Սահմանամերձ բնակավայրերում քանդված տների հաշվին բիզնես են անում
2001 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում Արցախյան պատերազմի ժամանակ ռմբակոծությունների հետեւանքով վնասված բնակարաններին պետական աջակցություն տրամադրել: Կառավարության որոշումն արդեն հինգ տարի է՝ ուժի մեջ է, սակայն սահմանամերձ բնակավայրերում հրետանակոծությունից տուժած դեռեւս բազմաթիվ տներ կան, եւ խնդիրն, ըստ էության, լուծված չէ: Այն համայնքներն էլ, որոնք պատերազմից հետո քիչ թե շատ ոտքի են կանգնել, հիմնականում՝ միջազգային կազմակերպությունների միջոցներով: Բացի այն, որ նույնիսկ զինադադարի պայմաններում գյուղացիները չեն կարողանում մշակել սահմանի բերանին գտնվող իրենց հողատարածքները, քանի որ ամեն վայրկյան նրանց կյանքին վտանգ է սպառնում, մարդկանց տները կիսափուլ են եւ բնակվելու համար անպիտան: Տարեցտարի այդ բնակարանների վթարայնությունն ավելի է մեծանում: Թերեւս այդ է պատճառը, որ այսօր հանրապետության սահմանամերձ գյուղերի մեծ մասը դատարկվել է: Այդ գյուղերում բնակիչներին մատների վրա կարելի է հաշվել:
Ռմբակոծություններից, կարելի է ասել, հանրապետությունում ամենաշատը տուժել է Տավուշի մարզը: Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների խոսքերով, փոխհատուցման հարցում էլ կառավարության աջակցությունն անարդարացի է բաշխվում, եւ ի վերջո շահում են նրանք, ովքեր ծանոթ-բարեկամ են մեջտեղ գցում կամ մարզային իշխանություններին «մաղարիչ» անում:
Վազաշենը մարզի սահմանամերձ գյուղերից է: Վազաշենի թոշակառու բնակիչ Գարուշ Աթաբեկյանի տունը 1992-ին ավերվել է եւ մինչ օրս Գ. Աթաբեկյանը պետությունից ոչ մի լումա օգնություն չի ստացել. «Գնդակոծությունից տանս մեծ մասն ամբողջովին ավերվել է, եւ որպեսզի կարողանանք մի կերպ յոլա գնալ, ստեղից-ընդեղից պարտք ենք արել, տանիքը փոքր-ինչ վերանորոգել, որ գոնե ձնից ու անձրեւներից պաշտպանվենք: Ես ու կինս թոշակառու մարդիկ ենք, մինչեւ հիմա չեմ կարողանում պարտքերս փակել: Քանի անգամ դիմել ենք գյուղապետարան, մարզպետարան, բայց անօգուտ: Ոչ մեկի չի հետաքրքրում մեր վիճակը: Ինչ անենք, ճար չունենք, ստիպված ձմռան երկու ամիսները տեղափոխվում ենք մայրաքաղաք»:
Այս գյուղում ռմբակոծությունից քանդված տասնյակ տներ կան, որոնցից միայն մի քանիսի հարցն է լուծվել: Այս առնչությամբ Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ կառավարության որոշման համաձայն՝ որպեսզի մարդիկ անօթեւան չմնան, առաջնահերթ լուծվել է ամբողջովին քանդված բնակարանների հարցը. «Իսկ այն բնակիչները, որոնք Երեւանում են բնակվում եւ գնդակոծվածը իրենց հայրական կամ պապական տունն է, որտեղ իրենք մշտապես չեն բնակվում, նրանց հարցը ծրագրի հաջորդ փուլերում է նախատեսված լուծել: Վազաշենում դեռեւս 26 տուն մասնակի վերանորոգման կարիք ունի»:
Մեր տեղեկություններով, մարզի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ, այլեւս որեւէ հույս չկապելով փոխհատուցման հետ, իրենց քանդված բնակարանները շատ էժան գներով՝ 400-500 դոլարով ստիպված վաճառում են ու գյուղից հեռանում: Պարզվում է՝ սահմանամերձ գոտում ռմբակոծությունից քանդված բնակարան գնելը խիստ եկամտաբեր բիզնես է. մեր աղբյուրների հավաստմամբ, դրանք գնում են այն մարդիկ, ովքեր մարզային իշխանությունների հետ «քիպ» են եւ հնարավորություն ունեն կառավարությունից հատկացվող փոխհատուցումը տեղը տեղին ու առանց ավելորդ քաշքշուկների ստանալ: Փոխմարզպետի տվյալներով, պետական աջակցության ծրագրի առաջին փուլով քանդված տների համար կառավարությունը 897 հազար դրամ է հատկացնում, որը մոտ 2500 դոլար է կազմում, եւ հաշվի առնելով, որ բնակարանները 400-500 դոլարով են գնել, փաստորեն գնորդները եռակի, քառակի կշահեն, իսկ տներն էլ չեն վերանորոգվի ու սահմանամերձ բնակավայրերն այդպես էլ դատարկ կմնան, հատկապես, որ գումարը հատկացնելու դեպքում նրանց առաջ պայման չի դրվում, թե պարտադիր պետք է տունը վերանորոգեն ու այդտեղ բնակվեն: