Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՆԱԳՐԻՊ ԿԱ՞, ԹԵ՞ «ՍԱՐՔՈՒՄ» ԵՆ

Փետրվար 12,2007 00:00

\"\"Թչնագրիպով ախտահարված երկրների թիվն օրեցօր ավելանում է, եւ Հայաստանում այդ հիվանդության տարածման վտանգը՝ օր օրի մեծանում:

Պակիստան, Ռուսաստան, Ադրբեջան, Կամբոջա, Թաիլանդ, Վիետնամ, Ադրբեջան, Թուրքիա. սրանք այն երկրներն են, որտեղ վերջին 1 ամսվա ընթացքում թռչնագրիպով հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել: Արդեն ահազանգում են, որ կան մահացության դեպքեր. օրինակ՝ Ադրբեջանում մահացել է 14-ամյա մի տղա՝ Ազդահար Ասկերովը եւ 37-ամյա մի կին՝ Զամինա Զեյնալովան:

Նկատենք, որ 2006-ը թռչնագրիպի տարի էր ու այդ համաճարակի անվան տակ տարբեր երկրներում միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ՝ միլիոնների հասնող փողեր ծախսվեցին: Կարծիքներ կան, որ թռչնագրիպն իրականում այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացրել, ինչպես պնդում են այդ երկրները: Սա, ըստ վարկածներից մեկի, «փող պոկելու» հերթական տարբերակներից է. ուզում են 2007-ն էլ հռչակել թռչնագրիպի դեմ պայքարի տարի ու այդ ձեւակերպման տակ նորից ֆինանսավորում ստանալ: Ադրբեջանում հայտարարված այդ երկու մահվան դեպքն իրականում թռչնագրիպից չի եղել, ինչպես միջազգային կառույցներին ներկայացրել էր Ադրբեջանի առողջապահության նախարարությունը: Երկու հիվանդներն էլ՝ թե՛ Ասկերովը եւ թե՛ Զեյնալովան, ինչպես հետո են պարզել բժիշկները, մահացել են սուր թոքաբորբից: Ադրբեջանն այս դեպքում արդարացել է, որ, օրինակ, Ասկերովի բարեկամներից մեկն անցյալ տարի, երբ թռչնագրիպը գլուխ էր բարձրացրել իրենց երկրում, մահացել էր հենց թռչնագրիպից, ուստի իրենք մտածել են, որ Ասկերովը, շատ հավանական է, բարեկամից վարակված լիներ:

Կոնկրետ Հայաստանը դեռ թռչնագրիպի տարածման առումով վտանգավոր գոտի չէ: Մասնագետները հավաստիացնում են, որ սպառնալիքը կմեծանա գարնանը, երբ մեր երկիր չու կսկսվի: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը միջազգային կառույցներից «փող չի պոկում»: Մեր երկիրն էլ դոնորներին դիմում է, որ միջոցներ ձեռնարկեն՝ վտանգը կասեցնելու համար:

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ այլ «վտանգավոր» երկրներից թռչնամիս եւ ձու չի թույլատրվում ներկրել Հայաստան: Սակայն նկատենք, որ նույն թուրքական մայոնեզները, որոնց բաղադրության մեջ ձու կա, առանց որեւէ արգելքի շարունակվում է ներկրվել: «Առավոտի» հետ զրույցում մեր հանրապետության գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղիյանն ասաց, որ, իսկապես, վտանգ կա, որ հարեւան երկրներից թռչնագրիպը թափանցի մեր երկիր. «H5N1 վիրուսը, որը կարող է վարակել ջրից, օդից, շփումից եւ այլն, շատ հանգիստ կարող է նաեւ մեզ հասնել»: Սակայն, ըստ նրա, խուճապի մեջ ընկնել պետք չէ, որովհետեւ մենք «լավ պատրաստված ենք». Էրեբունի 12 հասցեում թռչնագրիպի եւ այլ վիրուսների դեմ լաբորատոր կենտրոն է գործում, եւ միջազգային կառույցների հովանավորությամբ՝ այդ կենտրոնին տրամադրվել են ժամանակակից սարքավորումներ, ախտահանիչ նյութեր: Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի թռչնագրիպի «բումի» ժամանակ Համաշխարհային բանկը 6 մլն դոլար էր տրամադրել մեր երկրին՝ համաճարակի դեմ պայքարելու համար: Ուստի թռչնագրիպի դեմ պայքարի համար այդ սարքավորումները պետք է որ ձեռք բերած լինեին դեռ 2006-ին: Սակայն գլխավոր անասնաբույժի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի միջոցները դեռ Հայաստան չեն հասել, դրանք մեր երկրին կփոխանցվեն այս տարի:

ՀԲ-ի գումարներով կառավարությունը նախատեսում է Հայաստանի բոլոր մարզերում ախտորոշիչ կենտրոններ հիմնել: Պարոն Բաղիյանն ասաց, որ այդ մարզային կենտրոններն էլ մայրաքաղաքի լաբորատորիայի պես կհագեցվեն ոչ միայն այդ սարքավորումներով, այլեւ կտրամադրվեն համապատասխան հագուստներ, լաբորատոր մեքենաներ՝ դաշտային պայմաններում ստուգումներ կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել