Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿԱԳԾԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ

Փետրվար 12,2007 00:00

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր

Մելիք Գասպարյանի մահափորձի գործով ամբաստանյալ Սիլվա Ասատրյանի ցուցմունքները եւ սկսվեց նրա հարցաքննությունը:

Ասատրյանին հարցաքննեցին պաշտպաններ Կարեն Մեջլումյանը, Ինեսա Պետրոսյանը եւ Անժելա Կարապետյանը: Նախաքննության ժամանակ մյուս ամբաստանյալը՝ ԱԱԾ նախկին փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (Սերգեյ Իվանով) ցուցմունք էր տվել, թե Սիլվա Ասատրյանի հետ 2001 թ. նոյեմբեր-դեկտեմբերին գաղտնի հանդիպումներ էր ունեցել՝ ԱԺ նախկին պատգամավորի մեքենայի պայթյունը իրականացնելու համար։ Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե եղե՞լ են նման հանդիպումներ: Ս. Ասատրյանը հայտնեց, որ «գաղտնի բաներ» չի սիրում եւ որ Սերգեյ Իվանովի մուտքը իրենց բնակարան եղել է ազատ: Նա ներկայացրեց, որ Սերգեյ Իվանովի հետ 1994 թվականին իրեն ծանոթացրել է ԱԱԾ փոխգնդապետ Գարիկ Ազնավուրյանը. «զգուշավորությունը կար մեր միջեւ, փորձում էինք այդ կազմակերպությունից (նկատի ունի ազգային անվտանգությունը.- Ռ. Մ.) հեռու մնալ, մանավանդ բազմաթիվ փորձեր էին արվում, որ մեր ընտանիքը իրենց հետ համագործակցի՝ 100-ամյա կուսակցության՝ Դաշնակցության դեմ աշխատենք»,- պատմեց Ս. Ասատրյանը: Երբ պաշտպան Կարեն Մեջլումյանը հարցրեց, թե որեւէ խնդրանքով դիմե՞լ է Սերգեյին, Ս. Ասատրյանը տեղեկացրեց, որ մի անգամ Սերգեյը օգնել է ամուսնուն՝ Արթուր Գյուրջինյանին, հանդիպելու Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Ինչ վերաբերում է պատգամավորի դեմ մահափորձ կատարելուն, ամբաստանյալը պնդեց, որ մեղադրանքը շինծու է. «ՊԱԿ-ի աշխատակցին այդպիսի խնդրանքով չէի դիմի»: Տեղեկացանք նաեւ, որ Վոլֆսոնը միայն մեկ անգամ է քաղաքացիական հագուստով հայտնվել Գյուրջինյանների բնակարանում. մնացած դեպքերում եղել է զինվորական համազգեստով, հաճախ զինված, «վարորդները կարմիր բերետավորներ էին։ Նրա մոտ մշտապես կար ռադիոկապ»։ Այսինքն, առնվազն Յուրի Վոլֆսոնը եղել է ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ինչից հրաժարվում են ներկայիս ԱԱԾ ղեկավարները, անվանելով նրան անհայրենիք բեկոր:

Ասատրյանը նաեւ հիշեց, որ Վոլֆսոնը պառկել է հոսպիտալում: «Առավոտի» տրամադրության տակ եղած մեկ այլ տեղեկանքով, 2005 թվականին «բեկորը»՝ Վոլֆսոնը, պետպատվերի շրջանակներում երեք անգամ վիրահատվել է հայտնի բուժհիմնարկներից մեկում: Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ երբ գլխավոր դատախազության քննչական վարչությունում միացրել են տեսաերիզը, որի ցուցադրումը ընդամենը տեւել էր մեկ րոպե, ինքը նույնիսկ չի հիշում տեսաերիզում հնչած այն հատվածը, որը ասել էր Վոլֆսոնը. «Սիլվա Ասատրյանը խնդրել է վախեցնել Մելիքին»:

Երբ Ասատրյանին հարցրին, թե նախկին պատգամավորը իր դեմ հայցով մտե՞լ է դատարան, նա հաստատեց, ասելով, որ դատական նիստերին ինքը չի գնացել, գումարի բռնագանձման պահանջ նախկին պատգամավորը դրել է այն ժամանակ, երբ ձերբակալել էին իր որդուն՝ Վարուժան Գյուրջինյանին: Այսինքն՝ մահափորձից հետո:

Նկատենք, որ դատավարության 10 ամիսների ընթացքում «տուժող», նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը երկու անգամ է ներկայացել դատարան, այն էլ ցուցմունք տալու համար: Այս պահին նրա շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վլադիմիր Յավրումյանը: «Առավոտի» տեղեկություններով, նախկին պատգամավորը զբաղված է սպասվելիք խորհրդարանական ընտրությունների պատրաստություններով: Նրա ներկայացուցիչը հաջորդ դատական նիստին կհարցաքննի Ս. Ասատրյանին:

Երեկ նախագահող Սամվել Ուզունյանը պաշտպանական կողմին թույլատրեց դռնփակ նիստի «հետազոտված ապացույցների օգտագործումը»՝ նշելով, որ պետական գաղտնիք պարունակող լուրեր չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել