Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն էլ են առնետավազքով վարակվել

Փետրվար 12,2007 00:00

Նման կարծիք հայտնեց ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավարը

Երեկ «Հայելի» ակումբում թեժ բանավեճի էին բռնվել ՀՀՇ եւ ՀՀԿ երիտասարդական թեւերի ղեկավարները՝ Կարեն Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը: Քաղաքականացված երիտասարդները ներկայացրին արժեքային համակարգի մասին իրենց պատկերացումները: ՀՀՇ-ական Կ. Կարապետյանը փնովեց, իսկ ՀՀԿ-ական Կ. Ավագյանը գովաբանեց ներկայիս արժեքային համակարգը: Կ. Ավագյանի համոզմամբ, Հանրապետականը «ազգային պահպանողական կուսակցություն է եւ դարերից եկող բոլոր ավանդույթները պահպանում է՝ հավատարիմ մնալով Աստծուն եւ հայ եկեղեցուն»: ՀՀՇ-ական Կ. Կարապետյանը հակադարձեց. «Ինձ համար տարօրինակ է, որ իշխանության մեջ գտնվող կուսակցության ներկայացուցիչը նշում է, թե իրենց գաղափարախոսությունը հիմնված է Աստծու պատգամների վրա: Այնպիսի տպավորություն է, թե ձեր գաղափարախոսությունը հիմնված է կրոնական եւ աղանդավորական հենքի վրա, այլ ոչ թե մշակված կոնկրետ պետական քաղաքականության»: Կ. Կարապետյանի դիտարկմամբ՝ իշխանությունների ստեղծած անառողջ մթնոլորտում սերնդափոխություն հնարավոր չէ. «Իշխանությունները նպաստում են երիտասարդության այլասերմանը: Այն, ինչ տեղի է ունենում մեծ քաղաքականության մեջ, նույնն առկա է նաեւ երիտասարդության մեջ, այսինքն՝ երիտասարդները եւս զբաղված են առնետավազքով, փոխվում են ճամբարից ճամբար: Այդպես հնարավոր չէ արժեքային համակարգ ստեղծել»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հանրապետականից երիտասարդները հեռանում են այլ դաշտ, երիտասարդ հանրապետականը վստահորեն հայտարարեց, որ ՀՀԿ-ի հիմնադրման պահից ի վեր նման բան չի եղել: Նրա խոսքերով, իրենց միակ նպատակն է գալ իշխանության՝ «որպեսզի իրականացնենք մեր առջեւ դրված բոլոր ծրագրերը»: Կ. Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀՇ-ն չի՞ մասնակցելու փետրվարի 20-ին Ազատության հրապարակում «Այլընտրանքի» հրավիրած հավաքին, հատկապես, որ «Այլընտրանքի» գաղափարների մեծ մասը ՀՀՇ-ի սրտով է. «Առայժմ չգիտենք՝ կմասնակցե՞նք, թե՞ ոչ: Ես գուցե մասնակցեմ»,- ասաց նա: ՀՀՇ-ի երիտթեւի ղեկավարն անդրադառնալով 1998-ի նախագահական ընտրություններին, նկատեց. «Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, Ղարաբաղի հարցը օգտագործելով որպես իշխանազավթման միջոց, իշխանությունը զավթեցին»: Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե ՀՀՇ-ն էլ 1996-ին կեղծեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հաղթած ընտրությունները, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Մենք չենք զավթել Վ. Մանուկյանի իշխանությունը: Տեղի են ունեցել ընտրություններ, որի արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ նախագահ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել