Լրահոս
Օրվա լրահոսը

Պոմպի միջոցով նոր բիզնե՞ս են անում

Փետրվար 12,2007 00:00

Արմավիր գյուղի ջրամատակարարումը ոչ մի ընկերություն չի ստանձնել

Արմավիրի մարզի Արմավիր գյուղն արդեն երրորդ շաբաթն է՝ խմելու ջուր չունի: Այս գյուղում անընդհատ ջրի հետ կապված խնդիրներ են լինում, որովհետեւ, ըստ բնակիչների, գյուղի ջրամատակարար պոմպերն արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Արմավիրցիների պատմելով՝ արդեն որերորդ անգամ է՝ պոմպի վերանորոգման համար մի քանի հազարական դրամ են գյուղացիներից հավաքում եւ հիմա էլ հերթական անգամ սկսվել է դրամահավաքը: Մեզ հետ զրուցած գյուղացիները բողոքում էին, որ եթե իրենք են իրենց հանապազօրյա հարցերը լուծելու, էլ ինչի է իրենց պետք գյուղապետարանը իր գյուղապետով եւ աշխատակազմով հանդերձ, ինչո՞ւ պետք է հարկեր տան, երբ գյուղապետարանը որեւէ հարցով իրենց չի օգնել: Գյուղացիները կարծում են, որ դիտավորյալ են իրենց գյուղի պոմպը կաթվածահար անում, հետո սարքում. «Դա փող հավաքելու ձեւ է, գիտեն, որ առանց ջրի կյանք չունենք, պարբերաբար դրամահավաք են կազմակերպում»: Ներկայումս արմավիրցիները լողանալու եւ կենցաղային օգտագործման համար ձյուն են հալեցնում, որ ջուր ունենան կամ հարեւան գյուղերից են դույլերով կրում:

Նկատենք, որ «Հայջրմուղկոյուղին» այդ գյուղը չի սպասարկում: Ներկայումս Արմավիրի ջրամատակարարման պարտավորությունը ստանձնած ոչ մի ընկերություն չկա: Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն էլ «Առավոտի» հետ զույցում հաստատեց, որ գյուղապետարանն իր միջոցներով է փորձում ջրի հետ կապված բոլոր հարցերը լուծել:

Արմավիրում լուրջ մտահոգության տեղիք է տալիս ջրի որակը. «Մենք, կարելի է ասել, ջուր ընդհանրապես չենք ունենում, որովհետեւ ծորակից ցեխաջուր է գալիս, պիտի մի օր ուժեղ համաճարակ սկսվի, բոլորս գնանք հիվանդանոց, որ կառավարությունը խելքի գա: Ամռանը պետք է տեսնեք՝ այստեղ ինչ է կատարվում: Ծորակը բացում ենք՝ բաժակի մեջ ցեխաջրում թաթախված խոտեր ու որդեր են լցվում: Հակահամաճարակային տեսչությունը անկախացումից ի վեր այստեղ ոտք չի դրել՝ ջրի որակը ստուգելու: Նախկին մարզպետի (Ալբերտ Հերոյանի մասին է խոսքը,- Ն. Բ.) պետքն էլ չէր, նոր մարզպետին էլ դեռ չենք ճանաչում, բայց հուսով ենք՝ գոնե մի քայլ կձեռնարկի»:

Գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանի ներկայացմամբ՝ ոչ ոք գյուղացու գրպանի հաշվին բիզնես չի անում. «Իսկապես, քանի շաբաթ է՝ Արմավիրում ջուր չկա: Պատճառն այս անգամ հոսանքի տատանումներն են եղել, որոնցից պոմպերը վառվել են: Մենք պոմպերից մեկը փոխել ենք, մյուսը շուտով կփոխենք: Մենք էլ ենք հասկանում, որ գյուղն անվճարունակ է, ուստի օրումեջ պոմպի համար փող չենք հավաքում, վերջին դրամահավաքը եղել է ջրի վարձի համար, ոչ թե պոմպի վերանորոգման: Ներկայումս գյուղացիների միայն 15 տոկոսն է ջրի վարձը տալիս»: Գյուղապետը ժխտեց, որ ջրի ծորակից որդ ու ավազ է գալիս, նա, համենայնդեպս, մաքուր ջուր է խմում եւ որդերի առայժմ չի հանդիպել:

Ռ. Մարգարյանը խոստացավ, որ երկուշաբթի արդեն Արմավիրի բնակիչները խմելու ջուր կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել