Լրահոս
Օրվա լրահոսը

«Էպիստոլյար» հարաբերություններ

Փետրվար 12,2007 00:00

«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ երկամյա վաղեմության նամակագրությունն, ըստ էության, դարձել է ներկայիս հայ-թուրքական ոչ պաշտոնական հարաբերությունների հիմքը»:

Այս մասին երեկ, «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Վերջինս հիշեցրեց, որ 2005թ. ապրիլին Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին առաջարկեց պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունների ուսումնասիրման համար: Ռ. Քոչարյանը, սակայն, այդ առաջարկությանը պատասխանեց, որ հնարավոր չէ պատմաբանների վրա դնել այնպիսի բարդ եւ կարեւոր մի խնդիր, ինչպիսին երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումն է, եւ առաջարկեց ստեղծել երկկողմ միջկառավարական հանձնաժողով:

Ըստ Կիրակոսյանի, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան այսօր առաջ է քաշում երկու նախապայման՝ 1. «Թուրքական հասարակության բացառիկ զգայունության» հանգամանքով պայմանավորված՝ Թուրքիան ձգտում է ճշտել 1915 թ. դեպքերի հետ կապված հարցերը եւ հետո միայն փորձել համագործակցություն հաստատել: 2. Մինչ երկկողմ հարաբերությունների հաստատումը, Թուրքիան պահանջում է ղարաբաղյան խնդրի լուծում: «Անկարան քանիցս նշել է, որ մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համերաշխությանը եւ չի բացի սահմանը մինչ այդ հարցի վերջնական լուծումը»,- հիշեցրեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը՝ Կիրակոսյանը նշեց, որ նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումների օրերին իր՝ Թուրքիայում գտնվելու ժամանակ հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնատարների հետ: Ըստ ԱԳ փոխնախարարի, այդ հանդիպումների ժամանակ վերջիններս ցանկություն են հայտնել բարելավել հայ-թուրքական հարաբերությունները: Ավելին, բանախոսը նշեց, որ իր համար ակնհայտ է հայ-թուրքական սահմանի բացմամբ թուրք ձեռներեցների շահագրգռվածությունը: «Հայկական կողմը միշտ էլ պնդել է սահմանի բացման անհրաժեշտությունը, սակայն Թուրքիան շարունակում է այն փակ պահել»,- դժգոհեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու նախագիծը Հայաստանը շրջանցելուն միտված Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ քաղաքականության շարունակությունն է: «Սակայն մենք արդեն հասել ենք այն բանին, որ արտասահմանյան պետությունները մերժեն այդ նախագծի ֆինանսավորումը»,- մխիթարեց Արման Կիրակոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել