Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Փետրվար 12,2007 00:00

Ըստ Ազգային օպերային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանի, ի տարբերություն հերոսուհիների ճակատագրի, իր անձնականին բնորոշ են նովելային լուծումները:

Ա. Մխիթարյանը, որ միջազգային մրցույթների միակ հայ եռակի ոսկե մեդալակիրն է եւ 3 «Գրան պրի»-ների թագակիրը, «Առավոտին» տեղեկացրեց, որ շուտով Տ. Չուխաջյանի «Արշակ II» օպերայում հանդես կգա Օլիմպիայի դերերգով։ Վերջինիս կատարմամբ երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 1992 թ. հոկտեմբերի 23-ին։ Հիշյալ օպերան Երեւանում առաջին անգամ բեմադրել է մեծանուն բեմադրիչ Արմեն Գուլակյան՝ 50-ականների սկզբին, որից հետո օպերային անդրադարձել են 1956 թ.՝ Վավիկ Վարդանյանը, 1986-ին՝ Տիգրան Լեւոնյանը, իսկ 1997-ից այն հանվել է խաղացանկից: Այսօր «Արշակ II» օպերայի ռեժիսուրան ստանձնել է Գեղամ Գրիգորյանը:

1990 թ. ի վեր աշխարհի հեղինակավոր բեմերում ու օպերային թատրոններում (Անգլիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ավստրալիա, ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա եւ այլուր) մեծ հաջողությամբ ելույթ ունեցած երգչուհու արվեստի մասին առայսօր չկան երաժշտագիտական հոդվածներ, բրոշյուրներ, անգամ անդրադարձներ այս կամ այն ելույթի առիթով: Այս բացը լրացնելու նպատակով տեղեկացնենք, որ երգչուհին վերոնշյալ մրցանակների է արժանացել 90-ականների սկզբներից՝ մասնակցելով վոկալիստների միջազգային մրցույթներին. Իսպանիայում՝ Ֆրանցիսկո Վինյասիի, Գայարե-Կարերասի անվան, Իտալիայում՝ Վինչենցո Բելինիի: Իսկ աշխարհահռչակ Ջոան Սադրլենդը եւ Խոսե Կառերասը, Ա. Մխիթարյանին համարելով «բացառիկ երեւույթ», ասել են. «Հայ երգչուհին կփայլի աշխարհի լավագույն օպերային թատրոններում»: Նրա կատարումները որակելով վիրտուոզ, իսկ ձայնը գործիքահնչյուն, բյուրեղային տեմբրով սոպրանո, ճանաչված երաժշտական քննադատները հայտնի լրագրերում փաստել են երգչուհու աստվածատուր տաղանդի մասին: Իսպանական «DIARIO DE NOTIGIAS» լրագրի երաժշտական քննադատ Տեոբալդոսը Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի ներկայացումից հետո «Խենթացնող մի Լյուչիա» հոդվածում գրել է. «Անահիտ Մխիթարյանը վիթխարի կարողությունների տեր սոպրանո է: Նրա վճիտ, մեղեդային ձայնը թանձր է եւ հյութեղ, հնչեղ եւ սքանչելիորեն շարժուն, որը բոլոր ռեգիստրներում մաքուր եւ հավասար հնչողություն ունի: Իսկ երգեցողությունը վերին նոտաներում ստիպում էր հանդիսատեսին պահել շնչառությունը»: Երաժշտական քննադատ Վալերի Կիչինը Մոսկվայի Մեծ թատրոնում Բելինիի «Նորմա» օպերայի ունկնդրումից հետո «Կուլտուրա» ամսագրում «Նորմայի հաղթարշավը» հոդվածում գրել է. «Երգչուհին երկրորդ գործողության սկզբում այնպես կատարեց Նորմայի հանրահայտ «Կաստադիվան», որ օվացիաները պարզապես ընդմիջեցին ներկայացումը: Հանդիսատեսը խենթացած էր»: Իսպանական մեկ այլ պարբերականի՝ «Piario de Sevilla»-ի երաժշտական քննադատ Անդրես Մորենո Մենխիբարն էլ իր «Անսպասելի մի սոխակ Սեւիլիա այցելելիս» հրապարակման մեջ նշել է. «Հանձին այս կատարողի, մեզ հնարավորություն ընձեռվեց ըմբոշխնել մաքրագործված կատարողական տեխնիկա»:

Անահիտ Մխիթարյանի դերերգերը (Անուշ, Օլիմպիա, Նորմա, Տրավիատա, Լյուչիա…), զարմանալի զուգադիպությամբ, դրամատիկ են եւ բոլորն ունենում են ողբերգական ավարտ: Ընդ որում, վերջինս բնորոշ է աշխարհահռչակ պրիմադոննաների նաեւ անձնական կյանքին: Վերը շարադրվածի առիթով Ա. Մխիթարյանը հայտնեց հետեւյալը. «Այդ կյանքը հենց այնպես չէ, որ կոչել են անձնական, այսինքն՝ սեփական անձին խստագույնս վերաբերող… Ես գուցե ձեզ հիասթափեցնեմ ժլատ պատասխանով. անձնական կյանքս միշտ էլ աչքի է ընկել զգացմունքային ելեւէջումներով եւ անակնկալ, նովելային լուծումներով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել