Լրահոս
Օրվա լրահոսը

«Տես»-ում տեսնելու բան չկա

Փետրվար 12,2007 00:00

Արթուր Գրիգորյանի ու Անիտա Հախվերդյանի հեռուստաշարքի տարօրինակությունները

Շուրջ 2 ամիս է՝ ինչ եթեր է հեռարձակվում «Տես» հաղորդումը, ընդ որում ասեմ, որ եթե այն տեսնել բայի հրամայական եղանակի երկրորդ դեմքը չլիներ, դժվար թե որեւէ մեկը տեսներ: Հնչում է համարյա հրաման՝ տես: Տեսնելը՝ տեսնենք, բայց ի՞նչ կա տեսնելու: Հաղորդումը վարում են ճանաչված կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը եւ շոուների վարող Անիտա Հախվերդյանը: Նրանք հրավիրում են հայկական շոու-բիզնեսի աստղերին ու հաղորդման ժամանակ ասես անդրշիրիմյան ձայնով անիմաստ հարցեր ուղղում՝ հայոց այբուբենի հերթական տառերով՝ «ա»-ից՝ «ֆ»: Հետաքրքիրն այն է, որ ոչ Արթուր Գրիգորիչը, ոչ Անիտան հայկական կրթություն չունեն ու իրենց նեղություն էլ չեն տվել հայերենին տիրապետող որեւէ մեկից ճշտել հայոց տառերի անվանումներն ու դրանց ճիշտ արտասանությունը: Լա՛վ, իրենք չեն հարցրել՝ Հ1-ում ու Երգի պետական թատրոնո՞ւմ էլ հայերեն իմացող մեկը չի եղել, որ ասի՝ «Հայերենում «խե», «բե», «սե» կամ «ճե» չկա, դրանք հնչում են պարզ՝ խ, բ, ս, ճ»: Երեւի Արթուր Գրիգորիչին չեն էլ ասել, որ հայերենում շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: Հետեւաբար, ինչպիսի կոմպոզիտոր կամ վարող էլ ուզում ես եղիր, իրավունք չունես անուն-ազգանունները կարդալ, ասենք՝ Շու՜ուշան Պե՜տրոսյան, պետք է կարդալ Շուշան Պետրոսյա՛ն: Նկատենք, որ Ա. Գրիգորյանը սխալ շեշտով խոսում է արդեն 15 տարի՝ դեռեւս իր հիմնած «Այո» նախագծից: Քանի որ Գրիգորիչը հեղինակություն է, նրա սաները, օրինակ՝ Անիտան, եւս որոշել են նրա նման խոսել՝ ոչ ճիշտ շեշտադրությամբ:

Անժխտելի է շոու-բիզնեսում եւ երգարվեստում Արթուր Գրիգորյանի ներդրումը, սակայն դա չի նշանակում, որ նա նաեւ վիտուոզ հեռուստահաղորդավար կամ շոումեն է: Մոտ կես տարի առաջ հյուրընկալվելով «Ռուբիկոն» հաղորդաշարին, Արթուր Գրիգորիչն արդարացիորեն դժգոհեց հայաստանյան TV-ներով ցուցադրվող հաղորդումների միօրինակությունից, անճաշակությունից ու ասելիքի բացակայությունից: «Օրինակ վերցրեք Լոլիտայից, ես զարմանում եմ՝ էդ կինը ինչ ազատությամբ է վարում «Բեզ կոմպլեքսով» հաղորդումը», իսկ մեր հաղորդավարները միշտ ստանդարտ ձեւի մեջ են»,- ընդվզեց նա:

Երբ արդեն ամիսներ անց գովազդում էին սպասվող «Տեսը», հույս ունեի, թե Ա. Գրիգորյանը իր սիրելի Լոլիտայի նման համարձակ, դինամիկ, աշխույժ հաղորդում է պատրաստելու: Զուր էին ակնկալիքներս: «Տեսի» մի նորարարությունը, պարզվեց, հայոց այբուբենի սխալ արտասանությունն է, իսկ ազատ, բարդույթներից զուրկ պահվածքն էլ այն է, որ յուրաքանչյուր հաղորդման ժամանակ մինչեւ, ասենք, «ծե» տառը՝ նստած են վարում, իսկ այդ տառից հետո վարողներն իրենց հյուրին վեր կենալու կոչ են անում ու հարցուպատասխանը շարունակում ոտքի վրա: Մյուս «նորարարությունն» էլ այն է, որ օրվա հյուր երգչին առաջարկում են մի կտոր երգել մեկ այլ երգչի երգացանկից ու անպայման շեշտում, թե վերջինս տեղյակ չէ, թե ինչ է երգելու: «Այսինչ ջան, ասա, որ դու իսկապես չգիտեիր, թե ինչ պետք է երգեիր, թե չէ ժուռնալիստները էլի կսկսեն…»,- պնդում են վարողները: Երգիչն էլ քիչ է մնում՝ իր անտեղյակության մասին երդվի բոլոր սրբերով: Զավեշտն ավարտվում է այնտեղ, որ մի հայ երգիչ կատարում է մեկ այլ հայ երգչի ամենահայտնի շլյագերներից մեկը, ու, պատկերացնո՞ւմ եք՝ ԵՐԳԻՉԸ կարողանում Է ԵՐԳԵԼ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել