Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՏԵՂՈՒՄ

Փետրվար 12,2007 00:00

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերին:

Հիշեցնենք, որ վերջինս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր. «Նախապես ծրագրված հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է կայանար փետրվարի 6-ի առավոտյան, սակայն ինձ հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ»: Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք ժամանակին, նախապես էինք տեղյակ պահել պրն Լենմարկերին, որ նախագահն արձակուրդի մեջ է լինելու: Այնպես որ, այստեղ չկա որեւէ միտում կամ չար կամք»: Նշենք, որ նրա բացատրությունը փոքր-ինչ հակասում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումներին, ըստ որի՝ «Նախագահ Քոչարյանի օրակարգում նման հանդիպում նախատեսված չի եղել»: Մինչդեռ պրն Հովհաննիսյանն ասաց. «Նախնական պայմանավորվածություն եղել է, երբ մենք դեկտեմբերին տեղեկացանք Լենմարկերի այցի մասին: Այն ժամանակ նախագահի ծրագրերում հավանաբար դեռ ֆիքսված չէին իր արձակուրդի ժամկետները: Բայց հենց մենք այդ մասին իմացանք՝ տեղյակ ենք պահել պրն Լենմարկերին: Ի դեպ, պրն Լենմարկերն առնվազն 2 անգամ հանդիպել է մեր նախագահին: Նրանք բավականին ջերմ զրույցներ են ունեցել, միմյանց տեսակետները կիսել ու շատ լավ հասկացել են իրար՝ ես դա կարող եմ վկայել, քանի որ ներկա եմ եղել: Այսինքն՝ Լենմարկերին այս անգամ չընդունելու խնդիրն այդքան սուր չէ»: Մեր դիտարկմանը, թե այս հանդիպումը գուցե թե առավել կարեւոր էր, քանի որ Լենմարկերի գլխավորած պատվիրակության կազմում էր Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալ տիկին Թոնե Թինգսգարդը՝ Վահան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Նրա նշանակման մասին մենք այստե՛ղ տեղեկացանք, եւ անմիջապես կազմակերպեցինք նրա հանդիպումը, (որն, ի դեպ, նախատեսված չէր) ԿԸՀ նախագահի հետ: Լենմարկերն այստեղ կայացրեց այդ որոշումը, եւ մեզ հայտարարեց Թինգսգարդի նշանակման մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել